Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 19,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ քսանմեկերորդ

 ՄՈՆՊԱՌՆԱՍ-2006

Եվ ահա՝ Հանրապետության հրապարակում մեր վիցե միսսը միանգամայն մարդկայնորեն ու երախտագիտաբար Շառլին Անձնավուր է անվանում եւ ոչ թե Ազնավուր, եւ դրանով ինքը երեւի փորձում է տարբերվել մյուսներիցս, որովհետեւ, ի վերջո, Շառլն ի՛ր համար է լոբբինգ արել եւ ոչ թե՝ մյուսներիս, եւ ահա ինքը երախտագիտորեն ու պատկառանքով Շառլին առավել կարեւորելով ու անձնավորելով՝ Անձնավուր է անվանում, ինչպես ե՛ս իր հանդեպ համակրանքից երեւի դրդված՝ մի քանի անգամ վիցեն երկու «ց»-ով գրեցի եւ, չգիտես ինչու, միսսն էլ ընդամենը մի «ս»-ով եւ միայն սրբագրիչի դիտողությունից հետո սկսեցի ճիշտ ձեւով գրել, այսինքն, եթե ես հաստատ չգիտեմ, որ վիցեն ընդամենը մի «ց»-ով է գրվում, իսկ միսսը՝ երկու «ս»-ով, իրավունք չունեմ ուղղագրական ճշգրտություններ պահանջել ուրիշներից ու մանավանդ գեղեցկուհիներից, որոնց գեղեցկությունն արդեն իսկ իրենց գոյության արդարացումն է, եւ չնայած Դոստոեւսկին մեր վիցե միսսին տեսնելու բախտ չի ունեցել, բայց առանց տեսնելու էլ հասկացել է, որ միայն ու միայն գեղեցկությունը կփրկի աշխարհը, եւ, վերջապես, նույնիսկ Շառլն ի՛նքը չի կարող հաստատ ասել՝ Ազնավո՞ւրն է ճիշտ, թե՝ Անձնավուրը, եւ շատ հնարավոր է, որ առաջին հերթին Դոստոեւսկու հենց է՛դ ասածն է Շառլին լոբբինգի մղել եւ երկրորդ հերթին միայն՝ ազգային գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, եւ եթե Դոստոեւսկուն վերադառնալով՝ վերջնականապես համաձայնվենք, որ գեղեցկությունն իսկապես կփրկի աշխարհը, պիտի համաձայնվենք նաեւ, որ էդ բանն ասելով՝ Դոստոեւսկին մի ծանր բեռ է իջեցրել իրենից հետո եկած գրողներիս ուսերից, որովհետեւ եթե ինքը ժամանակին էդ բանն ասած չլիներ, պարտավոր էինք ինքներս էդ բանը կռահել ու ասել, բայց շատ հնարավոր է, որ էդ պարտավորությունը գիտակցելով հանդերձ՝ իր էդ ասածը չասեինք, որովհետեւ էդ բանն ասելու համար ո՛չ միայն թուղթուգրիչ է անհրաժեշտ, այլեւ՝ բավական խելք ու իմաստություն, եւ էս երկուսից մեկնումեկը չունեցողներս, բնականաբար, չէինք կարող իր էդ ասածն ասել, այլ, լավագույն դեպքում, ի վիճակի ենք հասկանալ եւ նույնիսկ խմբագրել իր էդ ասածը, որովհետեւ, եթե ասողներն իրենց կյանքի հիմնական ժամանակը մսխում են ասելու վրա, չասողներս հիմնականում զբաղվում ենք ասողների ասածները քննարկելով ու խմբագրելով, ու ես հիմա Դոստոեւսկու էդ ասածը խմբագրելով՝ պիտի ասեմ, որ գեղեցկությունը ո՛չ թե կփրկի աշխարհը, այլ՝ վաղուց արդեն փրկել է, եւ Դոստոեւսկին ու բոլորս մեր փրկված լինելը չզգալով ու չհասկանալով՝ մոռացել ու չենք հիշում, որ Աստված բնությունը, մարդուն, կենդանիներին ու էս ամեն ինչն ստեղծելիս՝ ամեն ինչի հիմքում հենց գեղեցկության հարցն է դրել, այսինքն, էլի ասածս է հաստատվում, այն է՝ չստեղծողներս մի գլուխ խմբագրում ենք ստեղծողներին, եւ զավեշտականն էն է, որ մեր իրականության ու մեր ժամանակի մեջ ինձնից բեշբեթար չստեղծողներ կան, որ իմպեսներին ստեղծողի տեղ դնելով՝ մի գլուխ քննարկում ու խմբագրում են իմպեսների գրածներն ու ասածները, եւ էս վերջին ասածներս չրթելուց հետո նրանք, ըստ ամենայնի, թուղթուգրիչն առած՝ վերստին հարայհրոց կբարձրացնեն, թե՝ հասե՜ք, ժողովո՜ւրդ, էս լկտին մի քիչ առաջ մեր Շառլին ու մեր գեղեցկուհուն էր անուն կպցնում, հիմի էլ մեր Դոստոեւսկուն նիզաշտո կպավ:

Այսուհանդերձ, զավեշտականը ո՛չ թե սա է, այլ այն, որ ես Շառլին ու գեղեցկուհուն վերաբերող էս հատվածն սկսեցի Երեւանում եւ ահա շարունակում եմ Փարիզում, ուր Վիոլետի, Մարինեի ու մեր ոտանավորները ֆրանսերեն թարգմանած Նունեի հետ գտնվում ենք արդի հայ պոեզիայի ֆրանսերեն անթոլոգիայի լույսընծայման առթիվ, ու զավեշտականը նաեւ այն է, որ էստեղ է՛լ Շառլից պրծում չկա, եւ ինչ սրճարան մտնում ես՝ Շառլի ձայնն է, եւ հենց հյուրանոցի սենյակիդ լուսամուտը բաց ես անում՝ սենյակդ բերնեբերան լցվում է Շառլով, ավելի ճիշտ՝ Շառլի ձայնով, իսկ ավելի ստույգ՝ Շառլի խելքուշնորհքով ու Շառլի հանճարով, եւ, խոսքը մեր մեջ, Մարսելում է՛լ էր նույնը, եւ «խոսքը մեր մեջ» եմ ասում, որովհետեւ եթե Մետաքսի մեր Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հրուշն իմանա, որ Մարսել եմ եղել, ինձ ուղղակի կսպանի, մանավանդ որ՝ էս պահին Ֆրանսիայում ու հատկապես Մարսելում ահավոր թանկություն է, եւ Հրուշն ամեն մեկնողի հետ թոռներին, աղջկան ու փեսային որեւէ բան է ուղարկում. այդուհանդերձ, Հրուշին չէի կարող Ֆրանսիա ու Մարսել մեկնելուս մասին ասել, որովհետեւ, նախ, ուղեբեռս քսան կիլոյին ընդհուպ էր մոտեցել, եւ, բացի այդ, ես չեմ սիրում օտար քաղաքներում օտարներին ու նույնիսկ ծանոթներիս զանգել եւ գոյությանս մասին տեղեկացնել կամ հիշեցնել, իսկ ինչ վերաբերում է Շառլին, ինքն իր գոյության մասին էստեղ ավելի է հիշեցնում, քան՝ Հայաստանում ու Երեւանում, եւ էստեղ ամեն քայլափոխի իր գոյության մասին հիշեցնելով՝ անընդհատ նաեւ իր հայրենակիցը լինելու հպարտությամբ է ինձ տոգորում, ու էս ասածս եւս մի ապացույց է, որ ես ո՛չ թե Շառլին էի անուն կպցնում, այլ միայն՝ մյուսներիս ու մյուսներիցս հատկապես ինձ, ու շարունակելով ինձ անուն կպցնել՝ ասեմ, որ հենց էս պահին Փարիզի «SAPHIR» հյուրանոցի իմ սենյակում նստած՝ էս անհեթեթություններն եմ բստրում, եւ եթե նույնիսկ պարզվի, որ էս բստրածներս ամենեւին էլ անհեթեթություններ չեն, էլի ձեզ հասկանալի չի լինի ինքնասիրահարվածության ու գրամոլության աստիճանը մի մարդու, որին Փարիզում մնալու ընդամենը չորս օր է տրված, բայց որն ահա նստել ու «Առավոտի» Պետյայի տված էս համակարգչային ճեփճերմակ թղթերն է մխտռում, եւ ինձ համար արդարացում չի կարող հանդիսանալ նաեւ է՛ն հանգամանքը, որ տասներկու տարի առաջ Փարիզում եղել եմ, որովհետեւ նույնիսկ Փարիզում ծնվածներն ու ամբողջ կյանքում Փարիզ ապրածները Փարիզում լիքը ու նորանոր տեսնելիք ունեն, եւ էս պարզ ու հասարակ բանը հանկարծակի հասկանալով՝ ահա հապշտապ հագնվում, էս կիսատ էջս ու Պետյայի տված թղթերից մի քանի հատ բաճկոնիս գրպանն եմ խցկում, դուրս եմ գալիս հյուրանոցից ու մտնում եմ մի քանի քայլ ներքեւ գտնվող «Մոնպառնաս» սրճարան, մի բաժակ սուրճ եմ պատվիրում, գրպանիցս հանում եմ Պետյայի թղթերն ու գրիչս եւ շարունակում եմ ինքնաբուխ ու անբռնազբոս գրամոլությունս, ու չնայած էս սրճարանում է՛լ է Շառլն ինքնաբուխ ու անբռնազբոս շարունակվում, բայց արդեն ո՛չ թե իր հայրենակիցը լինելս է ինձ հպարտությամբ տոգորում, այլ, ընդհակառակը, ինձ արդեն սկսում եմ Հեմինգուեյ երեւակայել, եւ հիմա արդեն պարզ է դառնում, որ Շառլը ո՛չ միայն գրելուն չի խանգարում, այլեւ նպաստում է՛լ է եւ նպաստում է հատկապես է՛ն դեպքում, երբ առանձնապես ասելիք չունես, եւ մինչ մատուցողուհին սուրճս բերեց, ես Պետյայի հաջորդ թղթին եմ արդեն անցել եւ արդեն ինձ ո՛չ թե Հեմինգուեյ եմ երեւակայում, այլ՝ Սարոյան, որը նույն էս Փարիզում իր պստիկ գրամեքենան սրճարանից սրճարան էր քարշ տալիս, բայց ոչ թե ինձ պես ընդամենն աչքի տեսածն էր գրի առնում, այլ՝ աչքի տեսածից մի բան էլ ավելին, եւ էս դեպքում գրամեքենա չունենալս ամենեւին էլ արդարացում չի, որովհետեւ Սովետի օրոք գրամեքենա ունեի, բայց ավելի ջրիկ բաներ էի գրում՝ աչքիս տեսածից մի բան էլ պակաս, եւ էդ առումով միակ արդարացումս էն է, որ գրամեքենաս երբեւէ Փարիզը չէր տեսել, եւ եթե եւս երկու օր էս ոգով ու էս տեմպերով Պետյայի թղթերը գրոտեմ, էս անգամ Փարիզն ընդհանրապես չեմ տեսնի, ու չնայած Շառլի շնորհիվ հպարտությունս միանգամայն տեղն է, բայց առնվազն ռուս փոխարքա պիտի լինես, որպեսզի լկտիություն ունենաս ասել՝ Փարիզն էլ ի՛նձ չտեսավ, ու չնայած հյուրանոցում լկտիությունս լավ էլ տեղն էր, բայց հիմա Շառլի պատճառով ամեն ինչ ու ներառյալ համեստությունս իրենց տեղերն են գրավում, ու արդեն միանգամայն բացված աչքերովս տեսնում եմ էս Դագուեր փողոցով դեպի էս սրճարան եկող Վիոլետին, Մարինեին, Նունեին ու մեր էդ ֆրանսերեն անթոլոգիայի հրատարակիչ Հուրիին եւ իրենց նկատելով՝ Պետյայի թղթերն ու գրիչս գրպաններս եմ խցկում, որովհետեւ, եթե Ռոլանդը Բեյրութում էր վեպ գրելս ծաղրում, պատկերացրեք՝ աղջկերքն ինչ կմտածեն՝ եթե Փարիզում ինձ վեպի վրա բռնացնեն, ու իրենց էդ մտածելիքը ենթադրելով՝ թղթերս ու գրիչս բաճկոնիս գրպաններն եմ խցկում ու սրճարանից դուրս գալով՝ միանում եմ իրենց, եւ սա չտեսնված առիթ է, որպեսզի Փարիզը վերստին տեսնեմ՝ էս անգամ արդեն Վիոլետի, Մարինեի, Նունեի ու Հուրիի հետ, որովհետեւ շատ էական է՝ Փարիզն ում հետ ես տեսնում, ու հիմա Փարիզում վերստին առավոտ է, ու ես սովորությանս համաձայն շարունակում եմ էս կենսագրականս, որը չնայած չափազանց դանդաղ է ընթանում ու դեռեւս ինձ յոթանասունվեց թվական ու Լիզային է ընդամենը հասցրել, այդուհանդերձ, էսօրվա բուն կյանքին էլ է ժամանակ առ ժամանակ առնչվում, եւ, ինչպես տեսնում եք, ես առաջվա պես շարունակում եմ ժամանակներիս վրայով հետուառաջ թռչել, այսինքն, էս գրածս, փաստորեն, զուտ ինքնակենսագրական վեպերից տարբերվում է նաեւ նրանով, որ գրածիս սյուժեն կանոնավոր ու համակարգված չի, եւ չնայած հիմնական հերոսներիս անունները հիմնականում չեմ փոխում, բայց դեպքերն ու իրադարձությունները շատ հաճախ փոխում եմ, որովհետեւ, եթե դեպքերն ու իրադարձությունները չփոխես, ավելի լավ է՝ ընդհանրապես որեւէ բան չգրես ու չգրողների պես ընդամենն էս կյանքն ապրելով զբաղվես, քանզի գրականության ու գրելու հիմնական իմաստն էն է, որ ապրածիդ նաեւ չապրածդ գումարես ու էդպիսով ինքդ քեզ ու հատկապես չգրողներին համոզես, թե՝ իրենցից շատ ու իրենցից ավել ես ապրում, բայց եթե հաշվի առնենք, որ էս ավել ապրելդ բուն կյանքիդ հաշվին ու ընդամենը գրասեղանիդ մատույցներում է տեղի ունենում, արդյունքում ստացվում է, որ գրողներս չգրողներից առանձնապես ավել չենք ապրում, ավելին՝ մի բան էլ պակաս ենք ապրում, ու էս հասարակ բանը հասկանալս է պատճառը, որ ես տարբերություն չեմ դնում չգրողների եւ գրողների միջեւ եւ եթե երբեմն տարբերություն դնում եմ, դնում եմ հօգուտ չգրողների, որովհետեւ նույնիսկ ամենաանհաջողակ չգրողն էս կյանքն անմնացորդ ու ի խորոց սրտի է ապրում, մինչդեռ ո՛չ բոլոր գրողներին է հաջողվում գրասեղանի մատույցներում մսխած ժամանակը գրելով կոմպենսացնել, եւ եթե գրելդ ոչ թե գրասեղանիդ մատույցներում է տեղի ունեցել, այլ՝ Փարիզի «Մոնպառնաս» սրճարանի ու «SAPHIR» հյուրանոցի սեղաններին, միեւնույն է, վերստին չի կոմպենսացվում կորսված ժամանակդ, մանավանդ որ՝ Հեմինգուեյն ու Սարոյանն էդ սեղանների վրա վաղուց արդեն գրել են, ընդ որում՝ մեկը մյուսից լավ են գրել, ընդ որում՝ էնքան են մեկը մյուսից լավ գրել, որ մի անգամ նույնիսկ գրողական խանդի հողի վրա նույն էս Փարիզում տուրուդմփոց են սարքել, այսինքն, էս բաները հասկանալով՝ ես հիմնականում չգրողների՛ կողմն եմ եւ է՛ն հատուկենտ գրողների, ովքեր երբեւէ ուրիշ գրողների կողմից օգտագործված սեղանների վրա չեն գրել եւ եթե նույնիսկ գրել է՛լ են, էդ բանը երբեւէ չեն ենթադրել ու չեն գիտակցել, ու ես, որ էդ բանը ոչ թե ենթադրում եմ, այլ՝ միանգամայն հստակ գիտեմ, էս առավոտ վերստին «Մոնպառնասի» սեղաններից ամենահեռավոր անկյունինը գրաված՝ ահա էլի Պետյայի թղթերն եմ գրոտում, որովհետեւ չգիտեմ՝ էս պահին ուրիշ ինչ կարելի է անել, ու վերստին էս սրճարանի օդը Շառլի ելեւէջներով է ներծծված, ու վերստին Շառլի ելեւէջները չեն ձանձրացնում ո՛չ միայն ինձ, այլեւ մյուս սեղանների շուրջ նստոտած ֆրանսիացիներին, տուրիստներին ու սեւերին, եւ ոչ ոք չի ձանձրանում, որովհետեւ Շառլը ոչ ոքի չի ձանձրացնում ու ոչ ոքի չի խանգարում եւ, ինչպես տեսնում եք, նույնիսկ գրելուս պրոցեսին չի խանգարում, ու հենց էս պահին հիշեցի, որ Շառլը նաեւ արձակ է գրել, ընդ որում՝ շատ լավ է գրել՝ համարյա Սարոյանի պես, ու չնայած իր արձակն էլ իմի պես ինքնակենսագրական է, բայց, ի տարբերություն իմի, ավարտվեց ու, փաստորեն, վերջ ունեցավ, իսկ իմն ահա վերջ ու ավարտ չունի՝ ինչպես իր երգը վերջ ու ավարտ չունի եւ շարունակվում ու շարունակվում է, եւ ահա՝ մեծամտությանս էս ամենավերջին նոպայի մեջ սկսում եմ նաեւ ենթադրել, որ իր երգն ու էս վեպս շարունակվում են, որովհետեւ կյանքն ի՛նքն է շարունակվում եւ ահա կյանքը շարունակվելով՝ երեկ երեկոյան երիտասարդ բանաստեղծներիս տարավ Համազգայինի Փարիզի մասնաճյուղ, եւ հիմա մեզ «երիտասարդ» եմ անվանում, որովհետեւ «Յառաջի» հայտարարությունը հենց էդպես էլ վերնագրված էր՝ «Հանդիպում հայրենի երիտասարդ բանաստեղծներու հետ», այսինքն՝ ինքնագոհության եւս մի առիթ, որովհետեւ, եթե Վիոլետն ու Մարինեն մանավանդ իմ համեմատությամբ ահագին երիտասարդ են, ես տարիքով էնքան եմ՝ ինչքան հայ բանաստեղծները սովորաբար չեն ապրում, եւ երեկ երեկոյան Փարիզի Համազգայինի մասնաճյուղում մեզ ներկայացնելով եւ «Յառաջի» հայտարարության վերնագիրն արդարացնելով՝ Գրիգոր Պլտյանը ներկաներին բացատրեց, որ ո՛չ թե մենք ենք երիտասարդ, այլ՝ մեր պոեզիան, եւ ներկաներն իրենց գլուխներն ըմբռնումով տմբտմբացրին, որովհետեւ Մարինեն էդ նույն առավոտ հայկական ռադիոյին հարցազրույց էր տվել եւ ունկնդիրներին մանրակրկիտ բացատրել էր, որ Հայաստանում բանաստեղծներն արդեն անտիպոեզիա են գրում, եւ քանի որ Մարինեն մի քիչ էլ ֆրանսերեն գիտի, արդեն ֆրանսիական ռադիոյին է՛լ է հարցազրույց տվել ու անտիպոեզիայի էդ շուխուռը ֆրանսիացիների մեջ է՛լ է գցել, եւ երեկ օրը ցերեկով իրենց մշակույթի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ մի գեղեցկուհի մոտեցավ ինձ, ժպտաց ու թարգմանչի միջոցով ասաց՝ «ասում են՝ Հայաստանում պոետներն արդեն ո՛չ թե պոեզիա են գրում, այլ՝ անտիպոեզիա», եւ ես ժպտացի ու թարգմանչի միջոցով հարցրի՝ «ո՞վ է ասում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «Մաղինե Պետղոսյան», եւ երբ իրեն վերստին ժպտացի ու ասացի՝ «եթե Մարինեն է ասում, ուրեմն՝ էդպես էլ կա», գեղեցկուհին վերջին անգամ փառահեղորեն ժպտաց ու ասաց՝ «մեղսի», իսկ երեկոյան՝ արդեն Համազգայինի Փարիզի մասնաճյուղում մի չափազանց գրագետ, չափազանց ծեր ու չափազանց քամելիազարդ տիկին մեր ելույթներից հետո մոտեցավ ինձ ու հարցրեց՝ «իրա՞վ է, որ անկախութենեն ետքը անտիպոեզիա կգրեք», եւ երբ հարցրի՝ «ո՞վ է ասում», ինքն ասաց՝ «ձեզի հետ ելույթ ունեցած սեւուկ պզտիկը կըսե», եւ ես ասացի՝ «ճիշտ է ասել», եւ երբ չափազանց ծեր ու չափազանց համակրելի տիկինն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «դուք ա՞լ անտիպոեզիա կգրեք», ես ասացի՝ «ես ո՛չ անտիպոեզիա եմ գրում, ոչ էլ՝ պոեզիա», եւ բարեկիրթ ու համակրելի պառավը զարմացած հարցրեց՝ «քիչ առաջ ո՞ւմ գրվածքները կարտասանեիք», եւ ես ասացի՝ «դրանք վաղուց եմ գրել», եւ ինքը հարցրեց՝ «որքա՞ն վաղուց», եւ ես ասացի՝ «երեխա ժամանակ», եւ քամելիազարդը բարձրաձայն ու սրտանց ծիծաղեց եւ ասաց՝ «պզտիկ տարիքի համեմատ շատ աղեկ գրվածքներ էին», եւ իր ծիծաղի վրա Մարինեն մոտեցավ մեզ ու ինձ հանդիմանեց՝ «էլի ամեն ինչ զավեշտի ե՞ս վերածում», եւ ես արդարանալով ասացի՝ «պոեզիայից ենք խոսում, ավելի ճիշտ՝ անտիպոեզիայից», եւ Մարինեն արհամարհանքով ինձ նայեց ու ասաց՝ «դու անտիպոեզիայից ի՞նչ ես հասկանում, որ ինչ խոսաս», եւ ես ասացի՝ «տիկնոջը հենց էդ էի ասում», եւ Մարինեն հարցրեց՝ «ի՞նչ էիր ասում», եւ ես ասացի՝ «ասում էի, որ անտիպոեզիայի հիմնադիրը դու ես», եւ քամելիազարդ համազգայինցին զարմացած նայեց Մարինեին ու հարցրեց՝ «իրա՞վ անտիպոեզիայի հիմնադիրն եք», եւ Մարինեն պատասխանեց ու ասաց՝ «ցավոք սրտի՝ ոչ», եւ ես տիկնոջն ասացի՝ «չհավատաք. կեղծ համեստություն է անում», եւ Մարինեն թարս-թարս նայեց ինձ ու ասաց՝ «խելոք մնա, թե չէ՝ սրանից հետո ամեն տեղ կասեմ, որ անտիպոեզիայի հիմնադիրը ոչ թե դու ես, այլ՝ Զահրատը», եւ ես ասացի՝ «որ ըտենց բան անես՝ շատ մեծ մաղարիչ կանեմ», եւ Մարինեն հարցրեց՝ «ի՞նչ մաղարիչ կանես», եւ ես ասացի՝ «վաղը առավոտ հետդ Մոնպառնասի գերեզմանոց կգամ», եւ Մարինեն միանգամայն լուրջ ասաց՝ «կատակը մի կողմ՝ էս գիշեր չքնեցի եւ մինչեւ առավոտ մտածեցի ու հասկացա, որ անտիպոեզիայի հիմնադիրը Զահրատն ա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «էս գիշեր էլ որ չքնես, կհասկանաս, որ անտիպոեզիայի հիմնադիրը Ֆրիկն ա», եւ Մարինեն ասաց՝ «ֆռիկներ ես անում», եւ քամելիազարդը Մարինեին ասաց՝ «քովս քնաբեր ունիմ» եւ պայուսակից ինչ-որ հաբեր հանեց, մեկնեց Մարինեին ու ասաց՝ «հրամմեցեք», եւ Մարինեն չվերցրեց, ու ես ասացի՝ «ի՛նձ տվեք. իր քնելը վնաս է», եւ պառավը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն է վնաս», եւ ես ասացի՝ «պոեզիային», եւ Մարինեն քամելիազարդին ասաց՝ «ես շատ լավ եմ քնում. այս գիշեր բացառություն էր», եւ ես հաբերը վերցրի, եւ քամելիազարդն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «ձեր քնանալը պոեզիային վնաս չէ՞», եւ Մարինեն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «իր քնելն արձակին է վնաս», եւ հենց էդ պահին մեզ մոտեցան Աթաբեկյան Վահագը՝ որ բանաստեղծ լինելուց բացի՝ Փարիզի մեր դեսպանատան ներկայացուցիչն է, եւ Վարդուշիկը՝ որ երեւանյան մեր հին օրերի ընկերուհին է, եւ որին կյանքն անողոքաբար թե բարեբախտաբար նետեց Փարիզ՝ իր այժմյան ամուսնու՝ փոստատար տրոցկիստի գիրկը, եւ հիմա Վարդուշիկն իր տրոցկիստին սիրելով հանդերձ՝ շարունակաբար ճգնում է առ մեզ պահպանած իր սերը չցամաքեցնել եւ հենց ինքն էր երեկ պոեզիայի էդ ամբողջ երեկոյի ընթացքում տոն տալիս, որ դահլիճը երիտասարդ բանաստեղծներիս շատ բուռն ծափահարի, այսինքն՝ մեր արտասանած բանաստեղծությունների արանքներում առաջինն ինքն էր ծափահարում, եւ հետո նոր միայն՝ դահլիճում նստած մյուսները, ու ես, որ պոեզիայի երեկոների հարուստ փորձ ունեմ, լավ գիտեմ, որ էդ երեկոների ժամանակ ամենակարեւորը հենց էդ առաջին ծափահարողներն են, ավելի ճիշտ՝ ամենաառաջին ծափահարողը, որն առաջին ծափահարողի դերը համարձակորեն ստանձնելով՝ փաստորեն, իր օրինակով վարակում է դահլիճում նստած մյուսներին, եւ դրանից հետո մյուսների մեջ արդեն նույնիսկ «բռավո՜» գոռացողներ էլ են գտնվում, բայց, կրկնում եմ, կարեւորագույնն առաջին ծափահարողն է, որովհետեւ, եթե էդ առաջին ծափահարողն առաջինը չծափահարի, շատ հնարավոր է, որ ո՛չ միայն «բռավո» գոռացողներ, այլեւ սովորական ծափահարողներ էլ չլինեն, եւ ես՝ որպես նախկին պոետ, հրաշալի գիտեմ ու մաշկիս վրա էլ բազմիցս զգացել եմ, թե ինչքան տհաճ ու հուսահատեցնող է, երբ պոեզիայի որեւէ երեկոյի ժամանակ մի բանաստեղծությանդ արտասանությունն ավարտելուց հետո, առանց ծափահարությունների, ստիպված ես լինում լուռումունջ անցնել հաջորդին, եւ սովորաբար հենց էդպես էլ լինում է, եթե, իհարկե, էդ առաջին ծափահարողդ դահլիճում չի գտնվում, եւ եթե ծափահարող չի գտնվում, դահլիճում գտնվող մյուսները շատ դեպքերում գլխի էլ չեն ընկնում, որ մի բանաստեղծությունդ ավարտել եւ ահա անցնում ես մյուսին, եւ առաջին ծափահարողի դերը հատկապես համերգների ու քաղաքական գործիչների նախընտրական ելույթների ժամանակ է կարեւորվում, եւ արտերկրներում երգիչներ ու քաղաքական գործիչներ կան, որ հատուկ էդպիսի ծափահարողներ են վարձում, եւ Մետաքսի իմ մանկության ընկեր Պողոսիկն էլ, որ սովետական առաջին էմիգրանտներից է, շուրջ տասը տարի ԱՄՆ-ի ողջ տարածքում ու հատկապես Կալիֆոռնիայում հենց էդ գործն է արել, եւ էդ մասին Պողոսիկն ինձ պատմեց ութսունիննին, երբ իր էմիգրացիայից ու երկրաշարժից հետո առաջին անգամ Շերի խմբի հետ հայրենիք էր եկել, եւ դրանից հետո Պողոսիկը հայրենիքը ջրի ճամփա սարքեց, որովհետեւ իննսունականների սկզբներին իր համար վերջնականապես պարզ դարձավ, որ աշխարհում միակ տեղը, ուր ինքը լավ է զգում իրեն, Հայաստանն է, ավելի ճիշտ՝ Երեւանը, եւ չնայած Պողոսիկն էս պահի դրությամբ Լոսում լուրջ բիզնես ունի ու Շերի խմբից էլ վաղուց դուրս է եկել, բայց միայն Երեւանում է իրեն երջանիկ ու կատարյալ զգում, որովհետեւ, ինչպես մի անգամ ինձ խոստովանեց, չնայած ինքն էնտեղ ամեն ինչ ունի, բայց միայն հայրենիքում է իրեն լիարժեք մարդ զգում, որովհետեւ էնտեղ համարյա բոլորն էլ ամեն ինչ ունեն, մինչդեռ Պողոսիկը հիսունականներից ու Մետաքսից սկսած՝ սովոր էր, որ միայն իրենք պիտի ամեն ինչ ունենան, եւ չնայած էդ թվերին Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում միայն իրենք ամեն ինչ ունեին, բայց միայն իրենք էին կյանքից ու ամեն ինչից դժգոհ, եւ միայն իրենց մտքով էր անցնում, որ աշխարհի երեսին Մետաքսից ավելի լավ տեղեր կան, եւ արդեն յոթանասունականների սկզբներին իրենք էդ լավ տեղերի իզը գտան եւ ընտանյոք իզութոզով կորան, բայց էդպես էլ իրենց կյանքում գոհություն չգտան, ավելին՝ իրենք էդ նոր տեղերից ավելի դժգոհ էին, քան՝ Մետաքսից, որովհետեւ Մետաքսում առաջինը լինելով՝ առաջինը դաշնամուր, ջութակ, սառնարան, հեռուստացույց, մագնիտոֆոն, սպիդոլա, լվացքի մեքենա ու ավտոմեքենա առան, մինչդեռ Լոսում բոլորն էդ բաներն ունեին, եւ Պողոսիկը Լոսի իրենց էդ առաջին շրջանի հոգեկան տառապանքներն ու ցնցումներն էնպիսի հուզմունքով ու էնքան սահմռկեցուցիչ է նկարագրում՝ ինչպես մեր մտավորականներն են պատերազմի ժամանակի ցուրտ ու մութ տարիների կյանքն էդ ժամանակը տեսածներիս վերապատմում, եւ հիմա արդեն Պողոսիկն ամեն տարի է հայրենիք գալիս, որպեսզի վերստին տեսնի ու վերստին համոզվի, որ էնտեղի իր ունեցածն էստեղ շատ քչերն ունեն, ու Երեւանում իր ամենասիրած վայրերը վերնիսաժն ու Առեւտրի տան շրջակայքն են. նախ վերնիսաժը, քանի որ էստեղ ինքը ոչ միայն լիքը ու էժան առնելիք ունի, այլեւ էստեղ իր պատանեկության նկարիչ ընկերներն են, որոնց չարքաշ վիճակը տեսնելով՝ Պողոսիկը հիմնավորապես ու շարունակաբար զգում է իր առավելությունն ու հաջողակությունը, իսկ Առեւտրի տան դիմացի մայթին մանավանդ իրիկուններն իր միանգամայն նոր ընկերներն են, ավելի ստույգ՝ ընկերուհիները, որոնք, Պողոսիկի ասելով, Լոսի իրենց կոլեգաներից ոչ միայն ավելի սիրուն ու ավելի ջահել են, այլեւ, որ ամենակարեւորն է, վեց եւ նույնիսկ յոթ անգամ ավելի էժան են, եւ չնայած ազգային դրամի էս վերջին շրջանի աննախադեպ վերելքն էդ գնային տարբերությունն էապես կրճատեց, բայց էլի տարբերությունն ահագին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել