Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնն ուզում են բեռնաթափել

Մայիս 23,2007 00:00

Գլխավոր ճարտարապետը հավաստիացնում է, որ այդ ծրագրի արդյունքում վտարված քաղաքացիները փոխհատուցումից գոհ կմնան:

Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի գոտեւորման նախագծի շրջանակներում նախատեսվում է բեռնաթափել Երեւանի ներկայիս կենտրոնը: Նման առաջարկ է ներկայացվել Երեւանի քաղաքաշինության խորհրդի վերջին նիստերից մեկում եւ այն այժմ ակտիվ քննարկումների փուլում է: Երեւանի գործարարական, հասարակական, մշակութային նոր կենտրոնը նախատեսվում է կառուցել Պասկեւիչի բլրին հարող տարածքում՝ Հրազդան գետի կիրճի գոտում, ներառելով մոտ 157,2 հա տարածք: «Քաղաքի կենտրոնական մասը սպառել է Երեւանի մայրաքաղաքային գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տարածքային ռեզերվները: Տվյալ գոտեւորման եւ կառուցապատման նախագծի իրականացումը ոչ միայն կնպաստի դրանց իրականացմանը, այլ նաեւ կբեռնաթափի քաղաքի կենտրոնական տարածքները»,- «Առավոտի» հետ զրույցում այսկերպ հիմնավորեց նոր կենտրոնի կառուցումը Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Մշակվող ծրագրով նախատեսվում է կառուցել նոր զբոսայգիներ, պուրակներ, ինչպես նաեւ պահպանել տարածքում ընդգրկված եւ 3000 տարվա պատմություն ունեցող Դալմայի այգիները: Նախատեսվում է նաեւ առանձին բնակելի թաղամասի կառուցում՝ դիվանագետների համար, միջազգային մշակութային կենտրոն՝ հանդիսատեսային դահլիճներով, թանգարանային եւ ցուցասրահային տարածքներով, բանկեր, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, զվարճանքի եւ հանգստի վայրեր: Իսկ Ծովակալ Իսակովի պողոտայում նախատեսվող նոր տրանսպորտային հանգույցը, ըստ մեր զրուցակցի, կհանդիսանա որպես մայրաքաղաքի, այսպես կոչված, հանդիսավոր մուտք՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոնական մաս:

Սակայն նշված տարածքն արդեն իսկ որոշակիորեն կառուցապատված է, կան նաեւ բնակելի տներ, մասնավորապես՝ Նորագյուղ թաղամասը: Մեր հարցին՝ արդյոք «պետության կարիքների զոհերի» եւս մի ալիք չի՞ ստեղծվի այդ նոր նախագծի արդյունքում՝ պարոն Դանիելյանը պատասխանեց. «Ծրագրի իրականացման շրջանում բնակիչների փոխհատուցման ձեւերը եւ սկզբունքները ներկայումս բավականին լայն են: Եթե նախկին ծրագրերի ժամանակ հիմնականում ֆինանսական փոխհատուցման սկզբունքն էր գործում, այժմ դրան կգումարվի նաեւ բնակարաններ գնելու եւ փոխհատուցելու, եթե նույն վայրում բնակշինարարություն կա՝ այդտեղից բնակտարածքով ապահովելու տարբերակները: Կառուցապատողների եւ բնակիչների փոխհամաձայնությամբ, կարող են այնպիսի տարբերակներ ընտրվել, որ ընդունելի լինի երկու կողմերի համար էլ»:

Անդրադառնալով նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում իրենց բնակարաններից վտարված քաղաքացիների դժգոհություններին՝ Երեւանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ անհամեմատ ավելի մեծ է մարդկանց տոկոսը, ովքեր իրենց խնդիրները լուծված են համարում եւ բավարարված են այդ լուծումներով. «Դժգոհների 1-2 տոկոսն այդ հսկայական քանակության մեջ, կարծում եմ, որակ չի ստեղծում: Այն մարդիկ, ովքեր դժգոհ չեն՝ ելույթ չեն ունենում, ցույցերի դուրս չեն գալիս: Դա, միգուցե, մեր թերացումն էլ է, որ նրանց մասնակից չենք դարձնում այդ խնդիրներին: Ավելի հաճախ եւ ավելի բարձրաձայն լսում ենք այն մարդկանց ձայնը, ովքեր, հնարավոր է, դժգոհության պատճառներ ունեն»:

Հ. Գ. «Առավոտը» պատրաստ է տպագրել խնդրով մտահոգ այլ անձանց եւ կազմակերպությունների տեսակետները եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել