Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ԿՐԾՔԱՆՇԱՆ՝ ՀԱՅԱՄԵՏ ԴԻՐԻԺՈՐԻՆ

Մայիս 23,2007 00:00

\"\"Ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն Հայաստանում արժանացել է սիմվոլիկ ուշադրության, իսկ Վրաստանում կոչումներ ստացել միայն 60 տարեկանից հետո:

Սովորույթի համաձայն, վրաց ճանաչված դիրիժոր Վադիմ Շուբլաձեն հերթական նշանակալի իրադարձությունը՝ իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը, կնշի Հայաստանում: «Ա. Խաչատրյան» համերգասրահում մայիսի 25-ին այդ առիթով կկայանա համերգ:

«Առավոտը» անդրադարձել է նաեւ Վ. Շուբլաձեի ծննդյան 70-ամյակի առիթով Հայաստանում կազմակերպված երեկոյին ու տեղեկացրել, որ հայկական օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանի առաջին ամուսնու՝ Շուբլաձեի դիրիժորական կյանքը սկսվել է Հայաստանում: Շուբլաձեն 1967-77 թթ. հանդիսացել է հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, մինչ օրս պրոպագանդում է հայ կոմպոզիտորների երկերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Այս անգամ կայանալիք համերգում, որտեղ վրաց դիրիժորը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ծրագրում ընդգրկված չեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (կհնչեն Վագների, Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործություններից, որպես մենակատար հանդես կգա ֆրանսաբնակ դաշնակահար Ժերար Գասպարյանը): «Ոչ հայկական» ծրագրի վերաբերյալ մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ Վ. Շուբլաձեն ասաց. «Շուրջ քառասուն տարի նախկին Խորհրդային Միության երկրներում եւ արտերկրում իմ ղեկավարած համերգներում մշտապես տեղ են գտել բարեկամներիս՝ Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Վլադիլեն Բալյանի եւ այլոց ստեղծագործությունները, էլ չեմ նշում հայ դասական կոմպոզիտորների անունները: Ժամանակին Մեծ թատրոնի, Ռուսաստանի մեծ սիմֆոնիկ եւ ժողգործիքների նվագախմբերի հետ ձայնագրել եմ 104 հայ հեղինակների երկեր: Այս անգամ էլ ստացվեց այսպես»:

Ճի՞շտ են այն լուրերը, որ Շուբլաձեն ժամանակին տուժել է իր հայամետությունից եւ միայն 60 տարին լրանալուց հետո է Վրաստանում արժանացել կոչումների: Մեր զրուցակիցը չհերքեց վերը ասվածը, հավելելով, որ իր առաջին բեմելը, որպես դիրիժոր, կայացել է Հայաստանում, հենց Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Դա իմ դիպլոմային աշխատանքն էր: Պատկերացնո՞ւմ եք, պետական քննությունս գնահատելու համար Հայաստան էին եկել Վրաստանի կոնսերվատորիայի անվանի պրոֆեսորները: Այսօր այլեւս կոչումների ու տիտղոսների պակաս չունեմ, դրանք սկսվում են վաստակավոր արտիստի պատվավոր կոչումից՝ ավարտվում ակադեմիկոսով»: Դիրիժորը հիշեց, որ Խորհրդային Հայաստանում էլ են իր ստեղծագործական աշխատանքը գնահատել՝ շնորհելով «Աշխատանքային արիության համար» կրծքանշան: Հարցին էլ՝ արվեստագետը անկախ Հայաստանի կառավարությունից սպասո՞ւմ է որեւէ ուշադրություն, Վ. Շուբլաձեն պատասխանեց, որ հայաստանյան իր գործունեության ընթացքում՝ 1972թ., իրեն ներկայացրել էին վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու պատվին. «Բայց ինձ այդ կոչմանն արժանացնելու փաստը այն ժամանակ համարելով վաղ, խնդրեցի հետաձգել, ասելով, որ դեռ ողջ ստեղծագործական կյանքս առջեւում է»:

Տեղեկանալով, որ Վ. Շուբլաձեն միշտ կապ է պահպանել 80-ականների վերջերից ԱՄՆ-ում բնակվող ճանաչված երգչուհի Էլվիրա Ուզունյանի հետ, խնդրեցինք լուրեր նրա մասին: Դիրիժորը հայտնեց, որ երգչուհին իրենց դստեր հետ մայիսի վերջերին, տարիների ընդմիջումից հետո, կժամանի Հայաստան. «Այնժամ կարող եք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ հենց Էլվիրայից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել