Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԵԽԱ Է ԿՈՐԵԼ

Մայիս 23,2007 00:00

\"\"Գյումրեցիները դա կապում են օրերս չինովնիկների զավակների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետ:

Կիրակի օրը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի տղաները քաղաքի կենտրոնում, բոլորի աչքի առջեւ իրար վրա կրակել են: Փոխհրաձգության արդյունքում մարմնական վնասվածք է ստացել գյումրեցի 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը:

Թե ինչ սեւ կատու էր անցել չինովնիկների զավակների միջեւ, որոնք իրար վրա կրակելով՝ պտտվում էին քաղաքի փողոցներով, այդ մասին Գյումրիում մի քանի վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկը, ըստ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ այն է, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, մի քանի օր առաջ պատահաբար տեսնելով Արտաշես Սարգսյանի որդուն՝ Ռուստամին, մտաբերել է, որ Սարգսյանները ԱԺ ընտրությունների ժամանակ ոչ թե իր հոր՝ հանրապետական Վարդան Ղուկասյանին, այլ ԲՀԿ-ին են սատարել: Երկու օր անց էլ վերջիններս հաշիվները պարզելու համար հանդիպում են ունեցել «Ռավեննա» սրճարանում, որտեղ ընդհարում է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, Սպարտակն ու Ռուստամը միմյանց վրա հյութ ու օղի են լցրել: Այնուհետեւ, ըստ տարածված խոսակցությունների, քաղաքապետի որդին որոշել է Սարգսյաններին պատկանող «Գարթ» ռեստորան գնալ ու սեփական օբյեկտում նրա որդու «պորտը տեղը դնել»: Տեսնելով քաղաքապետի որդուն՝ դուռը չեն բացել, ինչից էլ վերջինս անչափ զայրացել է՝ հայտարարելով, որ այս քաղաքում իր առջեւ փակ դռներ չկան: Այստեղից էլ սկսվել է փոխհրաձգությունը, որը սաստկացել է Տերյան–Ղուկասյան փողոցը հատող խաչմերուկում՝ մարզպետարանի նախկին պաշտոնյայի տան մոտերքում: Ըստ տեղեկությունների, քաղաքապետի որդին կրակ է բացել նրանց տան վրա, որին ի պատասխան՝ փոխհրաձգությամբ հանդես է եկել անձամբ մարզպետարանի նախկին պաշտոնյան՝ Արտաշես Սարգսյանը:

Այս ամենի արդյունքում տուժել է քաղաքապետի որդու ընկերը՝ Նորայր Սոլոյանը, ստանալով հրազենային վնասվածքներ ու տեղափոխվելով Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Վերջինս, ըստ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, հրաժարվել է ցուցմունքներ տալ՝ պատճառաբանելով, որ ինքը հարբած է եղել եւ ոչինչ չի հիշում: Ի դեպ, Վարդան Ղուկասյանի տղային պատկանող թանկարժեք «Համեր» մակնիշի սեւ ավտոմեքենան, որը գրեթե ջարդուփշուր է եղել, փորձել են թաքցնել 104/118 տնակի բակում: Ըստ լուրերի, այս պահի դրությամբ, երկու պաշտոնյաների տղաներն էլ փախուստի մեջ են: Մինչդեռ, պաշտոնական տեղեկատվությամբ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ Արմեն Փանոսյանի պարզաբանմամբ, «փոխհրաձգությունը տեղի է ունեցել անհայտ անձանց միջեւ»: «Մեկնաբանությունները՝ նախաքննությունից հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարճ կապեց քննիչը՝ խուսափելով քաղաքում շրջանառվող անունները կրկնելուց: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 34, 104 հոդվածի 6-րդ կետով եւ 235 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այսինքն՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք կրելու համար: Դեպքի վայրում զննության ժամանակ դատախազությունը հայտնաբերել է 26 ինքնաձիգի, երկու ատրճանակի պարկուճներ, երկու գնդակ, պողպատե միջուկներ: Գործն այնքան արտառոց է, որ դատախազությանը օգնության են հասել մայրաքաղաքային գործընկերները՝ նախաքննությանը մասնակցում են արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետները: Սակայն այս պատմության մեջ զավեշտալին այն է, որ հայտարարում են, թե ջարդուխուրդ եղած սեւ «Համերը» քաղաքապետի որդուն չի պատկանում, այլ Արտյոմ Ղուկասյանինն է, ով քաղաքապետի հորեղբոր թոռն է, իսկ քաղաքապետի որդին այս պատմության հետ կապ չունի:

Հ. Գ. Փոխհրաձգության օրը Գյումրիից անհայտ կորել է Գյումրիի Անի թաղամասի 10-12 ամյա բնակիչ Ռոբերտ Նորայրի Սիմոնյանը: Ենթադրություններ կան, որ այս երեխան միջադեպի հերթական զոհերից է: Ըստ տեղեկությունների, մի վարորդ ականատես է եղել, թե ինչպես փոխհրաձգության ժամանակ կռվին երեխա է խառնվել: Վարկածներ կան, որ երեխան կամ ծանր վիրավոր է, կամ մահացել է եւ նրան թաքցրել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել