Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԱՆՍՊԱՌ Է

Մայիս 23,2007 00:00

Իսկ միջազգային դիտորդները կարող են եւ փոխել իրենց հիացական գնահատականները ընտրությունների մասին

«Լավ Սահմանադրական դատարանի համար այս մեկ թուղթը բավարար է, որ ընտրությունները չեղյալ համարվեն, որովհետեւ «Ընտրական օրենսգիրքը» ասում է, որ եթե կլինեն խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների վրա, ուշադիր եղեք, ոչ թե ասում է՝ նստիր եւ հաշվիր տվյալ անձը եկե՞լ է քվեարկության, թե չի եկել, այլ նկատի ունի երեւույթը, իսկ սա այնպիսի արատավոր երեւույթ է, որ կարող են միայն այս մեկ երեւույթի առկայության դեպքում ընտրությունները չեղյալ հայտարարել»,- երեկ մեզ հետ զրույցում ցույց տալով մի քանի թերթից կազմված մի փաստաթուղթ, որում մեկ առ մեկ նշված են այն անձանց անունները, ովքեր պատասխանատու են կոնկրետ ընտրողներին ընտրատեղամասեր բերելու համար, նշված է նույնիսկ ժամը եւ այն երթուղայինի համարը, որով տվյալ «պատասխանատուն» պետք է ՀՀ քաղաքացիներին «բերման ենթարկի» ընտրատեղամաս: Այս փաստաթուղթը պարոն Խաչատրյանի ձեռքին է հայտնվել այսպես. «Մեկի սիրտը երեւի տրաքել է այդքան անօրինականություններ տեսնելով եւ բոլորից թաքուն այս թուղթը բերել ու գցել է ՀԺԿ գրասենյակ»: Ընտրողներին երթուղայիններով, այլ մեքենաներով ընտրատեղամաս բերելը եղել է հատուկ ծրագրված միջոցառում, որի համար մարդիկ գումար են ստացել եւ բաժանել ընտրողներին: Կոնկրետ այս թուղթը կարելի է համարել Արտաշատի թիվ 17/01 ընտրատեղամասի ընտրողներին «բերման ենթարկելու» ցուցակ: Այդ ցուցակում կոնկրետ նշված է, որ, օրինակ՝ «Նաղաշ եւ որդիներ» ձեռնարկության ընտրողները տեղամաս պետք է գան ժամը 13-15-ը, «Հայաստանի էլեկտրացանցերը»՝ 15-17-ը, եւ այսպես շարունակ: Ի դեպ, նշված են ոչ միայն անուն-ազգանունները, այլեւ անձնագրերի համարները, տվյալ մարդկանց «բերման ենթարկելու» պատասխանատուների անունները եւ հեռախոսահամարները: Հասկանալի է, որ այդ տվյալները «բերման ենթարկող բրիգադները» հավաքել էին ընտրություններից առաջ:

ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների հետ եւ նրանց բացատրել ընտրակեղծիքների հայկական առանձնահատկությունները։ Պարոն Խաչատրյանի բացահայտումներից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչներից մի քանիսը ուղղակի ապշել են: Մասնավորապես, Ուկրաինայի ներկայացուցիչը պարոն Խաչատրյանին ասել է բառացի, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են հայկական մամուլում նշում, որ ԵԱՀԿ դիտորդները միանշանակ լավ կարծիքի են ընտրությունների վերաբերյալ։ Նաեւ խոստացել է, որ շուտով իրենք կհրապարակեն թվով 4-րդ միջանկյալ եւ ավարտական գնահատականը, որում կներկայացնեն իրենց շատ լուրջ առարկությունները: Ֆելիքս Խաչատրյանը հիշեցրեց, որ դեռ նախքան ընտրությունները՝ մեր թերթին տված հարցազրույցում էր ինքը խնդրում դիտորդներին, որ ուշադրություն դարձնեն երկու բանի վրա՝ հնարավորության սահմաններում ամբողջ ընտրության ընթացքում, եւ հաշվարկի ամբողջ ընթացքում լինեն մեկ կոնկրետ տեղամասում եւ դրանից հետո տվյալ տեղամասի արդյունքների համեմատությունը այլ տեղամասերի հետ ուղղակի ակնհայտ ցույց կտա կեղծիքների չափը: Հաջորդ խնդրանքը եղել է այն, որ հետեւեն, թե տեղամասերի մոտ ինչ համարներով ավտոմեքենաներ են կանգնում եւ քանի անգամ: Մենք նկատեցինք, որ նույն ԿԸՀ փոխնախագահ Ա. Բախչագուլյանը հենց ընտրությունների օրը նշեց, որ դա արգելված չէ: Հակադարձելով՝ Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ արգելված չէ, «ԸՕ»-ն ասում է, որ արգելվում է քարոզչության ընթացքում, ընտրությունների ժամանակ տալ, խոստանալ նվերներ եւ մատուցել ծառայություններ: Իսկ մեքենաներով մարդկանց տեղամասեր բերելը ծառայությո՞ւն է, իհարկե՝ ծառայություն է։ Ո՞վ է ձեզ խնդրել, որ այդ ծառայությունը մատուցեք: Այ, դիտորդները սրան եթե ուշադրություն դարձնեին, եթե հետեւեին, թե նույն մեքենաները քանի անգամ են մարդ բերել ու տարել, հերիք էր արձանագրելու, որ խախտվել է ընտրություններին մասնակցելու կամավորության սկզբունքը: Քաղաքացին ինքը պետք է գա եւ քվեարկի, այդ կարգի «բարեգործությունները» շահ են հետապնդում եւ ազդում են ընտրության արդյունքի վրա»,- ասաց ԿԸՀ–ում ՀԺԿ ներկայացուցիչը: Ֆելիքս Խաչատրյանը նաեւ «խայտառակություն» որակեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման թղթերը. «Սրանք իրենց տված նախնական տվյալներն են, ոչ մի թիվ չի համապատասխանում: Բոլոր 41 ընտրատարածքներից միայն 3-ում է ստացվել 0-ական արդյունք, այսինքն՝ որքան քվեաթերթիկ բաժանվել է, այդքան էլ ներկայացված է: Մյուսներում, այսինքն՝ գրեթե բոլորում, կան «պլյուս» եւ «մինուս» արդյունքներ: Մեզ համար «պլյուսն» ավելի անհասկանալի է: Բացատրեմ. եթե որեւէ ընտրատեղամասի տվել են, ասենք, թվով 100 քվեաթերթիկ, ապա ինչպե՞ս է այդ ընտրատեղամասը ներկայացրել տվյալ, որ բաժանել է 105 քվեաթերթիկ: Սա նշանակում է, որ բոլոր նախնական արդյունքները սարքովի են»: Ֆելիքս Խաչատրյանը նաեւ բացատրեց, որ բոլոր ընտրատարածքներից ԿԸՀ են ներկայացրել «բացարձակ կեղծիքներով լրացված արձանագրություններ եւ երեք օր շարունակ ԿԸՀ-ում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Բախչագուլյանի ղեկավարությամբ ուղղում են տվյալները, ես ուզում էի ծանոթանալ տվյալներին, բայց ինձ դրանք չներկայացրին: Ես պատահաբար հանեցի ընդամենը 3 արձանագրություն, եւ պարզվեց, որ երեքում էլ ուղղումներ էին արված ԿԸՀ-ի կողմից եւ, ամենաամոթալին, երեքն էլ կնքված էին, մատիտով ջնջված, ուղղված քվեաթերթիկների համարներ: Միայն մեկ փաստ ներկայացնեմ: Տեսեք՝ ավարտական, վերջնական արձանագրություններ. գրված է՝ քվեաթերթիկների թիվը՝ 2.374.921: Յուրաքանչյուր քվեաթերթիկ համար ունի: Համարների մասով գրված է՝ 001-ից 2.375.000: Ինչպե՞ս կարող են կոնկրետ թվով քվեաթերթիկներն ունենալ ավելի թվով համարներ: Իմ այս հարցին պատասխանում են, թե ցույց են տվել «տիրույթը»: Ի՞նչ տիրույթի մասին է խոսքը, նման բան չկա ոչ «ԸՕ»-ում եւ ոչ էլ որեւէ այլ տեղ, տիրույթը ո՞րն է, կոնկրետ քվեաթերթիկը պետք է կոնկրետ համար ունենա»:

Ֆելիքս Խաչատրյանի՝ ընտրական կեղծիքների բացահայտումներն ուղղակի անսպառ են: Օրինակներից մեկն էլ առնչվում էր Վարդենիսի ընտրատարածքին: Տեղամասերից մեկում քվեատուփում հայտնաբերվել էր 1662 քվեաթերթիկ, երբ ստորագրությունների թիվը եղել է 910: Արտաշատի 17/02 ընտրատեղամասում 3 վստահված անձինք արձանագրել են, որ ընտրությունների եկել է 876 մարդ, սակայն երբ բացել ենք քվեատուփը, պարզվել է՝ մինչ այդ լցոնում է կատարվել, որովհետեւ առաջին 200 քվեաթերթիկները եղել են ՀՀԿ-ի օգտին, իսկ ընդհանուր տուփում եղել է 1076 քվեաթերթիկ: Այս փաստը եւս ուղարկվել է դատախազություն:

Հ. Գ. Երեկ մենք զանգահարեցինք Արտաշատի թիվ 17/01 ընտրատեղամասում «բերման» ենթարկվածների այդ ցուցակի «պատասխանատու» ոմն Էլմիրայի, որի հեռախոսահամարը կար թղթի վրա: Փորձեցինք պարզել՝ ինքը իրո՞ք եղել է այդ ցուցակի պատասխանատուն: Մեր զրուցակիցը բառացիորեն ասաց. «Բոլորը կպել են էդ մի թվից, ես էդ թղթի հետ գործ չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել