Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒԶԵՆ՝ 60 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՐՁԱՆԱԳՐԵՆ»

Մայիս 19,2007 00:00

\"\"Տնտեսագետները չեն հավատում Կենտրոնական բանկի եւ Վիճծառայության «նկարած» տնտեսական աճին:

«2007-ին Հայաստանում ակնկալվում է 9-12 տոկոս տնտեսական աճ, իսկ 2008-ի առաջին եռամսյակում՝ մի փոքր քիչ՝ 6,5-8,5 տոկոս». այսպիսի կանխատեսում է արել Կենտրոնական բանկը: Հաշվի առնելով տնտեսագետների եւ միջազգային փորձագետների մտավախությունները, որ 2007-ից սկսած մեր երկրում ճիշտ հակառակ պրոցեսը կլինի՝ տնտեսական անկում կդիտվի՝ ԿԲ-ի կանխատեսումը, կարելի է ասել, խիստ լավատեսական է: Օրինակ, վերջերս Զարգացման ասիական բանկի փորձագետները Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ հաշվետվությունում Հայաստանի համար կանխատեսել են, որ 2007-2008-ին այստեղ տնտեսական աճը գրեթե կմարի եւ այս տարի երկնիշ տնտեսական աճ ունենալու մասին կարելի է միայն երազել: Ըստ հաշվետվության, մեր երկրում տնտեսական աճը 9-10 տոկոս անկում է ապրելու, որովհետեւ այդ աճը նախորդ տարիներին արձանագրվել էր շինարարության եւ ծառայությունների ոլորտներում տեղի ունեցած բումով, որն այս տարի չի սպասվում:

Այն, որ մեր երկրում այս տարի 9-12 տոկոս տնտեսական աճ չի լինի՝ համոզված են նաեւ տնտեսագետները: «Արդեն 5-6 տարի է, ինչ Հայաստանում տնտեսական աճը չափազանցվում է: Մեր տնտեսությունը կենտրոնացած է 44 ընտանիքի ձեռքում, իրենք ինչքան աճ ուզում՝ այդքան էլ գրանցում են, կարող են ասել՝ 40 տոկոս աճ ենք ունենալու, դա չի նշանակում, որ իրականում հենց այդպես էլ պետք է լինի, իրենց մնա՝ 60 տոկոս աճ կարձանագրեն: Փաստն այն է, որ մարդկանց հարաբերական աղքատությունը խորանում է: Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի սուտ թվերին՝ ԿԲ-ի նպատակն է երկիրը սնանկացնել ու այն տալ օլիգարխներին, դրա համար էլ ինչ ուզեն՝ կկանխատեսեն ու կարձանագրեն: ԿԲ-ն պատվեր է կատարում՝ վերեւների պատվերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, Ազգային վիճակագրությունը արդեն քանի տարի է՝ սուտ թվեր է ներկայացնում, թե երկնիշ տնտեսական աճ է գրանցվել. «Եթե տնտեսությունը 1 տոկոս աճեր՝ բյուջեն պետք է 3 տոկոսով լցվեր, բայց դա այդպես չի լինում, բյուջեն տնտեսական աճից պակաս է ավելանում: 1 տոկոս աճի դեպքում պետք է արտաքին առեւտուրը 2.5 տոկոսով աճեր, բայց վերջին 7 տարիներին նման բան չի նկատվում: Կենտրոնական բանկը միշտ տնտեսական աճը բարձր է ներկայացնում, ինֆլյացիան էլ՝ ցածր, իջեցնում է՝ ինչքան ուզում է: Երբ ասում են, որ գնաճը կազմել է 3-4 տոկոս, դա նշանակում է, որ առնվազն 7-8 տոկոս գնաճ ունենք: Չեմ կարող ասել, որ տնտեսական աճ ընդհանրապես չենք ունեցել: 90-ականների ռեֆորմները թույլ են տալիս վերջին մի քանի տարիներին դինամիկ աճ ապահովել, բայց՝ 3-6 տոկոս: Եթե Կենտրոնական բանկի եւ Վիճծառայության տված թվերին հավատանք՝ բյուջեն պետք է տարեկան գոնե 40 տոկոս աճի, բայց դա չի լինում, լավագույն դեպքում աճում է 10 տոկոսով: Մենք այսօր պետք է գոնե 2 մլրդ դրամանոց բյուջե ունենայինք, ինչը չունենք: Մեր տնտեսությունն իրականում ողբալի վիճակում է, տնտեսության կենտրոնացվածությամբ միայն Թուրքմենստանից ու Ուզբեկստանից ենք առաջ»: Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ նախորդ տարի տնտեսական աճը պայմանավորված էր շինարարության բումով, ըստ Հրանտ Բագրատյանի՝ «դա պարզապես բլեֆ է: Շինարարությունը չէր կարող աճել 40-60 տոկոսով, ինչպես ներկայացնում են: Այդ աճն ընդամենը 20 տոկոս է եղել: Եթե նախորդ տարի տնտեսական աճը կապում էին շինարարության ցուցանիշի հետ, դա էլ ավարտվեց, տեսնենք այս տարի ի՞նչ պիտի մոգոնեն ու ինչի՞ հաշվին պիտի «աճ» ապահովեն»:

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նույնպես համոզմունք հայտնեց, որ ԿԲ-ի կանխատեսումները չեն իրականանա. «Նախընտրական տարիներին Հայաստանը միակ երկիրն է, որտեղ աճ է լինում, 2003-ին արձանագրեցին ամենաբարձր տնտեսական աճը՝ 13.9 տոկոս, 2005-ին էլ, երբ հանրաքվե եղավ, էլի բարձր՝ 13.9 տոկոս աճ արձանագրեցին, բոլոր նորմալ երկրներում նախընտրական տարում աճ չի լինում, տնտեսությունը կանգնում է, որովհետեւ ներդրողները չեն ուզում հարցական իշխանություն ունեցող երկրում փող ներդնել: Մեր երկրին դա չի վերաբերում, որովհետեւ այստեղ բոլոր տնտեսական աճերը զուրկ են որեւէ տրամաբանությունից»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով. «Ընդհանրապես մեր երկրում տնտեսական աճի մասին չի կարելի խոսել: Եթե Տիգրան Սարգսյանը տնտեսական աճ ասելով նկատի ունի վերականգնողական աճի ցուցանիշը, ապա դրա համար պետք է ամաչենք, որովհետեւ այդ աճը գոնե 25-30 տոկոսի պետք է հասնի: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, մեզ մոտ այն պարզապես չկա, որովհետեւ թեեւ թվերը բարձրանում են, բայց դա ոչ մի կերպ չի ազդում ընդհանուր կենսամակարդակի բարձրացման, մարդկային զարգացման վրա: Չնայած միշտ երկնիշ տնտեսական աճ են արձանագրում, բայց մենք որոշ շատ կարեւոր ճյուղերում հետընթաց ենք ապրում: Օրինակ, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՆԱ աճի մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 0 տոկոս, դա խայտառակություն է»: Ըստ Թաթուլ Մանասերյանի, հաշվի առնելով, որ մենք պարտքով ապրող երկիր ենք, եւ ներկայումս արտահանումը 2 անգամ զիջում է ներմուծմանը, «թող Տիգրան Սարգսյանը մեզ բացատրի, թե այդ ինչպես կարող է այդպիսի վիճակում գտնվող երկիրը տնտեսական աճ արձանագրել, դա անհնարին է»: Թաթուլ Մանասերյանը չցանկացավ կանխատեսել, թե իրականում քանի՞ տոկոս կլինի տնտեսական աճը, այնուամենայնիվ, նրա խոսքերով՝ «ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել