Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԻ ՄԱՐԶՉԻՆ ԴԱՏԻ՞ ԵՆ ՏԱԼԻՍ

Մայիս 19,2007 00:00

Գերմանական «BILD» հանդեսը տեղեկացնում է, որ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները եւ բժիշկ Ուոլթեր Վագները կարող են կանգնել դատարանի առջեւ «անգործությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով: Ուլի Վեգները մոտ ապագայում հարկադրված է լինելու դատապաշտպան վարձել, որպեսզի պատասխան տա ութ ամիս առաջ կայացած Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտի համար ոստիկանության ներկայացրած մեղադրանքին: Բեռլինի դատական իշխանությունների ներկայացուցիչները նախնական հետաքննություն են սկսել Վեգների դեմ այն բանի համար, որ նա չորրորդ ռաունդում Արթուրի՝ ծնոտի կոտրվածք ստանալուց հետո չի կանգնեցրել մարտը:«Այդ ամենն անհեթեթություն է,- ներկայացվող մեղադրանքի մասին ասել է Վեգները, ով այժմ զբաղված է մայիսի 26-ին կանադացի Սեբաստիան Դեմերսի հետ կայանալիք մենամարտին իր սանի նախապատրաստությամբ:- Ես, համենայնդեպս, սրբիչը միշտ ձեռքումս եմ պահում, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտեմ մարտին»: Ինքը՝ Արթուր Աբրահամը, ով երկու կոտրվածք ստանալով էլ կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին, հայտարարել է, թե «անչափ շնորհակալ» է մարզչին, որ նա մարտը չդադարեցրեց: Վեգների ներկայացուցիչ Էդրիան Շտալը նույնպես դատավարություն կազմակերպելու հիմքեր չի տեսնում: Նա հայտարարել է. առաջին՝ Արթուրն ի վիճակի էր վերահսկել իր գործողությունները եւ անձամբ որոշումներ կայացնել, երկրորդ՝ ռինգում էր նաեւ մրցավար Ռենդի Նյումանը եւ նա կկանգնեցներ մարտը, եթե դրա անհրաժեշտությունն զգացվեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել