Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին

Մայիս 19,2007 00:00

Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ:

ՀՀ առաջին դեմքերին ուղղված մեր բաց նամակում («Մանկավարժականում վնասվում են պետական շահերը», «Առավոտ», 22.03.2007թ.) բարձրացրել ենք հարցեր, որոնք վերաբերում են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՊՄՀ) կոռումպացված լինելուն եւ բուհում առկա մի շարք այլ բացասական երեւույթների գոյությանը: Ռեկտոր Արտուշ Ղուկասյանը սվիններով ընդունեց մեր բաց նամակը: Այնուհետեւ ՊՄՀ լրատվական ծառայությունը հրապարակեց «Ո՞ւմ է խանգարում առաջընթացը» հոդվածը («Առավոտ», 29.03.2007թ.), որն արտահայտում է Ա. Ղուկասյանի կարծիքը մեր կողմից բարձրացված հարցերի նկատմամբ: Մանկավարժականի «Ո՞ւմ է խանգարում առաջընթացը» պատասխանի մեջ հարցերի սկզբունքային քննարկումը փոխարինված էր ընդդիմախոսին զրպարտելու փորձերով: Փաստորեն, Ա. Ղուկասյանը թաքցնում է ՊՄՀ-ի այսօրվա կյանքում գոյություն ունեցող թերությունները: Շուրջ հինգ հազար ուսանող ունեցող հեռակա բաժնի աշխատանքներում նա պախարակելի ոչինչ չի տեսնում:

Իրականում՝ ռեկտորի առանձնահատուկ ջանքերով մեծաքանակ ընդունելություն է կազմակերպվում հեռակա բաժնում (2006-2007 ուստարում ընդունելության քննությունների հայտարարությամբ նախատեսված իրավագիտություն մասնագիտությամբ 30-ի փոխարեն ընդունվել է 120-ը, պատմություն մասնագիտությամբ՝ 30-ի փոխարեն՝ 100-ը եւ այլն), որը տեխնիկական միջոցներով հագեցած ուսումնական տարածության, բոլոր մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման առանձնահատկությունների հաշվառմամբ, նախարարության գրիֆով եւ մայրենի լեզվով հրատարակված ձեռնարկների ու դասագրքերի բացակայության պայմաններում, առանց բուհում ժամանակակից տեխնոլոգիաների հետեւողական կիրառման, տարերայնություն է մտցնում ուսումնական գործընթացների մեջ: Այդպիսով, անհնար է դառնում ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխանող մանկավարժների պատրաստումը:

Ինչո՞ւ է կազմակերպվում մեծաքանակ ընդունելություն հեռակա բաժնում: Ինչո՞ւ հեռակա բաժնում ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահները միշտ միեւնույն մարդիկ են. հայոց պատմությանը՝ 5 անգամ անընդմեջ Մ. Կարապետյանն է, հայ գրականությանը՝ 5 անգամ անընդմեջ Ա. Դոլուխանյանն է, հայոց լեզվինը՝ 4 անգամ անընդմեջ նախագահ, իսկ մեկ անգամ էլ նախագահի տեղակալ, մասնագիտությամբ գրականագետ Մ. Գիլավյանն է եւ այլն: Մի՞թե պատահական են այս բոլորը եւ այն, որ հեռակա բաժնի ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարները եւս միշտ նույն մարդիկ են: 2006-2007 ուստարվա պատմություն առարկայից հեռակա բաժնի ընդունելության քննությունների ժամանակ նույն ծածկագրից շատ դիմորդների օգտվելու մասին լրագրողի հարցը («Վատ հարցեր՝ մանկավարժականի ռեկտորին», «Առավոտ», 31.03.2007թ.) ուղղակի ափերից հանել է Ա. Ղուկասյանին: Հենց այդ «նույն ծածկագրից շատ դիմորդների օգտվելու» հետքերով էլ անհրաժեշտ է կազմակերպել վերջին երկու տարիների պատմություն եւ օտար լեզու առարկաներից ընդունելության քննությունների գրավոր աշխատանքների ստուգումները, որոնք, հավանաբար, շատ բան կտան վերոհիշյալ բազում հարցերի պարզաբանման համար:

Վրդովեցուցիչ է նաեւ, որ 2006 թ. ընդհանուր պատմության պետական քննության ժամանակ արձանագրված անբավարար գնահատականների կեղծման ճանապարհով 3 մարդկանց դիպլոմներ տալը Ա. Ղուկասյանը փորձում է արդարացնել միայն նրանով, որ այդ կեղծիքը կատարելու պահին ներկա է եղել նաեւ նախարարության աշխատակիցը: Իսկ Արեւիկ Սարգսյանը, ով ընդունվել է Մանկավարժական համալսարան եւ մեկնել ԱՄՆ, անցյալ ուսումնական տարում հաջողությամբ ավարտել է մաթեմատիկայի ֆակուլտետը: («Վատ հարցեր՝ մանկավարժականի ռեկտորին», «Առավոտ», 31.03.2007թ.): Մենք ունենք տվյալներ ոչ օրինական հիմունքներով տրված մեկ այլ դիպլոմի մասին: (Հասկանալի պատճառներով՝ համապատասխան ինֆորմացիա կտանք միայն ստուգող հանձնաժողովին): Լուրջ թերություններ կան նաեւ կադրերի ընտրության եւ նրանց տեղաբաշխման ոլորտում: Այժմ միայն նշենք, որ Ա. Ղուկասյանի ղեկավարած բուհում ստալինյան մեթոդներով հալածում են լավագույն մասնագետներին, երբ վերջիններս ունեն նաեւ թերությունները բացահայտելու, տեղին եւ արդարացի հարցադրումներ անելու կարողություն կամ օբյեկտիվորեն հավակնում են համապատասխան պաշտոնների: Ամենուրեք՝ քննարկվող հարցերի վերաբերյալ Ա. Ղուկասյանը ցուցաբերում է պետական շահերի գիտակցման ցածր մակարդակ:

ԿԳ նախարարությունից «Առավոտին» խոստացել են ՊՄՀ-ում անցկացված ստուգումների արդյունքների մասին տեղյակ պահել առաջիկայում: Իսկ Ա. Ղուկասյանին հովանավորող, նրա հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ գտնվող ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի վերաբերմունքը խնդրի վերաբերյալ պարզ է, նրա ձեւակերպմամբ՝ Ա. Խաչատրյանը «Մանկավարժական համալսարանի վաղեմի ավանդույթներ կրողներից մեկն է, որի նպատակը մինչեւ վերջ ու բոլորի վրա գրելն է» («Իսկական իրավունք», 10 մայիսի, 2007թ.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել