Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ԴԱ՞Ս, ԹԵ՞ ԿԵՐՈՒԽՈՒՄ

Մայիս 19,2007 00:00

\"\"Կրթության պատասխանատուները ցանկանում են, որ շրջանավարտներն ավելի շատ կենտրոնանան հրաժեշտի գեղեցիկ խորհրդի, քան խնջույքների վրա:

2006-2007 ուսումնական տարում մայրաքաղաքի դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը կազմել է 119489: Մայիսի 25-ին Երեւանի դպրոցներում «վերջին զանգը» կհնչի 11.480 շրջանավարտի համար: «Վերջին զանգի» արարողությանը աշակերտները, իրենց ծնողների եւ ուսուցիչների հետ, պատրաստվում են ողջ տարին, որի ընթացքում դպրոցների միջեւ լուրջ մրցապայքար է ծավալվում: Ճոխ միջոցառումներ կազմակերպելու համար մրցում են ոչ միայն կրթօջախները, այլեւ նույն դպրոցում սովորող տասներորդցիները: Դեռ ամիսներ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները՝ ճոխ ռեստորանների, ուրախ սցենարների փնտրտուքները: Մայիսից մայրաքաղաքի խանութներում ու տոնավաճառներում արտառոց եռուզեռ է սկսվում: Տոնավաճառների շատ աշխատակիցներ վկայում են, որ հենց այս օրերին են վաստակում տարվա ամենամեծ եկամուտները: Շատ դեռահասների համար «վերջին զանգի» հագուստի փնտրտուքը հիվանդագին երանգներ է ստանում, քանի որ յուրաքանչյուրը ձգտում է ձեռք բերել այնպիսի հագուստ, որը լինի եզակի ու գեղեցիկ: Այս հարցով շատերը նույնիսկ արտերկրում ապրող իրենց բարեկամներին են դիմում: Այդ օրերին ոչ պակաս եկամուտ են ստանում նաեւ մայրաքաղաքի գեղեցկության ու ծաղկի սրահները:

Ուսումնական տարվա սկզբից ծնողները սկսում են գումար հավաքվել, որպեսզի «վերջին զանգին», որքան հնարավոր է, շքեղ ու թանկարժեք ծաղկեփնջեր, ինչպես նաեւ նվերներ գնեն դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների համար: Իհարկե, շատ դպրոցներում հարգի է միայն ծրարով հանձնվող «չոր փողը»:

Վերջին տարիներին ՀՀ ԿԳ նախարարությունը հրահանգել էր զերծ մնալ ճոխություններից եւ շեշտը դնել բովանդակության վրա, ինչը շատերի համար դժգոհելու առիթ էր դարձել: Շրջանավարտների ծնողները բողոքում էին, որ ամբողջ տարվա ընթացքում պատրաստվել են «վերջին զանգի» խնջույքին, գումար են հավաքել, համապատասխան հագուստ գնել երեխաների համար: Որոշ ծնողների համար էլ այս արգելքը պարզապես փրկություն էր դարձել: Վերջիններս հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն էին, որոնց համար դպրոցական ցանկացած դրամահավաք սթրեսի առիթ է:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի, «վերջին զանգը» արդեն մի քանի տարի է՝ կորցրել է իր բուն իմաստը եւ «վերջին դասի» արարողությունից վերափոխվել շոուի եւ կերուխումի. «Անթույլատրելի է, որ տարեվերջյան այս միջոցառումը անցկացնեն ճոխ սեղանների շուրջ, որոնցից ալկոհոլային խմիչքներն անպակաս են լինում»: Նշենք, որ երբեմն որոշ ռեստորաններ հրաժարվում են շրջանավարտներին սպասարկել՝ հաշվի առնելով նախորդ տարիների դառը փորձը, երբ դեռահասների քեֆերը ավարտվում էին ծեծկռտուքով:

Պրն Վաթյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց, որ ավելի լավ կլինի՝ այն ոգեւորությամբ, որով ընտրում են «վերջի զանգի» հումորային սցենարը, հագուստը, ռեստորանը, նույն կերպ պատրաստվեն ավարտական քննություններին, իսկ խնջույքները կազմակերպեն քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել