ԱԺ ընտրությունների գլխավոր դասը, որը կարծես թե պետք է սերտեին հայրենի ընդդիմադիրները, այն է, որ նրանց եսասիրությունը, ամբիցիաները եւ պառակտվածությունը մասնատում եւ հիասթափեցնում են ընտրազանգվածին:
Պարզ թվաբանական վերլուծության հիման վրա արդեն բազմիցս գրվել է, որ եթե ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային ավելի խոշոր միավորումներով, ապա նույնիսկ այս՝ ոչ արդար ընտրությունների պարագայում «իշխանություն-ընդդիմություն» փոխհարաբերությունը խորհրդարանում կլիներ 60/40, ինչն, անշուշտ, կնպաստեր ԱԺ գործունեության արդյունավետությանը: Այդ պարզունակ, մակերեսային ճշմարտությունը պետք է որ հասկանալի լինի ցանկացած 10-րդ դասարանցուն, ուր մնաց թե՝ բազմափորձ քաղաքական գործիչներին: Այնինչ անցած շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդդիմադիրները բացարձակապես չխրատվեցին մայիսի 12-ի ձախողումից:
Իրենց նախագահական ամբիցիաների մասին արդեն իսկ հայտարարեցին Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, Արշակ Սադոյանը, Սամվել Հարությունյանը: Չեմ զարմանա, որ վաղը-մյուս օրը նորից «ի հայտ գան» Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը: (Կարապետիչի մասին չեմ ասում. նա, բացարձակապես ընդդիմադիր չլինելով, նախագահական ընտրություններում հաստատ «կփախցնի» ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների 2-3%-ը՝ գուցե հենց այդ նպատակով էլ առաջադրվում է): Այսպիսով, ընդդիմադիրները արդեն իսկ պատրաստվում են կրկնել ԱԺ ընտրություններում իրենց սխալը, գնում են իրարից ձայներ խլելու ճանապարհով եւ նախագահական ընտրարշավից մի քանի ամիս առաջ «ապահովում են» սեփական պարտությունը:
Մինչդեռ առաջին բանը, որը պետք է անեին արդեն «առաջադրված» 5 ընդդիմադիրները, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» (ինչու չէ, նաեւ՝ Դաշնակցության) հետ բանակցելն է՝ նախ եւ առաջ այն պատճառով, որ հենց այդ կուսակցություններն են տեղեր ունենալու ընտրական հանձնաժողովներում: Ընդդիմադիր լիդերները պետք է հրաժարվեն սիրամարգի բարդույթից եւ սատարեն մեկ միասնական թեկնածուի, ինչպես նաեւ այսօրվանից մշակեն ընտրակեղծիքների դեմ պայքարի մանրակրկիտ եւ բազմակողմանի մարտավարություն՝ սկսած ընտրացուցակները մաքրելուց, վերջացրած՝ ընտրակաշառքները կանխելով: Բայց առայժմ թվում է, որ նման քրտնաջան աշխատանքի մեր ընդդիմությունը պատրաստ չէ: