Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ

Մայիս 23,2007 00:00

\"\"Բայց ՀՀ ԱԳ նախկին նախարարը դեռ կալանավորված է

Մայիսի 7-ից կալանավորված է ՀՀ նախկին ԱԳ նախարար, ՄԱԿ-ում ՀՀ առաջին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ կետով՝ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լվացում: Իրավապաշտպաններն ու ընդդիմադիրներն այդ մեղադրանքը որակում են որպես «շինծու եւ մտացածին» ու կապում են Արզումանյանի՝ վերջին շրջանում ծավալած ակտիվ հասարակական գործունեության հետ, ակնհայտ համարելով նրա նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստը: Որ Ալ. Արզումանյանին ներկայացված մեղադրանքում հանցակազմն իսպառ բացակայում է՝ վստահ է նաեւ նրա պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Վերջինս երեկ հերթական հանդիպումից հետո մեկ անգամ եւս անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի իրավական գնահատականին՝ ասաց. «Ես այդպես էլ չեմ կարողացել ըմբռնել՝ ինչո՞ւ է Ալ. Արզումանյանին նման մեղադրանք առաջադրվել, երբ հայտնի է, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ շատ մեծ գումարներ, տրանսֆերտներ են ստանում արտերկրում ապրող քաղաքացիներից: Ի՞նչ տարբերություն Ալ. Արզումանյանի եւ դրսից գումարներ ստացող այլ անձանց միջեւ: Իրավապահ մարմինները՝ հանձին ԱԱԾ քննչական վարչության, գտել են, որ Ալ. Արզումանյանն, իբր, Վահան Շիրխանյանի հետ նախնական պայմանավորվածությամբ մեկնել է Մոսկվա եւ այնտեղ Լեւոն Մարկոսի հետ համաձայնության եկել նրա կողմից, իբր, «ակնհայտ հանցավոր ճանապարհով» ստացված եկամուտները ՀՀ-ում լեգալացնելու՝ լվանալու խնդրի շուրջ: Այդ մեղադրանքն անհեթեթ է այնքանով, որքանով նախ՝ դեռ մեծ հարց է, որ գումար ուղարկողը Լեւոն Մարկոսն է: Հիշեցնեմ, որ վերջերս մամուլում հրապարակում եղավ, որից պարզ դարձավ, որ Ալ. Արզումանյանին գումար ուղարկողը միանգամայն այլ անձնավորություն է: Երկրորդ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ Ալ. Արզումանյանի ստացած գումարը Լեւոն Մարկոսն է ուղարկել, միեւնույն է՝ դա դեռ ոչինչ չի նշանակում, եւ դրանից ամենեւին էլ չի հետեւում, որ այդ գումարն «ակնհայտ հանցավոր ճանապարհով է ձեռք բերված»: Հ. Արսենյանը հիշեցրեց, որ Ալ. Արզումանյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ շեշտված է, թե Լեւոն Մարկոսը գտնվում է հետախուզման մեջ՝ ֆինանսական զեղծարարությունների համար: «Եթե իրավապահները գտնում են, որ Ալ. Արզումանյանին ուղարկված գումարները ձեռք են բերվել «ակնհայտորեն հանցավոր ճանապարհով»՝ նկատի ունենալով Լեւոն Մարկոսին, որն, ի դեպ, ՌԴ քաղաքացի է, ապա նրանք պետք է դիմեն ՌԴ իրավապահներին, ասեն, որ ՌԴ քաղաքացու մասին իրենք այդպիսի տեղեկություններ ունեն: Ինչո՞ւ դա չի արվում: Չէ՞ որ այդ հանցագործությունն ուղղված է ՌԴ-ի ֆինանսական եւ տնտեսական կայունությանը, ոչ թե Հայաստանի»,- ընդգծեց պաշտպանը՝ հավելելով, որ ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով հանցագործության օբյեկտ ՀՀ-ում գոյություն չունի: Հ. Արսենյանի համոզմամբ, չկա նաեւ հանցակազմի մյուս բաղկացուցիչը. «Ալ. Արզումանյանը եւ Վ. Շիրխանյանը պետք է նախապես իմանային, որ Լեւոն Մարկոսը այդ գումարները հանցավոր ճանապարհներով է ձեռք բերել, եւ համաձայնեին դրանք ստանալ եւ «լվանալ»: Արդյոք Ալ. Արզումանյանը եւ Վ. Շիրխանյանը դա իմացե՞լ են կամ կարո՞ղ էին իմանալ: Կարծում եմ, ակնհայտ է, որ այստեղ Ալ. Արզումանյանի կողմից կատարված քրեորեն հետապնդելի արարք գոյություն չունի: Այդ դեպքում եւ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ մեր իրավապահները չեն անդրադառնում մեկ այլ փաստի, երբ ժամանակին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ դեսպանատունը գնվել է ընդամենը 1 դոլարով»:

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում էր, որ Ալ. Արզումանյանն ու Վ. Շիրխանյանը «Քաղաքացիական անհնազանդության շարժման» առաջնորդներ են եւ գումարներ են ստացել Լեւոն Մարկոսից, ով, իբր, ՀՀ-ում նախընտրական շրջանում որոշակի նպատակներ է հետապնդում եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունի: Պարզ չէ՝ հիմա Արզումանյանն ու Շիրխանյանն ապօրինի փողե՞ր էին ուզում «լվանալ», թե՞ ուզում էին Մարկոսի միջոցով հետընտրական գործընթացներ իրականացնել: Որքանո՞վ է այդ նպատակն առնչվում ՀՀ ՔՕ 190 հոդվածի հետ: «Ամբողջ խնդիրը հենց դա է: Հենց ակնհայտ դարձավ, որ իրավական դաշտում այս մարդկանց մեղադրանք առաջադրելու համար հանցակազմ չկա, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ օգնելով մեզ հասկանալու, որ մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի: Այն, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում, վկայում է նաեւ այն փաստը, որ այս գործով ստեղծվել է 7 հոգուց բաղկացած քննչական խումբ: Բազմածավալ եւ աշխատատար պրոցես չի կանխատեսվում, քրգործում շատ դրվագներ չկան, որ 7 քննիչներ պահանջեցին քննչական գործողություններ անելու համար: Ուրեմն ինչի՞ համար է ստեղծվում 7 հոգանոց քննչական խումբը: Ըստ իս, այս գործը հարուցվել եւ Արզումանյանի նկատմամբ կալանք է ընտրվել միայն մեկ նպատակով, որպեսզի եթե հանկարծ հասարակական ընդվզում, ընտրությունների արդյունքների հետ կապված անհամաձայնության շարժումներ լինեն, արդեն հարուցված քրգործի շրջանակներում ավելի շատ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու հնարավորություն լինի: Դրա նախադեպը կար 2004թ.-ին, երբ «Արդարություն» դաշինքի անդամների եւ նրա համակիրների նկատմամբ քրգործ հարուցվեց ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անելու մեղադրանքով»,- վստահեցրեց Հ. Արսենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել