Լրահոս
Օրվա լրահոսը

Շներին ժպտացեք

Մայիս 19,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը գտնում է, որ հայերը շների հետ շփվելու կուլտուրա չունեն

Մայրաքաղաքում թափառող շները լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար, որովհետեւ հատկապես գիշերային ժամերին հաճախ հարձակվում են մարդկանց, երեխաների վրա ու վնասում: Նրանք, քանի որ սնվում են աղբանոցներում, հաճախ հանդիսանում են վարակների տարածման աղբյուր: Այդ շներին վնասազերծելու համար Երեւանի քաղաքապետարանը 2 մեթոդ է կիրառում՝ կամ նրանց ստերիլիզացնում է, որի արդյունքում կենդանին այլեւս չի բազմանում, կամ ոչնչացնում: Կա «շնասեր» հասարակության մի խումբ, որը տեսնելով, թե ինչպես են համապատասխան մարմինները որսում թափառող շներին, դիմում է տարբեր գերատեսչությունների ու լրատվամիջոցների՝ բողոքելով քաղաքապետարանի «անխիղճ եւ սառնասիրտ» արարքից: Թափառող շներին պաշտպանողների համոզմամբ՝ կենդանուն ոչնչացնելու փոխարեն կա ավելի լավ տարբերակ՝ պետք է նրանց համար պետությունը հատուկ կացարաններ կառուցի ու շների խնամքն իր վրա վերցնի: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում նկատեց քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը՝ «Մինչ կացարանի կառուցումը, նախ բազմահազար շներին որսալու համար բավականին լուրջ գումարներ են պետք, այնուհետեւ թափառող կենդանիներին հատուկ բժշկական զննման պետք է ենթարկել, նրանց կերակրելու խնդիրը պետք է լուծել, իսկ դա թանկ հաճույք է»: Ամերիկան, օրինակ, փողոցներում թափառող շների պրոբլեմը լուծելու համար նրանց տրամադրել է կացարաններ եւ հսկայական միջոցներ է ծախսում այդ շներին պարբերաբար բժշկական զննում անցկացնելու, կերակրելու համար: Այնտեղ շները նաեւ փաստաթղթեր ունեն, որտեղ նշված է կենդանու տարիքը, ցեղատեսակը, գրանցված են բժշկական զննությունների բոլոր արդյունքները: Իսկ Հայաստանը նման հնարավորություններ չունի: Կարեն Գեւորգյանի հավաստմամբ՝ նույնիսկ Մոսկվան, որն աշխարհի թանկ ու շքեղ քաղաքներից մեկն է, այնուամենայնիվ, թափառող կենդանիների վնասազերծման խնդիրը չի կարողանում լուծել:

Կարեն Գեւորգյանն էլ է համաձայն, որ չնայած պարբերաբար իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքում շների թիվը չի նվազել. «Պետք է հաշվի առնել, որ շները տարին 2 անգամ բազմանում են: Բացի այդ, հետաքրքիր բնազդ ունեն, երբ նկատում են, որ իրենց «մերձավորներին» սպանում են, սկսում են էլ ավելի արագ բազմանալ»: Ամբողջ աշխարհում շների ստերիլիզացման եւ ոչնչացման մեթոդների արդյունավետությունը միայն 5 տարի հետո է երեւում: Մինչ մեր երկրում էլ քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքը կերեւա, պետք է թափառող շների նկատմամբ փոքր-ինչ հանդուրժող լինել: Քաղաքապետարանի պաշտոնյան գտնում է, որ ընդհանրապես հայերը շան հետ շփվելու կուլտուրա չունեն, եւ եթե կենդանուն չգազազեցնեն, չվնասեն, ապա հնարավորինս կխուսափեն վտանգից: Կ. Գեւորգյանը խորհուրդ է տալիս շան կողքով ժպտալով անցնել, այլ ոչ թե վախեցած, սարսափած տեսքով՝ նրան հունից հանել: «Թափառող կենդանիների որսերի ժամանակ հաճախ բողոքներ ենք ստանում տարբեր ռեստորանների, առեւտրի կենտրոնների տերերից, որոնք դժգոհում են, թե նման որսերի ժամանակ նաեւ իրենց տարածքները հսկող շներն են տուժել: Բողոքավորների այս խումբը մոռանում է, որ այդ կենդանիներին իրենք չեն հետեւում, չեն կերակրում, ինչի հետեւանքով կենդանիները հայտնվում են փողոցում, սնունդ են փնտրում աղբամաններում՝ աղտոտելով քաղաքը, հարձակվում են պատահական անցորդների վրա»:

Նշենք, որ 2006-ի մարտից մինչ օրս մայրաքաղաքում մոտ 12000 թափառող շուն է ոչնչացվել եւ 2500-ն էլ ստերիլիզացվել է: Այդ շներից վերջնականապես ազատվելու համար պետք է լուրջ ծրագիր մշակել եւ մեծ ներդրումներ կատարել: Նախեւառաջ, ըստ Կ. Գեւորգյանի, հարկավոր է օրենք մշակել, որով կառաջնորդվեն նաեւ տնային պայմաններում կենդանիներ պահողները. «Հույս ունեմ, որ նորաստեղծ խորհրդարանը այս մասին օրենք կընդունի, որի շնորհիվ մեզ մոտ էլ կենդանիները կգրանցվեն համապատասխան հաստատություններում, պարբերաբար բժշկական զննման կենթարկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել