Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԸ ԿՅԱՆՔՍ ԽՈՐՏԱԿԵՑ»

Մայիս 19,2007 00:00

«ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԸ ԿՅԱՆՔՍ ԽՈՐՏԱԿԵՑ»

ՄԻԱՎ վարակակիրները հույս ունեն, որ կգտնվի մի դեղամիջոց, որը կփրկի իրենց կյանքը

«Մարդիկ մտածում են՝ եթե սպիդ ես, ուրեմն կամ մարմնավաճառ ես, կամ թմրամոլ: Չեն հասկանում, որ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Ես, օրինակ, ոչ մի վատ վարքագիծ չեմ ունեցել, երբեւէ չէի մտածի, որ կվարակվեմ, բայց… ստացվեց: Ինձ համար շատ ծանր էր, երբ իմացա, որ վարակակիր եմ, ահավոր սթրես տարա, բայց կյանքը շարունակվում է: Ես ուզում եմ ապրել՝ առանց մտածելու, որ մի օր մահանալու եմ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես \"\"սկսեց իր մասին պատմել Կարինեն, որն արդեն 7-8 տարի է՝ ապրում է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս): Նա ընդամենը 32 տարեկան է: ՄԻԱՎ-ով վարակվել է ամուսնուց, որը թմրամոլ է եղել. «Մենք Բելառուս էինք գնացել՝ աշխատելու, արդեն 4 տարի էր՝ այնտեղ էինք: Մի օր հիվանդանոցից մեր տուն զանգեցին ու ասացին, որ ամուսինս պետք է կրկնակի անալիզ տա, որպեսզի եւս մեկ անգամ ճշտեն՝ ՄԻԱՎ վարակակի՞ր է, թե՞ ոչ: Երբ իմացան, որ կինն եմ, ինձ էլ հորդորեցին անպայման ստուգվել: Երկուսիս մոտ էլ արդյունքը դրական էր: Ահավոր սթրես ապրեցի: Ես գաղափար անգամ չունեի՝ ինչ բան է ՄԻԱՎ-ը, ինչ բան է ՁԻԱՀ-ը, չգիտեի՝ այդ հիվանդությունն ինչպես է փոխանցվում: Այդ ժամանակ երեխաս փոքր էր՝ 4 տարեկան, չէի ուզում, որ նա ինձ մոտենար, կպներ ինձ, վախենում էի նրան էլ վարակել»: Իմանալով իրենց հիվանդության մասին՝ Կարինեն ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Դա այն շրջանն էր, երբ հայ մասնագետները մեծ աղմուկ էին բարձրացրել «Արմենիկումի» շուրջ եւ հայտարարում էին, որ գտել են ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) բուժման գաղտնիքը: Կարինեին այդ հայտարարությունները մեծ հույս են տվել. «Մտածում էինք՝ հնարավոր է բուժվենք, դրա համար էլ սկսեցինք հետաքրքրվել «Արմենիկումով», բայց էնպես, որ մեր ծանոթներից ոչ ոք չիմանար այդ մասին: Մեզ ասում էին՝ բուժումն անվճար է, բայց երբ մենք մեր կանալներով հետաքրքրվեցինք, պարզվեց՝ մեծ գումար են ուզում՝ 16 հազար դոլար, դա 2000 թվականին հսկայական գումար էր, այդ ժամանակ 3000 դոլարով բնակարան կարող էիր գնել, բացի այդ, ամեն մի անալիզը 100-200 դոլար էր, պատկերացրեք՝ ինչքան մեծ գումար էին ուզում: Բնականաբար, չէինք կարող այդքան գումար վճարել, սպասեցինք մի քանի տարի, 2004-ին իմացանք, որ 50 հոգու պետպատվերով բուժում են: Ես «Արմենիկումի» հակագովազդը չեմ անում, բայց նրանց դեղամիջոցն ընդունեցինք՝ ոչ մի ռեալ փոփոխություն չեղավ: 4 կուրս էր նախատեսված, ես 4-ն էլ ընդունեցի՝ ոչ մի փոփոխություն, ընդհակառակը, ամուսնուս մոտ նույնիսկ արագացավ վիրուսի զարգացումն ու նա կարճ ժամանակ անց մահացավ»:

Ներկայումս Կարինեի որդին 11 տարեկան է, սովորում է 6-րդ դասարանում: Մոր հիվանդության մասին արդեն գլխի է ընկնում. «Մենք բացեիբաց դրա մասին չենք խոսում, բայց կարծես տուն-տունիկ ենք խաղում»: Կարինեն ապրում է իր տղայով: Նա երազում է, որ մեր հասարակությունն այնքան գիտակից ու գրագետ լինի, որ կարողանա իր կարգավիճակի մասին ազատ խոսել՝ առանց ամաչելու դրանից. «Ես կարող եմ բոլորին ասել, որ ես վարակակիր եմ, որ այդ հիվանդությունը շփումներից չի փոխանցվում, ուզում եմ մարդկանց բացատրել, որ չխուսափեն ՁԻԱՀ-ով հիվանդներից: Բայց ես երեխա ունեմ ու չեմ ուզում, որ նրան մատով ցույց տան: Հիմա շատ քիչ մարդիկ կան, որ իմ հիվանդության մասին գիտեն: Հիշում եմ՝ երբ իմ մոտիկ հարեւանուհուն ասեցի, սկսեց խուսափել ինձ հետ շփվել, նկատում էի, որ սուրճն էլ միշտ նույն բաժակով էր ինձ տալիս: Չեք պատկերացնի, թե դա ինչ վիրավորական էր: Բայց քիչ-քիչ բացատրեցի, որ բաժակից չեն վարակվում, որ դա տգիտության նշան է՝ այլեւս սկսեց չխուսափել: Ես հասել եմ դրան, որ նա ինձնից չխուսափի, իսկ դա բարդ աշխատանք է, չես կարող բոլորի հետ նման մանրակրկիտ բացատրողական աշխատանք տանել»:

Հիմա Կարինեն ընդունում է հակառետրովիրուսային բուժում: Ամեն օր զարթուցիչի ձայնը նրան ազդարարում է, որ «դեղերի ժամն» է, եթե դրանք ոչ կանոնավոր ընդունի՝ բուժումն արդյունավետ չի լինի: Այդուհանդերձ, Կարինեն կյանքից չի հիասթափվում. «Ես ապրում եմ հույսով, որ կգտնվի այն դեղորայքը, որը մեզ կփրկի: Ամեն օր ինտերնետում փնտրում եմ, որ իմանամ՝ նոր դեղ ստեղծվե՞լ է, թե՞ ոչ: Ես մտածում եմ՝ միեւնույն է, բոլորս էլ մի օր մահանալու ենք: Կարող է լրիվ առողջ լինես, տնից դուրս գաս, մի դեպք լինի՝ էլ տուն չգաս: Ես սովորել եմ ապրել՝ առանց մտածելու մահվան մասին»:

\"\"Գեւորգը նույնպես հավատում է, որ կգա մի օր, երբ, իր խոսքերով՝ «4 հատ հաբ կտան, կասեն՝ խմի ու էդ հիվանդությունը կվերանա»: Նա ընդամենը 25 տարեկան է՝ ծնողների միակ որդին. «Ջահել, 22 տարեկան սպորտսմեն տղա էի, նոր էի բանակից եկել: Գնացի Ռուսաստան, էնտեղ մի աղջկա հետ ծանոթացա, գիտե՛ք Ռուսաստանում ոնց է, էնպես ստացվեց, որ ընդամենը 1 անգամ կապի մեջ մտա էդ աղջկա հետ: Ի՞նչ իմանայի, որ դա ճակատագրական է լինելու ինձ համար ու խորտակելու է ամբողջ կյանքս»: Իր հիվանդության մասին Գեւորգն իմացել է ավելի ուշ, երբ արդեն վերադարձել է Երեւան. «Թրաշվելուց հետո դեմքիս մի պզուկ էր եղել, երկար չէր անցնում, գնացի մաշկաբանի մոտ, ինձ մի հասցե տվեց, ասեց գնա էնտեղ: Ես էլ գնացի՝ բացարձակապես չմտածելով, թե ուր են ինձ ուղարկել: Հետո հասկացա, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն էր: Երբ անալիզները հանձնելուց հետո բժիշկն ինձ ասեց, որ ՄԻԱՎ վարակակիր եմ, ես սկզբում չհասկացա, չէի կարողանում հավատալ: Թե ինչ էր կատարվում հետս՝ էդ մենակ ես գիտեմ: Ես չգիտեի, թե դա ինչ հիվանդություն է, հիվանդանոցից դուրս էի եկել ու երկար ժամանակ կանգնել կանգառում, չգիտեի՝ տո՞ւն գնալ, թե՞ ուր: Ես մի օրում 10 տարով ծերացա, հասունացա: Վախենում էի տնեցիներին վարակել, չգիտեի, որ դա շփումից չի փոխանցվում: Մի քանի ժամ փողոցում թափառելուց հետո միայն հիշեցի, որ հիվանդանոցի բժիշկը, որն անալիզի պատասխաններն ասեց, ինձ վերջում ձեռքով հաջողություն արեց, ուստի գիտակցեցի, որ չէր կարող ձեռքի շփումից վարակվեր, գնացի տուն: Մորս ասացի, թե ինչ հիվանդ եմ, միայն հավատացրի, որ դա բուժվող է: Նրան պատրաստել էր պետք»:

Գեւորգը բռնցքամարտ է պարապել ու նրա պատմելով՝ երբեւէ առողջական որեւէ խնդիր չի ունեցել. «Կյանքում իմ գլուխը չի ցավացել, «դաժե» գրիպ չեմ ընկել, բայց արի ու տես, որ էդ վատ հիվանդությունն ինձ եկավ կպավ»: Գեւորգի բարեկամներն ու մոտ ընկերները գիտեն, որ նա ՄԻԱՎ վարակակիր է. «Ես երջանիկ եմ այնքանով, որ ոչ ոք ինձնից երես չթեքեց: Միայն մի անգամ տղերքով կռվի էին գնացել ու ինձ չէին ասել, ափսոսել էին երեւի, ես իմացա ու շատ էի վիրավորվել: Դրանից հետո նման դեպք չի եղել, որ զգացնել տան, թե ես իրանցից ինչ-որ բանով պակաս եմ: Ես չեմ թույլ տա, որ ինձ խղճան»:

Ներկայումս Գեւորգը ոչ դիետա է պահում, ոչ էլ դեղ է ընդունում. «Ես ինձ լավ եմ զգում, ինչի՞ հիմիկվանից սկսեմ դեղերով ապրել»: Մեր հարցին՝ եթե քեզ մի աղջիկ սիրահարվի, ի՞նչ կանես՝ նա պատասխանեց. «Աստված չանի, չեմ ուզենա, որ աղջկան տաքացնեմ վրես ու հետո ասեմ, թե գիտես՝ ես ՁԻԱՀ եմ: Դա ճիշտ չի»: Գեւորգը պատմում է, որ հաճախ իր ընկերների կանայք աղջիկներ են գտնում եւ «պատահական» հանդիպումներ կազմակերպում՝ ցանկանալով Գեւորգի համար նրա սրտով մի լավ տնական աղջիկ գտնել: Սակայն նրանց համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու Գեւորգն այդպես էլ այդքան աղջիկների միջից որեւէ մեկին չի ուզում եւ ընտրություն չի կատարում. «Մի անգամ էնքան սիրուն աղջկա հետ էին ծանոթացրել, որ ես ուրիշ ժամանակ տարիներով կընկնեի էդ աղջկա հետեւից, միայն թե նա ինձ վրա ուշադրություն դարձներ: Իսկ ես ստիպված էի գլուխս թեքել, շրջվել, չխոսել նրա հետ, որ հանկարծ չսիրահարվեի: Չեմ կարծում, որ որեւէ աղջիկ կցանկանա ամուսնանալ ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ, հազարից, միլիոնից մեկը այդ քայլին կգնա: Իսկ ես չեմ պատրաստվում ամուսնանալ՝ հետո ասել, չեմ դժբախտացնի ոչ մի աղջկա: Թեեւ միակ բանը, որ ափսոսում եմ ու կափսոսամ իմ կյանքում, այն է, որ չհասցրի ամուսնանալ, ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Ես երեխաներ շատ եմ սիրում: Իմ հաշվելով՝ իմ տղեն հիմա պիտի 4 տարեկան լիներ, եթե բանակից գայի ու չգնայի Ռուսաստան, միանգամից ամուսնանայի»:

Արդեն 3 տարի է՝ աղջիկների եւ ամուսնանալու թեման մեկընդմիշտ փակված է Գեւորգի համար: Բայց որքան էլ որ խուսափել է, այնուամենայնիվ, այնպես է ստացվել, որ նա սիրահարվել է. «Ես չեմ ուզում այդ մասին մտածել անգամ, ինչքան էլ որ ցանկանամ, երբեք էդ աղջկան չեմ ասի իմ զգացմունքների մասին ու թույլ չեմ տա, որ նա էլ ինձ սիրահարվի: Ես իմ մեջ մտցրել եմ՝ սիրահարվել չկա, պահի տակ լինում է, որ երազների գիրկն եմ ընկնում ու հավատում եմ, որ կարող ա, իրոք, իմ սիրած աղջիկն ինձ ճիշտ հասկանա ու իր կյանքը կապի իմ հետ, բայց հետո երբ սթափվում եմ, հասկանում եմ, որ դա միայն հեքիաթներում ու սերիալներում ա լինում»:

Գեւորգը հավատում է, որ ինչպես սիֆիլիսի ու տուբերկուլյոզի դեմ դեղամիջոցը հայտնաբերվեց, այնպես էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների համար բժշկությունն ինչ-որ դեղամիջոց կգտնի, որը վերջնականապես կբուժի իրենց:

Ապրելու եւ բուժվելու հույսը չի կորցնում նաեւ 35-ամյա Գայանեն: Նա նույնպես ՄԻԱՎ-ով է վարակվել իր ամուսնուց, իսկ ամուսինը՝ թմրամիջոցներից: Վարակի մասին իմացել է 3 տարի առաջ, շատ պատահական. «Ամուսնուս Ռուսաստանում ինչ-որ փաստաթուղթ է պետք եղել, որի համար պահանջել են բժշկի տեղեկանք: Բուժստուգման ընթացքում հանկարծ պարզվել է, որ ՄԻԱՎ վարակակիր է: Ես էլ ստուգվեցի՝ ինձ մոտ էլ էր դրական»: Գայանեն իր առողջական վիճակի համար ամուսնուն չի մեղադրում: Նա մինչ օրս սիրահարված է իր կողակցին: Սերը ամուսնու նկատմամբ ուժ է տալիս նրան՝ ապրելու. «Ես չեմ դժգոհում իմ վիճակից, պարզապես երբեմն մտածում եմ՝ ո՞ր մեղքիս համար, Աստված, ի՞նչ եմ արել այդքան ահավոր, որ ինձ հետ նման բան պատահեց: Չկա մեկը, որ երբեւէ ինձանից նեղված լինի, ես ոչ մեկին չեմ նեղացրել, բոլորի դրության մեջ մտել եմ, բոլորին օգնել եմ՝ ինչով կարողացել եմ»:

Գայանեի ծնողները չգիտեն, որ իրենց դուստրը ՄԻԱՎ վարակակիր է. «Չեմ էլ ուզում իմանան, շատ ծանր կտանեն: Բացի այդ, չեմ ուզում, որ ծնողներս ամուսնուս մեղադրեն, որովհետեւ առանց այդ էլ գիտեն, թե ինչ կյանքով է նա ապրել»:

Գայանեի տղան արդեն 10 տարեկան է: Նա մորն անընդհատ հարցնում է՝ «Մամ, ինչի՞ իմ համար քուրիկ կամ ապերիկ չեք բերում, ես մենակ եմ»: Գայանեի խոսքերով՝ «դա ինձ ուղղակի սպանում է, որովհետեւ ես դեռ երեխա չեմ կարող ունենալ, պարզապես ռիսկի չեմ ուզում դիմել: Մենք որոշել ենք, որ օրերից մի օր մեր որդուն ասելու ենք, որ վարակակիր ենք, բայց ոչ հիմա, նա դեռ շատ փոքր է ու սթրես կտանի, չգիտենք ինչպես կապրի: Հիմա միայն նախապատրաստում ենք նրան»:

Գայանեի, Գեւորգի եւ Կարինեի համար հիմա ավելի հեշտ կլիներ, եթե հասարակությունը նրանց հիվանդությանը նորմալ վերաբերվեր եւ չխուսափեր շփվել նրանց հետ: Չնայած հասարակության անտարբերությանը, նրանք համաձայնեցին պատմել իրենց մասին զուտ նրա համար, որպեսզի ուրիշների կյանքը փրկեն: Նրանք հավատացած են, որ մարդիկ կսկսեն խուսափել պատահական սեռական կապերից, անպայման պահպանակ կօգտագործեն, հեռու կմնան թմրամիջոցներից, օգտագործելու դեպքում էլ՝ զգույշ կլինեն:

Հ. Գ. Նյութում ներկայացված բոլոր հերոսների անունները պայմանական են: Նրանց հետ մենք զրուցեցինք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել