Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՐԱՊԵՏԻՉ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ

Մայիս 19,2007 00:00

\"\"Ուրախություններ եւ մտահոգություններ՝ ընտրությունների առիթով

Չգիտեմ, թե ով՝ ինչպես, իսկ ես ընտրությունների ավարտից հետո խորը շունչ քաշելու մի քանի առիթ ունեցա: Նաեւ՝ մտահոգության, որի, թերեւս, ամենասրտնեղիչ երանգը հաղորդում էր արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների նվաստացման փաստը: Խոսքս մարդուն ի վերուստ տրված եւ Սահմանադրությամբ ամրապնդված ընտրության իրավունքի մասին է, որից զրկվեցին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Եվ եթե նույնիսկ դրա իրական պատճառները փորփրելու ճիգեր չես գործադրում, այլ ուղղակի հավատում ես հնչեցրած բացատրություններին, թե իբր տեխնիկական բարդություններ կային, ապա սիրտդ ավելի է ճմլվում բոլոր նրանց համար, ով օտարի անմիջական հայացքի տակ ընդամենը նոմինալ հայ էր հանդիսացել՝ արժանապատվությունը տեխնիկապես կորցրած կարգավիճակով: Հետաքրքիր է, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա աշխարհը մի պետության ընտրությունների արդյունքներից, եթե այդ պետությունն ընդունակ չէ ոչ միայն սահմանագծից դուրս պետական կարեւորության միջոցառում կազմակերպել, այլեւ անգամ սեփական անկարողությանը քիչ թե շատ պատշաճ ձեւակերպում տալ:

Փոխարենը՝ երկրի ներսում կատարված որոշ իրադարձություններ ինձ համար հաճելի անակնկալ էին, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ժողովրդիս, ավելի ճիշտ՝ նրա այն մասին, որը, գումարվելով 37.000-ին, պետք է որ կազմեր, Կարապետիչի համոզմամբ, իր սրբազան պատկերը պառլամենտ առաջնորդող 100.000-անոց հավատացյալների հոտը: Ինձ, անկեղծ ասած, սարսափեցնում էր այդ հեռանկարը: Որովհետեւ դրանից հետո կասկածի տակ կառնվեր ոչ միայն գավառականության ճանկերից դուրս պրծնելու աղոտ հնարավորությունը, այլեւ առհասարակ ազգի գիտակցության առկայությունը: Բացահայտ տխմարությունը զվարճալի է միայն ինքնաբավարար տեսքով, երբ չի փորձում ներարկվել ուրիշի, առավել եւս՝ զանգվածային մասշտաբի առողջ արյան մեջ, օգտվելով խառնաշփոթ վիճակից: Կարապետիչի մոտենալը Ազգային ժողովի շեմին՝ Կարապետիչի մեղքը չէ, մեր մեղքն է: Կարապետիչի ելույթների չորսամյա տեւողությունը Կարապետիչի ֆենոմենը չէ՝ մեր ֆենոմենն է: Կարապետիչի այսօրվա նեղացած կեցվածքն ու ակնհայտ ոխը Կարապետիչի հանդգնությունը չէ՝ մեր հանդուրժողականությունն է: Այդ մենք էինք սուրճ խմելով «երգիծանքի երեկո» անցկացնում կամ անհասկանալի վրդովմունք էինք ցուցադրում մեր իսկ թույլտվությամբ նորաստեղծ «մեսիայի» երախն ընկած պառավների ու երեխաների հրճվանքի կապակցությամբ. վատ են երգում, սխալ են խոսում, ռաբիս են պարում, հեռուստացույց են վերցնում, Սեւան են գնում… Բա ի՞նչ պիտի անեին՝ մեր մեծամիտ արհամարհանքը լսեի՞ն: Բացի նրանից, որ այդ պճնամոլական վրդովմունքը, անմեղ մարդկանց թիրախ դարձնելով, ձեռնտու էր հենց իրեն՝ Ռոբին-Հուդ Կարապետովիչին, նաեւ, այ քեզ բա՜ն, դա է՞ր արդյոք խնդիրը: Սեւանա լճի ափին տարիներով ջուր չտեսած մի խումբ տատիկ-պապիկի պարելն ու հեռուստացույցը գրկած թշվառ մարդու երջանկությո՞ւնը: Ոչ, դա չէր: Համենայնդեպս, ընդամենը հետեւանք էր, իսկ պատճա՞ռը… Պատճառը, որ ծնվել էր գավառականության ու ամենաթողության սերտացումից՝ սնում էին քաղաքական, հասարակական, արվեստի ու մշակույթի ոլորտները ներկայացնող այն դեմքերը, որոնք պարբերաբար, իսկ մարդ կար՝ մի քանի անգամ, հայտնվում էին «ԱԼՄ»-ի տաղավարում ու տաղավարի տիրոջ մակարդակին հավասարված՝ զրույց անում դեսից-դենից:

Խորը շունչ քաշելու մյուս առիթը նորընտիր Ազգային ժողովից հաստատուն մեծությունների հեռանալն էր, ինչը, բնականաբար, թեթեւակի կարոտախտ ու տագնապ է արթնացնում, քանզի կոնստանտներին հրաժեշտ տալը ոչ միայն ցավալի ու տխուր իրադարձություն է, այլեւ լի է տարատեսակ անակնկալներով. ի՞նչ իմանաս՝ նորեկները գլխիդ ի՞նչ են բերելու, ինչպե՞ս գուշակես՝ ապագա՞ն է քոնը, թե՞ անցյալը, ո՞րը փայփայես՝ բնազդդ, թե՞ բանականությունդ… Իհարկե, տագնապալի է ու տխուր, որովհետեւ գնացածներից ոչ բոլորն էին կարծրացած ու հնաոճ, ոչ բոլորն էին հոգնեցրել, ի վերջո՝ բոլորը չէին, որ պիտի գնային: Բայց եւ այնպես, ներող կլինեն այդ «ոչբոլորը», փոփոխումները, այնուամենայնիվ, միշտ առողջաբեր են ու երբեք վերջ չեն հանդիսանում, այլ միշտ՝ սկիզբ: Պարզապես լավ կլիներ, որ մենք էլ մեր հերթին փորձեինք գնացածների վերքին դարման ցանել՝ մի պահ պատկերացնելով, թե հիմա նրանք՝ վերջնակետին կանգ առած, որքան միայնակ ու լքված են իրենց զգում, ու փնովելու փոխարեն մեր երախտագիտությունը հայտնեինք. կատարած աշխատանքի, քայքայված նյարդերի, անհերքելի հայրենասիրության եւ դասեր քաղելու հնարավորություն տալու համար: Նրանք չէ՞ որ մերն են, հո ուրիշինը չե՞ն…

Ի դեպ, նախկինների նկատմամբ երախտագիտության զգացումը ոչ միայն բարոյական կատեգորիա է, այն, իբրեւ կանոն, զգաստ է պահում ներկաներին, որոնք սովորություն ունեն սկզբնական շրջանում երես առնել՝ սեփական բացառիկության պատրանքից ոգեւորված: Ինչպես, ասենք, «Օրինաց երկիրը», որը փոխանակ վեր կենա գնա հանգստանալու, ենթադրենք, Կիպրոս, իսկ վերադառնալուն պես ԱԺ-ում քրտնաջան աշխատանքով արդարացնի իր բաժին տոկոսը, արի ու տես՝ դատարան է դիմում: Կամ ինչո՞ւ հանկարծ չափից դուրս ոգեւորվեց «Ժառանգությունը», որի լիդերին անձամբ համակրում եմ ու հենց այդ պատճառով չէի ցանկանա գավառախտի վարակի բույրով հավակնությունների ականատեսը լինել: Ի՞նչ է նշանակում՝ 80.000-ը քիչ է: Ումի՞ց է հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը սատիսֆակցիա պահանջում: Չէ, եթե դա ժանրի օրենք է՝ «ասում-խոսում ենք» անվանակարգում, խնդրեմ, միայն թե, ճիշտն ասած, նույն վերոհիշյալ Կարապետիչի ցուցադրական ոճն է հիշեցնում: Համեստ եղեք, պարոնայք, համեստ…

Մտահոգիչ առիթների շարքում է նաեւ Հայաստանի նախագահի հետընտրական կեցվածքը հաղթանակ տարած ապագա իր գործընկերների նկատմամբ, որն ավելի շատ զավակների միջեւ խտրականություն ցուցաբերող սուլթանի պահվածքի էր նման. էս երեքն իմն են, մնացածը՝ չսիրված հարճից: Սրանց շնորհավորում եմ, նրանք՝ հենց էնպես: Բա մեծահոգությո՞ւնն ուր մնաց: Բա քաղաքավարությո՞ւնն ինչ եղավ: Բա դիվանագիտական հեռատեսությո՞ւնը: Բա հետո՞ ինչ է լինելու:

Իմիջիայլոց, այս դասավորումը նախագահի կողմից «ճանաչված» զավակներից մեկի՝ Դաշնակցությանն ուղղված մի թաքնված ու դարձյալ մտահոգիչ ակնարկ էլ է իր մեջ պարունակում. դու մեր հետ ե՞ս, թե՞ ոչ: Ու Դաշնակցության հետընտրական ասուլիսն այնքան երկիմաստ ու մշուշապատ էր, որ անմիջապես ձեւավորվեց շատ հստակ եզրակացություն. Դաշնակցության համար ընտրությունները դեռ չեն ավարտվել: Հիմա ինքն է ընտրելու՝ ազգի կողմից արդեն հավերժ մերժված, բայց զույգ թմբլիկ պորտֆելներով աղքատ ազգականի կարգավիճա՞կ, թե՞ սեփական պատմությանը հավատարիմ, վստահած ձայներին արժանի ու տարիքին վայել ինքնամփոփ ու հաստատուն դիրքորոշում: Թող ընտրի՝ դա էլ իր իրավունքն է:

Իսկ մենք, անձնական գործերով զբաղվելու ընթացքում, աչքի պոչով կնայենք պետություն կոչված բնական ձեռնարկության հերթական ընտրյալ մենեջերների շոուն: Կամ էլ, ո՞վ գիտի, հանկարծ ապշած կնկատենք, որ նրանցից մեկն այս պետությունը շալակն է գցել ու առաջ է տանում… Ո՞վ գիտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել