Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիս՝ վայիս» ասացվածքը ժամանակավրեպ է

Մայիս 23,2007 00:00

\"\"Եկեղեցու սպասավորն ու ազգագրագետը հավատացնում են, որ մայիս ամսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը:

Մայիսին հարսանիքներ համարյա չեն լինում: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը համաձայն չէ տարածված մտայնությանը: Նրա տեղեկացմամբ, մայիսին հարսանիք չանելը հայկական միջավայրին բնորոշ չի եղել. «Այն ավելի շուտ «ներմուծվել» է ռուսական միջավայրից: Իսկ, ընդհանրապես, հնում բոլոր ժողովուրդները հարսանիքների համար հարմար են համարել աշնան եւ ձմռան ամիսները, որովհետեւ գարնանն ու ամռանը մարդիկ զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Խորհրդային տարիներին էլ հարսանիքներ էին անում միայն մայիսի 1-ին եւ 2-ին»: Տիկ. Ստեփանյանը նշեց մայիսին չամուսնանալու երկրորդ պատճառը եւս. «Ամուսնությունից ակնկալվում է պտղաբերություն, մինչդեռ մայիսին բերք ու բարիքը վերջանում է: Դրա համար այդ ամսվա մեջ անպտղության խորհուրդ են տեսել: Մարդիկ էլ հավատացել են, որ մայիսին ամուսնացող աղջիկը կարող էր երեխա չունենալ: Ծիսամոգական պատկերացումները էապես ազդել են մարդկանց գիտակցության վրա»:

Փորձեցինք իմանալ, թե ինչ կարծիքի են այս մասին հայ աղջիկները: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ամալյան համոզված է, որ եթե մի բան շատ են ասում, լինի՝ լավ կամ վատ, անպայման կատարվում է: Նա իրեն սնոտիապաշտ չի համարում, բայց ասում է, որ ոչ մի դեպքում չի համարձակվի ամուսնանալ մայիսին:

Մասնագիտությամբ բուժքույր Օգսաննան օրինակ է բերում իր տատիկին ու պապիկին, ովքեր ամուսնացել են մայիսին, երեխաներ են ունեցել, ապրել են երկար ու երջանիկ: Նա եւս դեմ չէ հետեւել նրանց օրինակին:

Ամուսնանալ պատրաստվող տնտեսագետ Գոհարը հետաձգել է իր հարսանիքը: Նրա կարծիքով, ամեն ինչի բացատրությունը պետք է փնտրել ժողովրդական ասացվածքներում՝ «Մայիս՝ վայիս…»: Հարցին այլ տեսանկյունից է նայում ուսանողուհի Աննան. «Մայիսին կամուսնանամ հենց նրա համար, որ ուշադրություն գրավեմ»: Գրադարանավարուհի Լիլիթը բոլոր աղջիկներին խորհուրդ է տալիս մի քիչ համբերել, ոչ մի դեպքում չխախտել «ավանդույթը»: Նույն կարծիքին է նաեւ ուսուցչուհի Հասմիկը. «Եթե ասում են մայիսին չարժե ամուսնանալ, ուրեմն մի բան կա՝ ինչո՞ւ խախտել չգրված օրենքը»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր Դավիթ սարկավագ Չէթինգայանը մեզ տեղեկացրեց, որ եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալ. «Ուղղակի մայիսին ամուսնանալու վախը խորը արմատավորված է ժողովրդի մեջ: 70-տարուց ավելի այս նախապաշարմունքին կուրորեն հետեւում էին մեր հայրենակիցները: Չնայած վերջին տարիներին մայիս ամսին ավելի շատ հարսանիքներ են կատարվում, քան նախկինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել