Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է, ՀԱՐԿԵՐԸ՝ ԿՐՃԱՏՎՈՒՄ

Մայիս 19,2007 00:00

\"\"Օլիգարխները գնալով իրենց ընկերությունները խոշոր հարկատուների ցանկից «վերացնում» են

Բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում էին տնտեսական կայունացում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ընտրողներին վստահեցնում էր, որ տնտեսական այնպիսի աճ պետք է ապահովեն երկրի համար, որ արտաքին պարտքն ու բյուջեի դեֆիցիտը զգալի կրճատեն:

Մեր տնտեսության ամենախոցելի տեղերից մեկը հարկերի հավաքագրումն է, որովհետեւ՝ եթե տնտեսվարողներն իրենց եկամուտները չթաքցնեն, եթե ստվերը կրճատվի, Հայաստանի պետբյուջեն մի քանի անգամ ավելի կլինի, քան այսօր է, տնտեսությունն էլ կկայունանա: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինքն էլ տնտեսվարող է, երկրի ամենախոշոր գործարարը, եւ բյուջեն հավաքագրվում է նաեւ նրա վճարած հարկերից, ուստի հաշվի առնելով, թե այս տարվա 3 ամիսներին նրա ընկերությունները որքան հարկ են վճարել՝ «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրի խոստումներն այնքան էլ ազնիվ չեն թվում: Կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների խոստումներին եւ նրանց առաջնորդների վճարած հարկերին անդրադառնում ենք հիմա՝ ընտրություններից հետո, որպեսզի նյութը որոշ կուսակցությունների նկատմամբ կողմնապահություն չդիտվի:

Այսպես, Գ. Ծառուկյանը գազի, կաթնամթերքի, գինու, կոնյակի, քարի, ցեմենտի եւ էլի մի քանի շուկաներում գործունեություն է ծավալում: Չնայած նրա բիզնեսների ընդլայնմանը, 2006-ի առաջին 3 ամիսների արդյունքներով՝ նա պետբյուջե է վճարել 482.3 մլն դրամ: Այս մասին վկայում է Հարկային պետական ծառայության՝ վերջերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը: Եթե համեմատենք այս թիվը Հայաստանում գործունեություն ծավալող այլ գործարարների վճարումների հետ, կարելի է ասել, որ Գ. Ծառուկյանն ամենաքիչ հարկ վճարող օլիգարխներից է: Նրա «Արարատցեմենտը» այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 273.8 մլն դրամ (40-րդ տեղ), «Մուլտի Լեոնը»՝ 131 մլն դրամ (82-րդ տեղ), «Մուլտի Գազը»՝ 77.5 մլն դրամ (150-րդ տեղ): Մյուս ընկերությունները 300 խոշոր հարկատուների նոր ցանկում չկան: Նկատի ունենալով, որ ողջ 2006-ի ընթացքում Գ. Ծառուկյանի բոլոր ընկերությունները միասին ընդամենը մոտ 1 մլրդ դրամի հարկ էին վճարել՝ առաջին 3 ամիսներին նրա կատարած 482.3 մլն դրամ ընդհանուր վճարումը կարելի է նույնիսկ «ճոխ» համարել:

Եթե 2006-ի տվյալներով ամենախոշոր հարկատու օլիգարխը Հրանտ Վարդանյանն էր, ապա այս տարվա ցուցանիշով արդեն՝ Սամվել Ալեքսանյանն է: Նրա շաքարավազի ներկրմամբ զբաղվող «Սալեքս գրուպը» (5-րդ տեղ) եւ դեղերի ներկրմամբ զբաղվող «Նատալի ֆարմը» (34-րդ տեղ) միասին այս տարի վճարել են 2 մլրդ 672 մլն դրամ: Ցանկից դուրս է եկել Ս. Ալեքսանյանի «Ֆլիտֆուդը», որը նույնպես շաքարավազ էր ներկրում, բայց հենց ավարտվեց այս ընկերության՝ շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվելու ժամկետը՝ Ս. Ալեքսանյանը, օգտվելով օրենքի բացից, գրանցեց մեկ այլ՝ օտարերկրյա ներդրումով ընկերություն (խոսքը «Սալեքս գրուպի» մասին է) եւ դարձյալ սկսեց օգտվել այդ արտոնությունից:

Երկրորդ խոշոր հարկատու օլիգարխը Բարսեղ Բեգլարյանն է: Նրա «Ֆլեշը», որը 6-րդ հորիզոնականում է, վճարել է 2 մլրդ 227 մլն դրամ, որի մեծ մասը բաժին է ընկնում մաքսայինին:

Բ. Բեգլարյանին փոքր-ինչ զիջում է Հրանտ Վարդանյանը, որի «Գրանդ Տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Գրանդ Քենդին» եւ «Գրանդ կոմերցը» միասին վճարել են 2 մլրդ 146 մլն դրամ:

Հաջորդ խոշոր հարկատուն Սուքիասյաններն են: Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պարես Արմենիան», «Հայէկոնոմբանկը», «Բջնին» եւ «Նարեկը» միասին վճարել են մոտ 1 մլրդ 891 մլն դրամ: Նկատենք, որ 2006-ի արդյունքներով՝ Խ. Սուքիասյանը 3-րդ խոշոր հարկատուն էր, իսկ այս տարի արդեն վճարած հարկերով 4-րդն է:

Հաջորդ խոշոր հարկատուն ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն է (ՄԱԿ-ի նախագահ): Նրա «Արսօյլը» այս տարի 20-րդ հորիզոնականում է եւ վճարել է 415 մլն դրամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը 21-րդ տեղում էր եւ 411 մլն դրամ էր վճարել: «Արսօյլը» 2004-ին, 2005-ին եւ 2006-ին օգտվել է շահութահարկի 50 տոկոս նվազեցման արտոնությունից, իսկ այս տարի արդեն 100 տոկոսով շահութահարկ վճարում է:

Եվ, վերջապես, խոշոր հարկատու օլիգարխների շարքից այս տարի «սյուրպրիզներ» է անում Միխայիլ Բաղդասարովը: Նրա ընկերությունները քիչ-քիչ խոշոր հարկատուների ցանկից անհասկանալի պատճառներով դուրս են մնում: Չնայած Բաղդասարովի «Միկացեմենտի» բիզնեսը գնալով ընդլայնվում է, ցեմենտի շուկայից այս գործարարը գերշահույթներ է ստանում, սակայն «Միկացեմենտի» վճարած հարկերը տարեցտարի նվազում են: Մ. Բաղդասարովի մյուս ընկերությունները՝ «Միկա Արմենիա թրեյդինգը» եւ «Արմավիան» միասին վճարել են 342 մլն դրամ: Բաղդասարովը 30 տոկոս բաժնեմաս ունի նաեւ «ՎՏԲ-Հայաստան» բանկի բաժնետոմսերից ու եթե նույնիսկ այդ բանկի վճարած ամբողջ հարկերն էլ վերագրենք Բաղդասարովին, դարձյալ նա չափազանց համեստ դիրքերում է եւ ամենաքիչ հարկ վճարած օլիգարխներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել