Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Մայիս 24,2007 00:00

Շարունակում է պնդել ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը

– Ընդդիմությունը թեպետ չմիավորվեց նախընտրական շրջանում, սակայն ընտրություններից հետո բավականին ակտիվ հանրահավաքներ եւ նստացույցեր է կազմակերպում, արդյոք այս ամենը կարո՞ղ է լուրջ ալիք բարձրացնել:

– Չեմ կարծում, որովհետեւ արդեն միայն ընդդեմ գործելու քաղաքականությունը իրեն սպառել է, այսինքն՝ այդ գործողությունների հիմքում, այնուամենայնիվ, պետք է լինեն գաղափարներ, մոտեցումներ, ծրագրեր:

– Խորհրդարանական ընտրությունների այսպիսի պատկերից հետո գրեթե բոլորն են մտածում, որ կանխորոշվեց նախագահական ընտրությունների ելքը, շատերն են մտածում, որ Սերժ Սարգսյանը այլընտրանք չի ունենալու: Սակայն արդեն իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են իրենց մտադրությունների մասին՝ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Դուք հավատո՞ւմ եք, որ կլինի ընդդիմության միասնական մեկ թեկնածու նախագահական ընտրությունների ժամանակ:

– Խնդիրն այն է, որ այս ընտրությունները տարբերվում էին բոլոր նախորդ ընտրություններից նրանով, որ այս ընտրություններով որոշվեց իշխանության կենտրոնի խնդիրը։ Հանրապետականը, ունենալով մեծամասնություն, արդեն վերցրել է իշխանությունը, անկախ նրանից, թե ով կընտրվի հանրապետության նախագահ: Որովհետեւ գործում է տիպիկ կիսանախագահական համակարգի տրամաբանությունը: Եթե նախագահը լինի նույն կուսակցության ներկայացուցիչ, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա. նա կլինի այդ իշխանության իրական մարմնավորողը: Իսկ եթե ընտրվի մեկ այլ քաղաքական գործիչ, որը չի ներկայացնում այսօրվա մեծամասնությունը, ի՞նչ է անելու Ազգային ժողովը: Շատ տրամաբանական քայլեր. այսպես, քայլ առաջին՝ կառավարության ներկայացմամբ հաստատելու է կառավարության կառուցվածքը, այդ կառուցվածքում ընդգրկվելու է ոստիկանությունը, ԱԱ-ն, այն մարմինները, որոնք այս կամ այն աստիճանով կախված են նախագահից, եւ այդ բոլորը հայտնվելու են կառավարության տակ, իսկ նախագահի ձեռքում ոչ մի լծակ չի մնա: Իսկ եթե մենք հաշվի առնենք, որ, ելնելով արդեն փոխված Սահմանադրությունից, նույնիսկ արտաքին հարաբերությունները նախագահը իրականացնում է կառավարության հետ համատեղ, ապա ակնհայտ է, որ ինչպես ցանկացած դասական կիսանախագահական երկրում՝ եթե խորհրդարանում կա մեծամասնություն, որը նախագահինը չի, ապա նախագահը դառնում է ընդամենը դիտորդ:

– Մամուլում տեղեկություններ կային , որ ձեզ առաջարկել են դեսպանի աշխատանք, թեպետ դուք հավակնում եք դառնալ ԱԳ փոխնախարար: Կաշխատե՞ք այս իշխանությունների հետ:

– Նախ, իմ հավակնությունները շատ ավելի մեծ են, քան որեւէ պաշտոն. իմ եւ մեր կուսակցության հավակնությունն այն է, որ մենք վերջապես կարողանանք իրականացնել մեր ծրագրերը: Առաջին անգամ մենք ինքնուրույն հանդես եկանք խորհրդարանական ընտրություններում եւ ցավոք, հաջողության չհասանք: Գիտակցում էինք, որ դա շատ դժվար խնդիր է, մենք փորձում էինք հասնել հաջողության, չստացվեց՝ մի քանի պատճառներով: Այն բոլոր կոպիտ սխալները, որ գործեց խորհրդարանական ընդդիմությունը, վերագրվեց նաեւ մեզ. լինելով թիմի անդամ՝ մենք չէինք կարող բարձրաձայնել դրա մասին, եւ մեր կեցվածքը ժողովրդի համար մնաց անորոշ: Նորից եմ կրկնում՝ մեր հավակնությունները շատ ավելի մեծ են, եւ մենք որպես կուսակցություն՝ չենք ստեղծվել մեկ ընտրության համար, գործելու ենք: Ավելին, գուցե անհամեստ թվա, բայց մենք շատ լավ գիտենք տարբեր կուսակցությունների ծրագրերը, այդ թվում եւ խորհրդարան անցածների ծրագրերը, եւ գտնում ենք, որ մեր ծրագիրը եւ դրանից բխող մեր օրենսդրական նախաձեռնությունները դեռեւս լուրջ այլընտրանք չունեն:

– Ավելի կոնկրետ՝ եթե ձեզ պաշտոն առաջարկվի, կընդունե՞ք:

– Կրկնում եմ՝ մեր հավակնությունները շատ ավելի մեծ են, քան որեւէ պաշտոն:

– Ընտրություններին տրված միջազգային դիտորդների գնահատականները շատ տարօրինակ բարձր էին, հիացական: Այդքան հիացմունքի արժանի՞ էին մեր ընտրությունները:

– Մենք պետք է կարողանանք ամեն ինչ դիտարկել կողքի աչքով: Չե՞ք հիշում ինչ էր կատարվում 2003-ի նախագահական եւ ԱԺ ընտրություններում՝ ծեծուջարդ, վարչական լծակներ, վստահված անձանց դուրս շպրտել, հանձնաժողովների անդամներին դուրս հանել տեղամասերից, լցոնումներ, ընդ որում՝ բացահայտ լցոնումներ, փշալարեր եւ այլն, այդ բոլորը մեր աչքի առաջ են եղել: Հիմա դրսի աչքերով նայեք. ակնհայտ չէ՞, որ սա քայլ առաջ է դրսի մարդու աչքերով: Իսկ այն, ինչ չերեւաց, բացահայտելուն կոչված էր ընդդիմությունը: Այսինքն՝ իշխանությունները ամեն ինչ անելու էին, որ ընտրությունները արտաքուստ լինեն լրիվ նորմալ, եւ այդպես էլ եղավ, թե ի՞նչ եղավ տակից՝ դա պետք է բացահայտեր ընդդիմությունը, որը այդքան կարողություն եւ համախմբվածություն չունեցավ: Այդ «տակիցը» վերաբերում է նաեւ ընտրողների ուռճացված ցուցակներին: Չի կարող Հայաստանում լինել մոտ 2.300.000 ընտրող, նույնիսկ մարդահամարի տվյալներով: Հաջորդը՝ ակնհայտ է, որ մասնակցությունը եւս ուռճացվել է՝ շնորհիվ այն իրողության, որ ընտրող խմբերը մի տեղամասից գնացել են մյուս տեղամաս, եւ այդպես մեկ անձը կարող էր մինչեւ 30 տեղամաս մտնել եւ ընտրել: Այդ բոլորը կար, բայց պետք էր ապացուցել, ցույց տալ, եւ դա պետք է աներ ընդդիմությունը: Մի՞թե ընդդիմությանը թվում էր, որ միջազգային դիտորդները այստեղ պետք է մի հատ էլ լրտեսական ցանց կազմեին: Այնպես որ, եվրոպական դիտորդների գնահատականները շատ նորմալ են եւ այդպես էլ պետք է լիներ: Ո՞ւմ համար պարզ չէր, որ իշխանությունը ամեն ինչ անելու էր, որ արտաքուստ որեւէ խոցելի տեղ չթողնեն, մյուս կողմից՝ կեղծում էին: Եվ սա տեղի ունեցավ այն պատճառով, որ ընդդիմությունը չունեցավ բավարար կամք ընտրությունները վերահսկելու: Նույնիսկ այսօր նրանք, ովքեր խոսում են, որ դիմելու են դատարան եւ այլն, փաստեր չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել