Ըստ արտաշավանցիների, իրենք օգնում են իշխանություններին՝ կառչելու իրենց աթոռներին
Մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Առավոտի» թղթակիցը գտնվում էր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Այնտեղ եւս ընտրություններն անցան նախատեսված սցենարով:
Համաձայն բնակիչների, գյուղում ընտրությունների վերջին օրերին բավականին «արդյունավետ» են աշխատել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը, որոնց «իզն ու թոզը» մինչ այդ երբեւէ չեն տեսել գյուղում: Այդ աշխատանքը ոչ թե նպատակ է ունեցել, օրինակ, ասֆալտապատել գյուղի քայքայված ու ցեխակոլոլ փողոցները կամ վերանորոգել քանդվող դպրոցը, այլ մի քանի գրոշներով գնել մարդկանց ձայները: Ինչպես մարզի գյուղերի մեծամասնության պարագայում է եղել, այնպես էլ Արտաշավանում՝ ՀՅԴ-ի համար ձայն հավաքելու գործը դրված էր գյուղապետի վրա՝ դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրահանգներով ու պարտադրանքներով պայմանավորված: Ինչպես «Առավոտին» պատմեցին գյուղի մի քանի ազդեցիկ հեղինակություններ, ՀՀԿ-ն, որը ստացավ գյուղի ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը, մեկ ձայնի դիմաց վճարել է 7 հազար դրամ: Իսկ 5 տոկոսն այդպես էլ չհատած ՄԱԿ-ը՝ մեկ ձայնը գնել է 10 հազար դրամով:
Համայնքի 426 ընտրողից քվեարկությանը մասնակցեց 329 ընտրող, որոնցից մեկը հանձնաժողովականների անարգել թույլտվությամբ քվեարկեց այն ժամանակ, որի իրավունքը չուներ: Քվեարկության ողջ ընթացքին հետեւելով՝ կարելի է եզրակացնել, որ գյուղի բնակչության կեսը կա՛մ կույր էր, կա՛մ անգրագետ. հաճախակի էին այն դեպքերը, երբ ընտրողի հետ անարգել քվեախցին էր մոտենում մեկ այլ մարդ կամ հանձնաժողովական, այն հիմնավորմամբ, որ բարեփոխված ԸՕ-ն թույլ է տալիս այդ անել, քանի որ ընտրողները հրաժարվում էին վերոնշյալ պատճառների բերումով ինքնուրույն քվեարկել: Այս ամենն այլ ենթատեսք չուներ, քան այն, որ գյուղի փող բաժանած կուսակցական շերտավորումները ջանք չէին խնայում հավաստիանալու, թե իրենց փողով գնված քվեն վավեր ու ճիշտ կուսակցության դիմա՞ց է տրվում, թե՞ ոչ:
«Առավոտի» հետ զրույցում գյուղացիները հրաժարվում էին խոստովանել, որ ձայները վաճառել են, սակայն իրենց մասնակցությունն ընտրություններին մեկնաբանում էին որպես քաղաքացիական պարտականություն: «Թող ընտրվեն ու գնան, ընենց խոստումներ են տալիս, որ ասում ենք՝ մեռնենք դրանց, բայց ամեն անգամ էլ նույնն է, մեր կյանքում որեւէ փոփոխություն տեղի չի ունենում»,- ասաց տարեց Ռիմա Կարապետյանը: Մեկ այլ բնակչի՝ Սեդա Մարտիրոսյանի ներկայացմամբ, ինքն իր ձայնը տվել է Հանրապետականին՝ հետեւյալ հիմնավորմամբ. «Էս երկրի պոպոքն ու չագուչը նրանց ձեռքում է, նրանց ձեռը ոչ մեկն էլ ոչինչ անել չի կարող»: Այս գյուղի պարագայում զավեշտն այն էր, որ փողով ձայներ գնելը բացահայտվեց համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների քվեարկության արդյունքները հաշվելիս: Ասենք, երբ իրար հետեւից ՀՅԴ-ին տրված քվեներն էին դուրս գալիս, գյուղի գյուղապետ, ՀՅԴ-ի համար ձայներ հավաքող, միաժամանակ այդ ընտրատարածքում մեծամասնականով պատգամավոր դարձած Լյովա Խաչատրյանի վստահված անձ Ղազար Կարապետյանը հիացած բղավում էր. «Ուռա՜, մերսի՜, վա՜յ, մամա ջան, բիրիքով եկավ, մի հատ էլ հան»: Հանրապետականի օգտին տրված ձայների հոսքն առատանալու դեպքում, հակառակորդ կողմերի հանձնաժողովականները, նայելով ՀՀԿ-ի ներկայացուցիչ Պապիկ Սարգսյանին, ասում էին. «Փողը քիչ ես տվել, մի քիչ շատ տայիր: Փողով ձայները տարար, հաղթանակիդ մաղարիչն էլ քո վրա է»: Երբ քվեներից մեկն անվավեր համարվեց ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՄԱԿ-ի դիմաց նշում անելու համար, գյուղապետ Ղ. Կարապետյանը նկատեց. «Երկուսից էլ փողը վերցրել է, երկուսին էլ ընտրել է, որ չնեղանան»: «Առավոտի» հետ զրույցում համայնքի ՀՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ստահոդ համարեցին փողով ձայն գնելու մասին խոսակցությունները: ԲՀԿ-ն Արտաշավանում ստացավ ընդամենը 8 քվե: Ըստ գյուղացիների, պատճառը մեկն էր՝ ԲՀԿ-ականները լուրջ ներդրումներ չէին կատարել:
Հ. Գ. Ի դեպ, փողով ընտրությունների ելքը ոչ միայն վճռորոշ էր Արտաշավանում, այլեւ՝ այդպես է եղել նաեւ հարակից գյուղերում եւ քաղաքներում: 5 տոկոսը չհատած մի քանի կուսակցությունների վստահված անձինք «Առավոտին» պատմեցին, որ Արայի, Վարդենուտ, Արագած գյուղերում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչներն իրենց հետ անկեղծացել են, թե ինչպես են 7, 10 հազար դրամով ու ինչ-ինչ բարիքներով գնել մարդկանց ձայները: Ասենք՝ Վարդենուտ գյուղում ՀՅԴ-ն ձայն ստանալու համար օրեր առաջ նկարել է յուրաքանչյուր աշակերտի եւ նրա նկարով օրացույց հրամցրել ընտրող ծնողներին: