Չնայած դրան, ներկրող ընկերությունները, իրենց ռեյտինգը չգցելու համար, հավաստիացնում էին, որ նման բան չկա
Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվում: Գազի սպասարկման կենտրոններում խնդիրը պայմանավորում են ներկրման դժվարություններով՝ ասելով, որ «սահմանի վրա ինչ-որ պրոբլեմներ են առաջացել եւ ներկրող ընկերությունները չեն կարողանում հեղուկ գազի նոր խմբաքանակը մտցնել Հայաստան»:
Նշենք, որ Հայաստանում շահագործվող շատ մեքենաներ օգտագործում են հեղուկ գազ: Վարորդները դժգոհում են, որ երբ տարիներ շարունակ միայն հեղուկ գազով են օգտագործում, այլեւս բենզինով մեքենան նորմալ չի աշխատում, ուստի հեղուկ գազի ստեղծված ճգնաժամից, բացի տնային տնտեսություններից, տուժում են նաեւ իրենք:
Հեղուկ գազի շուկայում գործում են տասնյակ ընկերություններ, բայց իրացման ծավալներով առավել խոշորներն են «Գոշ գազը», «Մուլտի Լեոնը» եւ «Դիդի գրուպը»: Թե ինչու ժամանակին գազը չի ներկրվել հանրապետություն՝ «Գոշ գազ» ընկերությունից «Առավոտին» այսպես պարզաբանեցին. «Կոնկրետ պատճառ չկա, պարզապես մենք ապրում ենք ոչ թե Թուրքմենստանում, այլ Հայաստանում ու տրամաբանական է, որ նման խնդիրները բացառված չեն: Բացի մեր աշխարհագրական դիրքից, այլ պատճառներ պետք չի փնտրել»:
«Դիդի գրուպ» ընկերության աշխատակիցները թեեւ չժխտեցին, որ իրենց ընկերությունը նախորդ շաբաթվա ընթացքում եւս ներկրման հետ կապված դժվարություններ է ունեցել, սակայն ընկերության փոխտնօրենը մեզ հետ զրույցում հերքեց դա, ասելով՝ «Մենք վառելիքի ներկրման հարցում երբեւէ դժվարություն չենք ունեցել, միշտ էլ ներկրել ենք այնքան հեղուկ գազ, որքան պահանջարկ ունենք: Մեր ներկրման ծավալները ոչ մի անգամ չեն փոփոխվել: Եթե չեք հավատում՝ կարող եք նույնիսկ մաքսատան թղթերը նայել: Եթե մեր լցակայաններում գազ չի եղել, ապա դա տեւել է միայն մեկ կամ երկու ժամ, այն էլ՝ կապված մաքսատանն առաջացած խնդիրների հետ: Նման բան կարող է տարվա մեջ քսան անգամ լինել»:
«Կոմֆորտ գազ» ընկերությունը հեղուկ գազ է առաքում միայն մայրաքաղաքի տարածքում: Այս ընկերության տնօրինությունից նույնպես վստահեցրին, որ իրենք գազի ճգնաժամ չեն ունեցել. «Մեզ մոտ եթե հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ էլ լինում են, դրանից սպառողները չեն տուժում, քանի որ ընկերությունն անհրաժեշտության դեպքում օգտվում է իր պահուստներից»:
Չնայած այս հավաստիացումներին, նշենք, որ երեկվա դրությամբ Արաբկիր համայնքի մի շարք լցակայաններում, 4-րդ գյուղի մերձակայքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, Արգավանդից Էջմիածին տանող ճանապարհի լցակայանում հեղուկ գազ ընդհանրապես չկար: Իսկ առաքման կետերից շատերը եւս նախորդ շաբաթվա ընթացքում չեն աշխատել՝ գազ չլինելու պատճառով:
Հեղուկ գազի լիցքավորման կետերում մեզ պատասխանում էին, որ դեռ մի 10 օր էլ գազ չի լինի: