Լրահոս
Օրվա լրահոսը

Հուղարկավորության ծեսից մինչեւ ընտրական «ծես»

Մայիս 19,2007 00:00

Երեկ այս թեմաներով բանավիճեցին ազգագրագետ Կարլ Սեղբոսյանն ու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսն ու մշակութաբան Հրաչ Բայադյանը:

Երեկ «Հայելի» ակումբում ազգագրագետ Կարլ Սեղբոսյանն ու Արարատյան հայրապետական թեմի աթոռանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը քննարկեցին հուղարկավորության ծեսին վերաբերող հարցեր: «Գերեզմանի սրբությունն այսօր վերացել է. ճաղերը քանդում, վաճառում են, հեկտարներով տարածություններ են վերցնում, որ գերեզման կառուցեն»,- պատմեց Կ. Սեղբոսյանը: Տեր Հակոբն էլ փաստեց. «Տանը կատարվող արարողությունը, գերեզմանակարգը, հոգեհացի արարողությունը խաթարվել են մեզանում: Ախր հուղարկավորությունը, պսակադրությունն ու մկրտությունը դեպի փրկություն տանող կարեւորագույն խորհուրդներից են: Այսօր շիրմաքարերն ու գերեզմանատները մտահոգության առարկա են դարձել, հուղարկավորության համար անգամ կենտրոնական ճանապարհներ են փակվում»:

Նրա խոսքից հետո Կ. Սեղբոսյանը նկատեց, որ հաճախ հուղարկավորության ժամանակ ավելի շատ գումար են ծախսում տվյալ անձնավորության համար, քան նրա ողջ կյանքի ընթացքում. «Եթե այդ ծախսերը կենդանության օրոք անեին, գուցե մարդը մի քանի տարի ավելի ապրեր»: Տեր Հակոբի կարծիքով՝ ներկայումս կյանքում անհավասարությունը տեղափոխվել է նաեւ գերեզմանատներ. «Խնդիրը պետք է կարգավորվի օրենքով, օրինակ՝ ստեղծվեն տիպային գերեզմանոցներ, որոնք կենթադրեն կոնկրետ չափաբաժին»: Հոգեւոր սպասավորի փոխանցմամբ՝ տիպային գերեզմանոցների մասին օրինագիծն արդեն ընդունած է եւ մնում է այն գործադրել: Երեկ հյուրերն իրենց կարծիքներն արտահայտեցին նաեւ դիակիզման վերաբերյալ: «Դիակիզմանը դեմ չեմ, քանի որ այն ունի նաեւ էկոլոգիական նշանակություն: Օրինակ, Քանաքեռի գերեզմանատունն ավելի մեծ չպետք է լինի, քան Քանաքեռի ողջ տարածքը: Մյուս կողմից էլ գտնում եմ, որ հոգեւորականները մահից հետո չպետք է դիակիզման ենթարկվեն»,- նկատեց Կ. Սեղբոսյանը: Ի տարբերություն վերջինիս, տեր Հակոբն էլ ասաց. «Որպես 1700-ամյա քրիստոնյա երկիր՝ մեզ պետք չէ դիակիզումը: Իսկ եթե նկատի ունեք էկոլոգիական նշանակությունը, դիակիզման փոխարեն կարելի է օգտագործել նորագույն քիմիական նյութեր»:

Երեկ «Հայելի» ակումբում կազմակերպված երկրորդ միջոցառման հյուրերն էին բանաստեղծ, թարգմանիչ, անկախ Հայաստանի առաջին մշակույթի նախարար Հակոբ Մովսեսն ու մշակութաբան Հրաչ Բայադյանը: Նրանք էլ անդրադարձան վերջերս կայացած ընտրության «ծեսին»՝ քննարկումը սկսելով «կաշառք» բառի ծագումնաբանությունն ու «կաշառակերություն» երեւույթի պատմական հիմքերը ներկայացնելով: «Հայաստանում կաշառակերությունը զանգվածային բնույթ ստացավ խորհրդային շրջանի վերջին տարիներին՝ 70-80-ականներին: Այն կապվում է կոմունիստական իշխանության անկման հետ: Առաջին կեղծ ընտրությունները մեզանում 1996-ի նախագահական ընտրություններն էին»,- ասաց Հ. Բայադյանը: Վերջինս կարծում է, որ այսօրվա մտավորականությունը պարտված է. «Մեր հասարակությունը աշխարհի մասին կամ ոչինչ չգիտի, կամ բացարձակ հետաքրքրված չէ: Իսկ դա մտավորականության պարտութան մասին է վկայում: Այն մտավորականների, ովքեր թաքնվում են կուսակցությունների ետեւում, իշխանության կրունկի տակ՝ ինչ-որ կոչում կամ մրցանակ ողորմելու համար»: Հ. Մովսեսն էլ հետեւյալ եզրահանգման է եկել. «Վատ մշակույթ ունենք ոչ թե, որ մեր պետությունն է վատը, այլ ունենք վատ պետություն, քանի որ մեր մշակույթն է վատը (՞): Չգիտենք՝ ինչ է պետությունը. մի քանի սոցիոլոգիական տերմիններ ծամոնի պես վերցրել ենք բերաններս ու դրանց իմաստն էլ չենք հասկանում, օրինակ՝ ոչ ոք չգիտի՝ ինչ է դեմոկրատիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել