Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մի ամոթխած հարսիկ

Մայիս 23,2007 00:00

Այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարություններ են անում՝ իբր Հանրապետականն իրենց համագործակցության առաջարկ դեռ չի արել:

Հանրապետականը իր հերթին խորամանկ տակտիկա է որդեգրել՝ աջ ու ձախ հայտարարում է, թե կողմ է համագործակցության նույնիսկ արտախորհրդարանական ուժերի եւ անգամ ընդդիմության հետ, ասում է, թե բանակցությունները նույնիսկ սկսված են, բայց եւ այնպես կոնկրետ ոչինչ չի շեշտում: Նույնիսկ հանրապետականների «վերնախավի» ներկայացուցիչները դեռ չգիտեն, թե իրենց ի՞նչ հեռանկար է սպասվում՝ պաշտոններ կստանա՞ն, թե՞ կդառնան պատգամավոր: Եվ այս բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը, ով, ըստ Սահմանադրության, խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ՝ ուզի թե չուզի պետք է շուտով՝ մինչեւ այս շաբաթվա վերջ, վերջապես բաժանի պորտֆելները: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը առանձնապես հակված չէ երկուսից ավելի պորտֆել տրամադրել ԲՀԿ-ին, սակայն ՀՅԴ-ին կուզեր ավելին տալ: ՀՀԿ-ն իրեն, իհարկե, պատրաստ է շատ ավելի մեծ թվով պորտֆելներ պահել, բայց չէ՞ որ առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ Սերժ Սարգսյանը պետք է աշխատի շատ «չդժբախտացնել» ոչ մեկին, որպեսզի հետագայում նրանցից պահանջի նախագահականի ժամանակ սատարել իրեն: Կմտնի՞ այս հերթական «լծի» տակ Դաշնակցությունը, թե՞ կգերադասի դառնալ «կառուցողական» ընդդիմություն։ Երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ տարիներ շարունակ պաշտոններ ունեցող մարդիկ չեն ցանկանա «ազատ արվեստագետ» դառնալ։ Ինչեւէ, մեր տեղեկություններով, Դաշնակցությունը կպահպանի իր բոլոր պորտֆելները, իսկ ԲՀԿ-ին կտրվի երկու պորտֆել:

Ենթադրվում է, որ Հանրապետականը իր հետ աշխատելու հրավեր կանի ՄԱԿ-ին, «Ազգային միաբանությանը», Շավարշ Քոչարյանին, Արամ Գասպարի Սարգսյանին, հնչակներին, պայմանը նույնն է՝ այս կուսակցությունների լիդերները եւ այս մարդիկ չեն առաջադրվելու նախագահականում: Մեր տեղեկություններով, այս սցենարը ՕԵԿ-ի դեպքում արդեն տապալվեց, քանի որ Արթուր Բաղդասարյանը չընդունեց առաջարկը՝ աշխատել արդարադատության նախարար: Մեր տեղեկություններով, Հանրապետականի ներսում եւս լուրջ տեղաշարժեր կլինեն՝ կուսակցության օգտին ավելի ակտիվ աշխատածները (այսինքն՝ շատ ձայներ բերածները) կստանան լուրջ պորտֆելներ։ Առաջ կքաշվի, մասնավորապես, Կարեն Կարապետյանը (որը միայն իր հայրենի Տաշիրում եւ տարածքում 65,2 տոկոս ձայն է ապահովել ՀՀԿ-ի համար, հետեւաբար նույնը եւ ավելին կանի նախագահական ընտրությունների ժամանակ): Տիգրան Թորոսյանին, հավանաբար, պաշտոն կտրվի գործադիր մարմնում, կամ նա կուղարկվի դիվանագիտական աշխատանքի: Ֆինանսների այսօրվա նախարար Վարդան Խաչատրյանը կզրկվի գործադիրի պորտֆելից եւ կվերադառնա օրենսդիր աշխատանքի: Նման ճակատագիր է սպասվում նաեւ Կարեն Ճշմարիտյանին (վերջիններս, այսպես ասած, Անդրանիկ Մարգարյանի նախարարներն էին)։

Ըստ ամենայնի, Վահան Հովհաննիսյանը կմնա իր այսօրվա գործին՝ ԱԺ-ում փոխնախագահ կաշխատի, մյուս փոխնախագահը կլինի Իշխան Զաքարյանը: Դեռ հայտնի չէ, թե ով կլինի ԱԺ նախագահը: Բայց որ Դավիթ Հարությունյանը չի լինելու՝ դա հաստատում են մեր բոլոր կողմնակալ եւ անկողմնակալ աղբյուրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել