Մասնավորապես՝ նոր ԱԺ-ից, որտեղ Ժողովրդական կուսակցությունը բացակայում է, եւ լրագրողներից, ովքեր օբյեկտիվ չեն լուսաբանել ընտրությունները, քանի հեռուստացույց չէին ստացել:
Երեկ «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին: Թեման՝ հետընտրական գործընթացներն էին: Կարապետիչի գնահատականը ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսպիսին է. «Բոլորի համար էլ հասանելի ինֆորմացիա է այն, որ այս ընտրություններում հաղթել են փողը եւ, ինչու չէ՝ ուժը: Ժողովրդական կուսակցությունը նույնպես հաղթել է, որովհետեւ ծայրահեղ ընդդիմությունը ունեցել է իշխանություններին «դեմ» ձայներ, իսկ մենք տիրացել ենք միայն մաքուր ձայներին»: Ըստ Տ. Կարապետյանի, այն մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցրել, նրանց հետաքրքրել է միայն փողը, եւ էական նշանակություն չի ունեցել, թե ով է ընտրվելու: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Ժողովրդական կուսակցությունը մարդկանց չկաշառելով՝ ստեղծել է բարի դաշտ, մեր ստացած ձայները սրտից բխած ձայներ էին»,- ինքն իրեն հուսադրեց ԺԿ նախագահը:
Թեեւ ընտրախախտումները բազմաթիվ են, սակայն Տ. Կարապետյանը չի պատրաստվում ՍԴ-ում վիճարկել ընտրությունների արդյունքները. «Բնակչությունը վերցնելու եւ չվերցնելու միջեւ ունեցել է ընտրության հնարավորություն: Ես էլ ի՞նչ բողոքեմ: Իշխանությունները ընտրությունները դարձրել են բիզնես, բայց չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ կստեղծվի երկրում, եթե հանկարծ արտերկրի որեւէ ուժ Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու համար սկսի ժողովրդին ոչ թե 5-հազարական, այլ՝ 505-հազարական դրամ բաժանել: Այնպես որ, փողի հաղթանակը դեռ հաղթանակ չէ»: ԺԿ նախագահն անդրադարձավ, իր կարծիքով, իրենց կուսակցությունից խլված ձայներին. «Մեր ձայները տարել են՝ մեր վստահված անձերի հետ հատուկ սխեմա կիրառելով: Օրինակ, Թալինում ձայների հաշվարկի ժամանակ ԺԿ-ի օգտին քվեարկած 300 ընտրաթերթիկներ ավելացվել են Հանրապետական կուսակցությանը… Այդպես շատ տեղերում է եղել»: Նա հայտարարեց, որ դժգոհ է հատկապես ԺԿ Վարդենիսի, Գավառի եւ Մարտունու կառույցների ղեկավարներից, որոնց, Կարապետիչի ձեւակերպմամբ, արժե ուղարկել ուղղիչ աշխատանքների, քանի որ ԺԿ-ի օգտին չեն աշխատել:
Տ. Կարապետիչը լավ կարծիքի չէ այն խորհրդարանի մասին, որտեղ ԺԿ-ն բացակայում է. «Այս խորհրդարանն արտացոլում է արտաքին ուժերի ու իշխանությունների դաշինքը եւ ազդեցությունը, որոնց զոհն է ժողովուրդը: Նրան դեռ մի 15 տարի էլ անցումային փուլ է սպասվում»:
2008-ի նախագահական ընտրությունների մասին էլ Տիգրան Կարապետիչն ասաց, որ կարեւորը Ժողովրդական կուսակցության մասնակցությունն է. «Նախագահական ընտրություններին՝ հանուն բարու հաղթանակի, ես պատրաստ եմ իմ թեկնածությունն էլ հանել»: Նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 12-ից հետո, որոշ նկատառումներից ելնելով, նորաթուխ ԺԿ-ականները մյուսներից առանձնանալու են իրենց անդամատոմսերով, դրանք այլ գույն կունենան:
Ինչ վերաբերում է «Շոգեքարշ» հաղորդմանը, այս մասին էլ «ԱԼՄ» հոլդինգի եւ ԺԿ նախագահն ասաց. «Հեռուստացույցները բաժանում էինք առանց ակնկալիքների ու անձնագրեր հավաքելու: Եթե ուզենայի, կարող ա՞ չկարողանայի ուրիշների պես անձնագիր հավաքել, էդքան խելք չունե՞մ: Հեռուստացույց բաժանելով փորձում էի մարդկանց արժեքը բարձրացնել իրենց աչքում, որ մտածեն՝ 2- 3 հեռուստացույց ունենք, մեզ մի քանի հազար դրամը պետք չէ: Ափսոս, արդյունքի չհասանք»:
Տիգրան Կարապետյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ դժգոհեց լրագրողներից. «Օբյեկտիվ չարտացոլելով ներկա իրավիճակը, ձգտում եք խեղաթյուրել իրողությունը: Նախանձում եք, որ հեռուստացույց չեք ստացել»: