Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՑԵՔ 7-10 ՕՐ

Մայիս 19,2007 00:00

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընտրություններից առաջ միշտ նշում էր, թե ՀՀԿ-ն խորհրդարանում կկազմի հարաբերական մեծամասնություն:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ապրիլի վերջին հայտարարեց բացարձակ մեծամասնություն կազմելու մասին, եւ հետագայում հայտնեց, թե իր «այդ հայտարարությունը ՀՀԿ խորհուրդը համարեց ողջունելի»: Դրանից հետո ԱԺ նախագահն ասուլիսում պարզաբանեց, թե բացարձակ մեծամասնության մասին պնդումները ՀՀԿ առանձին գործիչների կարծիքն են, եւ ՀՀԿ խորհուրդը նման որեւէ որոշում չի ընդունել: Երեկ «Տեսակետ» ակումբում այս ամենը հիշեցրինք պրն Թորոսյանին եւ հետաքրքրվեցինք՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ավելի լա՞վ է պատկերացնում կուսակցության տրամադրությունները եւ առկա վիճակը, քան ինքը, որ ՀՀԿ փոխնախագահն է: «Ոչ, իհարկե»,- ասաց Տիգրան Թորոսյանը: Դարձյալ պնդեց. «Նման բան չի լինում, որ խորհրդի նիստի ժամանակ խորհուրդը ողջունի խորհրդի անդամներից որեւէ մեկի տեսակետը»: Ըստ նրա՝ ՀՀԿ մոտեցումն արդեն մի քանի ընտրություն նույնն է. «Կուսակցությունն ամեն ինչ անում է՝ պահպանելու համար իր տեղերը խորհրդարանում եւ ավելացնելու այնքան, որքան հնարավոր կլինի: Եվ այս բանաձեւն այս անգամ էլ շատ լավ գործեց: Այնպես որ, այն, ինչ ասել եմ, բոլորովին չի հակասում նրան, ինչ տեղի է ունեցել»: Տիգրան Թորոսյանը նաեւ հավելեց. «Կարծում եմ, միշտ ավելի լավ է կանխատեսել մի բան, որ հետագայում կավելանա, քան հետո սկսել արդարանալ, թե գիտե՞ք՝ մեր ձայները գողացե՜լ են, 10 տոկոսը կորե՜լ է»:

Մեր մյուս հարցին, թե իր կարծիքով՝ նոր ԱԺ-ն եւս ի՞նքը կղեկավարի՝ պրն Թորոսյանն արձագանքեց այնպես, ինչպես կառավարության անդամների եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների վերաբերյալ այդ ասուլիսում հնչած բոլոր հարցերին. «Կարճ ժամանակ հետո կունենաք բոլոր պաշտոնների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները»: Ըստ նրա՝ բանակցությունները թերեւս կավարտվեն հաջորդ շաբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել