«Յունիբանկի» մասնաճյուղի կառավարչի հայցը մասնակի բավարարվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Թադեւոսյան) վերջերս հրավիրել էր դռնփակ դատական նիստ, ուր քննության էր դրված «Յունիբանկ» ՓԲԸ «Մալաթիա» մասնաճյուղի նախկին կառավարիչ Տիգրան Գրիգորյանի հայցադիմումը: Վերջինս պահանջում էր, որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել աշխատանքում եւ չվճարված աշխատավարձն էլ՝ մեկ միլիոն քսան հազար դրամ (2006 թվականի հունիսի, հուլիսի եւ օգոստոսի) բռնագանձել բանկից: Տ. Գրիգորյանը «Յունիբանկի» վարչության նախագահ Վ. Աթայանի անցյալ տարվա օգոստոսի 31-ի հրամանի արդյունքում մատնվել է հարկադիր պարապուրդի:
Տ. Գրիգորյանը դատական նիստին պնդել էր, որ Աշխատանքային օրենսգրքի 222 հոդվածի համաձայն, կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը: Մինչդեռ կառավարչին աշխատանքից ազատելու հրամանի մեջ չի նշված, թե ինչպիսի խախտում է արել նա եւ արդյոք կառավարիչը կարգազանց եղե՞լ է, թե՞ ոչ:
Տ. Գրիգորյանն ասում է. «Իրականում ես որեւէ կարգապահական խախտում չեմ կատարել, հետեւաբար, ինձ տույժի ենթարկելու հիմքերը բացակայում էին»: Բանկը տեղեկացրել էր, որ կառավարչին ազատել են ներքին աուդիտի դեպարտամենտի հաշվետվության արդյունքում, ըստ որի՝ «արձանագրվել է, որ ոսկու գրավով տրամադրված վարկային գործերի դիմումում, վարկային եւ գրավի պայմանագրերում վարկառուի ստորագրությունը չի համապատասխանում ելքի դրամարկղային օրդերում ստացողի ստորագրությանը»: Սակայն հայցվորը այդպես էլ չստացավ իր հարցերից մեկի պատասխանը, մասնավորապես՝ որ վարկառուի ստորագրությունը չի համապատասխանել օրդերում ստացողի ստորագրությանը: Նշենք, որ ստորագրությունների անհամապատասխանությունը կարող էր պարզվել փորձաքննություն անցկացնելուց հետո եւ կամ որեւէ ձեռագրաբանի կողմից:
Աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի համաձայն, «մինչ կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն»: Մինչդեռ, «Յունիբանկի» վարչության նախագահը եւ ոչ էլ որեւէ մեկը Գրիգորյանից գրավոր բացատրություններ չեն վերցրել: Դատարանը թեեւ անվավեր ճանաչեց բանկի վարչության նախագահի հրամանը՝ Գրիգորյանին աշխատանքից ազատելու մասին եւ հօգուտ կառավարչի վճռեց բռնագանձել չվճարված աշխատավարձը, սակայն մերժեց նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը: Վճիռը չի բողոքարկվել եւ ուժի մեջ է: