Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ

Մայիս 19,2007 00:00

\"\"Մտորումներ գիտնականների ու «գիտական» ունեցվածքի մասին

Նախընտրական «մենամարտերում» քաղաքական ոչ մի ուժ գիտությանը չանդրադարձավ՝ իրարից ձայն «փախցնելու» համար ուրիշ թեմաներ կային: Թեեւ ծրագրերում որոշ բաներ էին գրված, բայց կենդանի խոսքով, անմիջապես ընտրողին դիմելիս՝ գիտության մասին ոչ մի խոսք: Պատճառը ամենեւին էլ գիտության ոլորտում աշխատողների, ասել է թե՝ ընտրողների փոքրաթիվ լինելը չէր (Հայաստանում շուրջ 6.500 գիտաշխատող կա), այլ գիտելիքի եւ դրա կրողների հանդեպ հարգանքի կորուստը: Նման վերաբերմունքը երեւում է նաեւ գիտության ֆինանսավորման չափից: Ի դեպ, «միկրոսկոպիկ» ֆինանսավորման թեմայով «լաց լինելը» չէ նպատակս՝ «էլի եմ փող ուզում» գոչողների թիվն առանց ինձ էլ մեծ է: Համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացնում է ճիշտ այնքան գումար, ինչքան գնահատում է գիտությունն ու նրա անհրաժեշտությունն ընդհանրապես: Նաեւ նպատակ չունեմ «կուրծք ծեծելով» հարգանք պահանջել գիտելիքի եւ այն կրողների հանդեպ, մանավանդ՝ նման «հարգանքի» խաբկանք ստեղծում է անհամար բուհերի գոյությունն ու բարգավաճ վիճակը:

Կարծում եմ՝ պետք է սահմանափակել գիտության առաջնահերթ պրոբլեմների շրջանակը եւ դրանցից մի քանիսին լուծումներ առաջարկել: Այն, ինչ մնացել է Հայաստանի գիտությունից, կարելի է բաժանել հետեւյալ խմբերի. առաջին՝ մոտ 6.5 հազար մարդ, երկրորդ՝ հիմնականում հնամաշ սարքավորումներ, որոնց քանակը հաշվառման կարիք ունի, եւ, վերջապես, շենքերի ու շինությունների հետզհետե նվազող մի խումբ՝ իրենց հողերով, որտեղ տեղակայված է շուրջ 150 գիտահետազոտական ինստիտուտ: Ես ներողություն եմ խնդրում նման, գուցե, «գռեհիկ մատերիալիզմի» ոգով բաժանման համար, բայց այս դասակարգումն անհրաժեշտ է ոչ միայն քննարկումները պարզեցնելու համար: Հաճախ անձնական կոնֆլիկտներն այս կամ այն գիտական խմբերի մեջ, այս կամ այն բարիքից օգտվելու հնարավորությունը քննարկելով մամուլում, ներկայացվում են որպես գիտության պրոբլեմ՝ շեղելով հիմնականից:

Այսօր առավել հրատապը գիտական օջախների շենքերի եւ հողերի խնդիրն է: Անառողջ հետաքրքրությունն այս նյութական արժեքների հանդեպ՝ ակնհայտ է: Մի կողմից գների բարձրացումը, մյուս կողմից գիտության «միկրոսկոպիկ» ֆինանսավորումը կարծես թե անհնար են դարձնում այդ շենքերի եւ հողերի հետագա շահագործումը գիտության նպատակների համար: Եթե սրան էլ ավելացնենք որոշ չինովնիկների անձնական սպասելիքները դրանց առուծախից՝ կերեւա, թե պատկերը որքան տխուր է: Առուծախի «խոշոր» մասնագետներին արդեն միացել են «բաժանելու» մասնագետները, որոնց հիմնական ասելիքն է՝ «եկեք ուտենք»: Նմանատիպ հարցեր միշտ էլ ծառացել են անցումային ժամանակաշրջանում գտնվող բոլոր երկրների առաջ: Այնպես որ, լուծումը, որը առաջարկում եմ՝ նոր չէ: Անցած դարի առաջին կեսին այսօրվա Հայաստանի վիճակում էր նաեւ ԱՄՆ-ն: Այդ ժամանակաշրջանը հայտնի է «մեծ ճգնաժամ կամ դեպրեսիա» անվամբ: ԱՄՆ-ում էլ ակնհայտ ֆինանսավորման պակաս կար, իսկ ուժեղացող որոշ էթնիկ խմբեր ընդհուպ մոտեցել էին համալսարանական «անշարժ գույքին»: Եվ դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ այսօրվա ամերիկյան գիտության վիճակը, եթե ժամանակի հանճարեղ մարդկանցից մեկը՝ ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտը Սենատով չանցկացներ մի օրինագիծ: Համալսարանների շենքերը եւ այն հողերը, որոնց վրա գտնվում էին դրանք, օրենքի ուժով հանձնվեցին համալսարաններին՝ սեփականության իրավունքով: Վերջիններիս ազատեցին հողի հարկից եւ գույքահարկից՝ այդպիսով դնելով փողի բացակայության պայմաններում գիտության փրկության եւ հետագա զարգացման հիմքը: Այժմ ԱՄՆ-ում դժվար թե գտնեք որեւէ համալսարան, որի ֆինանսերը չեն գերազանցի ամբողջ հայկական գիտության ունեցածը: Իսկ եթե մտնենք դրանց վեբկայքերն ու նայենք ֆինանսավորման աղբյուրները, կհամոզվենք, որ ֆինանսների 20-25%-ի աղբյուրը հողերն ու շենքերն են:

Նման որոշման անհրաժեշտություն կա նաեւ այսօրվա Հայաստանում: Շենքերն ու հողերը (առանց օտարելու եւ վաճառելու իրավունքի) պետք է սեփականության իրավունքով հանձնել հայաստանյան ինստիտուտներին: Ազատելով հողի եւ գույքի հարկերից՝ կարելի է թեթեւացնել «միկրոսկոպիկ ֆինանսավորման» վիճակը: Այսպիսով՝ գիտության հանդեպ անառողջ հետաքրքրություն ունեցողների քանակը կտրուկ կնվազի, իսկ գիտության ու գիտնականների մասին քննարկումները կդառնան ավելի իմաստավոր: Այդ ժամանակ միայն հնարավոր կլինի ավելի հանգիստ պայմաններում քննարկել, թե ով եւ ինչպես պետք է բաշխի գիտության գումարները:

Հուսով եմ, որ ՀՀ կառավարությունում կան մարդիկ, ովքեր ի վիճակի են անհապաղ ընդունել նման որոշում: Միաժամանակ հասկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր աչք ունեն գիտության «անշարժ գույքի» վրա, դեմ կլինեն նման որոշմանը: Պետք է գիտակցել, որ փոշիացնելով վերջին նյութական արժեքները, մի քանի տասնամյակով ետ կգցվի այն պահը, երբ Հայաստանում գիտությամբ զբաղվելը նորից կդառնա պատվավոր եւ եկամտաբեր:

 

Սասուն Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել