Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակախաղեր եւ կուսակցություններ

Մայիս 19,2007 00:00

\"\"Ո՞րն է տարբերությունը

«Գնեք, դուք ունեք միլիոններ շահելու հնարավորություն»,- սա լոտոներ գովազդելու գրավիչ, համոզիչ տարբերակներից է: Իսկ չորս տարին մեկ անգամ այս լոզունգը դառնում է քաղաքական: Կուսակցությունները պայծառ ապագայի խոստումներ են տալիս ու գովազդում անպայման նշում, որ մեր կյանքը անճանաչելիորեն կփոխվի։ «Ընտրեք մեզ, եւ ձեր ապագան հիանալի կլինի»:

Վիճակախաղերի գովազդները առավոտից երեկո եթերում են՝ հոգնեցնելով ու նյարդայնացնելով մարդկանց:

Նրանք խոստանում են, համոզում հասարակությանը, որ այս անգամ էլ հավատան, գնեն վիճակախաղ եւ կշահեն, «արդար ա, արդար ա», գոռում են հուզված պապիկներն ու տատիկները: Նույն պապիկ-տատիկներն են կուսակցական գործիչներին գովում, մուրաբաներ ու գուլպաներ նվիրում: Տարբերությունը քիչ է: Նախընտրական շրջանը նման է մեր «Լոտոյի ժամանակաշրջանին»:

Վիճակախաղերն էլ ունեն իրենց գովազդող գրավիչ, գունավոր ներկված մեքենաները, որոնք փողոցում բարձր երաժշտությունը միացրած՝ համոզում են ու ազդում մարդկանց ենթագիտակցության վրա։ Նախընտրական շրջանում նույնն էին անում նաեւ կուսակցությունները՝ իրենց առինքնող մեքենաներով։ Էկրանին երեւում էին «հասարակ» մարդիկ եւ պատմում իրենց զգացմունքների մասին. տարբերություն չկա, մեքենայի բանալին է ձեռքը, թե կուսակցության ծրագիրը:

Վիճակախաղերն էլ մեկ-մեկ, մարդկանց ոգեւորելու համար, «ստից-մտից» մրցանակներ են տալիս՝ ժողովրդին հավատ, վստահություն ներշնչելու համար։ Նույնը անում են նաեւ կուսակցությունները:

Ու ժողովուրդը «խաղում է»: Եվ այս դեպքում էլ, ինչպես վիճակախաղերի ժամանակ, շահում են շատ քչերը, մեկ կամ երկու հոգի, իսկ մնացածներին խորհուրդ է տրվում «կրկին փորձել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել