Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻ 26-Ը՝ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Մայիս 24,2007 00:00

\"\"Այդպես են գնահատում ընդդիմադիրներից ոմանք ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործընթացը

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ «ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների  հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից  հետո՝ յոթերորդ օրը»։ Ասել է թե՝ մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դրանց մասնակցած կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուները ՍԴ պետք է դիմեն մայիսի 26-ին: Հենց դա էլ պատրաստվում են անել ընդդիմադիր մի քանի քաղաքական ուժեր՝ ի դեմս «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ», ինչպես նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունների: Նրանք բոլորը ՍԴ են դիմելու առանձին-առանձին, բայց համագործակցելով միմյանց հետ եւ միեւնույն պահանջով՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Երեկ «Իմպիչմենտ» դաշինքից փոխանցեցին, որ ՍԴ դիմելու եւ ընտրություններն անվավեր ճանաչելու համար դաշինքը ձեռքի տակ առավել քան բավարար հիմքեր ունի՝ ներառյալ նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրված օրինախախտումների, քարոզարշավի ընթացքում թեկնածուների՝ քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային դաշտ չապահովելը, նաեւ առանձին կուսակցությունների կողմից ֆինանսական ու ադմինիստրատիվ լծակների անօրինական կիրառման փաստերը, որոնք ամփոփված են շուրջ 100 էջի սահմաններում: «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի ասելով, դաշինքն ընտրություններին քաղաքական գնահատական արդեն տվել է եւ հիմա այդ ընտրությունների արդյունքները վիճարկելու է իրավական դաշտում: Ընդ որում, «Իմպիչմենտի» մեկ այլ ներկայացուցիչ մեզ ասաց, թե դաշինքը մտադիր է հընթացս վիճարկել նաեւ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի»՝ ընտրություններին մասնակցելու օրինականությունը, նկատի ունենալով այն, որ վերջիններս դեռ քարոզարշավի ընթացքում թույլ են տվել այնպիսի օրինախախտումներ, որոնք լիովին կարող էին հիմք հանդիսանալ այդ կուսակցությունների՝ որպես թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու եւ մրցապայքարից դուրս թողնելու համար: Այսուհանդերձ, «Իմպիչմենտում» ՍԴ-ի անաչառության հետ առանձնակի մեծ հույսեր չեն կապում, բայց ուզում են օգտագործել նաեւ այդ հնարավորությունը՝ հետընտրական գործընթացները շարունակելու իմաստով:

ՕԵԿ-ը եւս մտադիր է դիմել ՍԴ նույն՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, թեեւ երեկ ՕԵԿ-ի երկու թեկնածուները՝ Շենգավիթի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված Հեղինե Բիշարյանն ու Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում առաջադրված Հովհաննես Մարգարյանն արդեն դիմել են ՍԴ՝ հիշյալ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու համար:

Տեղեկություններ կային նաեւ, որ մայիսի 26-ին ՍԴ է դիմելու նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, բայց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ զրույցից պարզեցինք, որ ՍԴ դիմելու է ոչ թե «Հանրապետությունը», այլ ինքը՝ որպես պատգամավորության թեկնածու, եւ «Գերագույն խորհուրդ. պատգամավորական խումբ» հ/կ-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանը: Եթե կուսակցությունը որոշի ՍԴ դիմել հատկապես այս տարբերակով, ապա պետք է կանխատեսել, որ դիմումը ՍԴ-ն վարույթ չի ընդունի՝ վկայակոչելով «ՍԴ մասին» օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ «Պատգամավորների ընտրությունների (համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորության թեկնածուները՝ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով, ինչպես նաեւ կուսակցությունները  կամ կուսակցությունների դաշինքները՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով»: Ընդ որում, Ա. Զեյնալյանն եւ Ռ. Թորոսյանը մտադիր են բացի ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուց, ՍԴ-ից պահանջել նշանակել նոր քվեարկություն՝ մասնակիցների նույն կազմով: Հիշեցնենք, որ «ՍԴ մասին» օրենքի հոդ. 74-ի 14-րդ կետով՝ ՍԴ-ն նման որոշում կայացնելու իրավասություն չունի:

ՀԺԿ-ն եւ «Ժառանգությունը», ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, ՍԴ չեն դիմելու: Այս կուսակցությունների մամուլի խոսնակների ասելով, իրենց ձեռքի տակ եղած օրինախախտման փաստերն իրենց ամբողջության մեջ բավարար իրավական հիմք չեն կարող լինել ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, ուստի իրենք ՍԴ առանձին չեն դիմում, բայց ձեռքի տակ եղած ընտրակեղծիքների եւ այլ օրինախախտումների փաստերը տրամադրելու են ընդդիմադիր մյուս կուսակցություններին, իսկ այդ դեպքում դրանք արդեն ծանրակշիռ դեր կարող են ունենալ: «Նոր ժամանակները» ՍԴ է դիմելու այլ ուժերի՝ ՀԺԿ-ի, «ԳԽ պատգամավորական խումբ» հ/կ-ի, «Իմպիչմենտի» հետ համագործակցելով: ՆԺԿ-ի ներկայացուցիչները ՍԴ-ում լինելու են Հրաչյա Սարգսյանը, Ռուբեն Թորոսյանն ու ՌԴ քաղաքացի, իրավաբան Հարություն Բաղդասարյանը: Հ. Սարգսյանի ասելով, ՍԴ դիմելու գործընթացը լինելու է «լայնածավալ եւ տեւական գործունեության սկիզբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել