Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացու վնասները չեն հատուցվի

Մայիս 19,2007 00:00

Թեեւ գյուղնախարարությունում հաստատում են, որ որոշ գյուղերում ծիրան չի լինի, բայց դա բավարար հիմք չեն համարում՝ վնասները հատուցելու համար:

«Գյուղացու միակ եկամտի աղբյուրը պտղատու այգին չէ: Գյուղացիներն ունեն նաեւ տնամերձ ու սեփականաշնորհված վարելահողեր, որոնք կարող են մշակել ու եկամուտ ստանալ: Այնպես որ, այս պահին վնասների հատուցման մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրանք, մեր կարծիքով, աննշան են»,- «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն այսպես պատասխանեց այն հարցին, թե կառավարությունը չի՞ պատրաստվում փոխհատուցել գարնան հորդառատ անձրեւների հետեւանքով գյուղացիների կրած հսկայական վնասների գոնե մի մասը: Պարոն Պետրոսյանը չժխտեց, որ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում ծիրանի բերք չեն ունենա, սակայն նշեց, որ դա զանգվածային բնույթ չի կրում. «Համայնքի մի հատվածում վիճակը կարող է լավ լինել, մի հատվածում էլ՝ վատ»:

Նախարարությունը «լուրջ վնասներ» չի համարում նաեւ Սուրենավանում, Արմաշում, Մասիսի Նորաբաց գյուղում, ինչպես նաեւ Արմավիրի մի շարք համայնքներում վաղահաս խաղողի այգիների ցրտահարությունը. «Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ գյուղատնտեսությունը արտադրանք է՝ բաց երկնքի տակ, եւ մենք ոչնչով ապահովագրված չենք, դեռ ռիսկային են հունիս-հուլիս ամիսները, քանի որ կարկուտը հենց այդ ամիսներին է լինում, եթե դրանից էլ խուսափենք, ուրեմն բերքը շատ լավ է լինելու, այս պահին միայն կարող եմ ասել, որ խաղողը լավ է, չեմ կարծում, որ նախորդ տարվանից պակաս բերք կունենանք, ում խաղողն էլ ցրտահարվել է՝ դա հենց իրենց մեղքն է, որ խաղողի վազերը ժամանակին չեն թաղել հողի մեջ»:

Անդրադառնալով մեր երկրում առաջին անգամ իրականացվող սուբսիդավորման փորձնական ծրագրին, որն ընդգրկել է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի 12 համայնքներն ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Մարտունի համայնքները, Գ. Պետրոսյանը նշեց, որ ծրագիրն այս տարվա համար արժե 234.5 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր մշակվող մեկ հեկտարի համար գյուղացուն որպես աջակցություն տրամադրել 35 հազար դրամ: Գումարը տրամադրվում է մինչեւ 7 հա հողակտոր ունեցողներին, որոնք ունեն աշնանացան հացահատիկ, բազմամյա խոտհարքներ, կամ նրանց, ովքեր մինչեւ հունիսի 15-ը ցանք կանեն. «Գումարը համայնք չի գնա, որ գյուղապետն էլ գյուղացուն սպառնա, թե ջրի, հողի վարձ չես տվել կամ ինձ ձայն չես տվել՝ քեզ փող չեմ տա, այնպես ենք արել, որ գյուղացուց տեղեկանք վերցնելու անհրաժեշտություն էլ չլինի, դրա համար նրանք պարզապես պետք է դիմեն բանկ ու առանց սպասարկման վճար մուծելու՝ 35 հազարը վերցնեն»,- ասում է Գ. Պետրոսյանը: Գյուղացին պետության այդ աջակցությունը ստանալու դեպքում պետք է պարտավորվի տվյալ տարածաշրջանի համար ապահովել միջինից բարձր բերք, իսկ եթե չստացվի՝ էլ այդ գյուղացուն փող չեն տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել