Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ

Մայիս 23,2007 00:00

\"\"«Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանին, վարչական իրավախախտման համար, 500000 դրամի տուգանքի են ենթարկել:

«Հայկանդուխտի» տուգանքը նշանակել է Սպանդարյանի հարկային տեսչության պետ Շալիկո Սարգսյանը:

Երեկ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հաստատեց «Առավոտի» այդ տեղեկությունը եւ ասաց, որ «Հարկայինի որոշումը քաղաքական ենթատեքստ ունի, այն անհիմն է»:

1994-ից գրանցված կուսակցության նախագահ Ա. Ղազարյանի գնահատմամբ, ընտրություններից առաջ վարչական իրավախախտման մասին որոշում ընդունելով՝ հարկայինի ձեռամբ նպատակ դրվեց «Հայկանդուխտին» մեկուսացնելու, քաղաքական դաշտը մաքրելու»: Նրա տեղեկացմամբ, կատարվածը վերաբերում է եւս 20 կուսակցությունների:

«Ինչո՞ւ հանկարծ հիշեցին ձեզ՝ ընտրություններից առաջ, երբ հայտնի է, որ կուսակցությունը ավանդների վերադարձման խնդրով էլ չի զբաղվում, քաղաքականապես էլ ակտիվ գործունեություն չի ծավալում» «Առավոտի» հարցին Ա. Ղազարյանը պատասխանեց. «10 ամիս հետո հիշեցին ինձ, որովհետեւ զգացին ուժս: Բացատրությունը մեկն է. օլիգարխ չեմ, գերհզոր չեմ, թիկունքիս բանակ չունեմ: Կա ժողովուրդ, որը, ի հեճուկս իշխանությունների, ինձ հավատում է: Եվ եթե իշխանությունները փորձում են բերանս փակել՝ չեն կարող: Քանի որ մաքուր եմ, հայ կին եմ, ավանդապաշտ եմ: Վագրի նման կպաշտպանեմ ինքնասիրությունս ու իմ ժողովրդին»: Իրավախախտումը, որի համար կուսակցությունից ու նրա կին առաջնորդից տուգանք են հայցում, վերաբերում է 2005թ. կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունը արդարադատության նախարարություն չներկայացնելուն: Ըստ արդարադատության նախարարության ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգի, յուրաքանչյուր տարվա մարտի 25-ից ոչ ուշ հաշվետվությունը պետք է ներկայացնել արդարադատության նախարարություն:

Ա. Ղազարյանը այս տարվա հունվարի 12-ին ստացել է հարկայինի ծանուցագիրը, տեղեկացել է, թե ինչու են իրեն մեղադրում: «Նախարարի հրամանը օրենք չէ, գերատեսչական նորմատիվ ակտ է, ստորադաս է ԱԺ կողմից ընդունված կուսակցությունների մասին օրենքին»,- ասում է կուսակցության ղեկավարը:

«Նույն օրը ներկայացա արդարադատության նախարարության պետռեգիստր՝ նշված հաշվետվությամբ: Իսկ հունվարի 15-ին էլ ներկայացրի նաեւ իմ առարկությունները տարածքային հարկային պետին՝ Շալիկո Սարգսյանին»,- ասում է տիկ. Ղազարյանը: Ապրիլի վերջին էլ «Հայկանդուխտը» ստացել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից ծանուցագիր՝ դատական նիստի մասին: Հայցվորը հարկայինն է:

«Գրավոր ներկայացրի իմ առարկությունները, որը հասցեագրել էի ինչպես տարածքայինի պետին, այնպես էլ հարկայինի պետ Ֆելիքս Ցոլակյանին»,- նշում է Ա. Ղազարյանը: 20 օրից ավելի պատասխան չկա:

Մայիսի 8-ին հետաձգվել է անդրանիկ դատական նիստը՝ կուսակցության ղեկավարի առողջական վիճակի հետ կապված: «Հարկայինի պետը թույլ է տվել վարչական իրավախախտումների եւ վարչական վարույթի վերաբերյալ բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ որոշում կայացնելիս չի ապահովել իմ ներկայությունը»,- հավելում է Ա. Ղազարյանը:

«Ինչու չի գործում ձեր կուսակցությունը» հարցին էլ տիկ. Ղազարյանն ասաց, որ ֆինանսներ չունի, այդ պատճառով էլ զրոյական հաշվետվություն է ներկայացրել. «Փող չունենք, ուժ ունենք: Կան կուսակցություններ էլ, որ փող ունեն, ուժ չունեն»: Նա կոչ արեց իր կարգավիճակում հայտնված մյուս կուսակցություններին՝ դիմել «Հայկանդուխտին», ակնարկելով. «Առջեւում նախագահական ընտրություններն են, մտադիր եմ ուժերս փորձել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել