Լրահոս
Օրվա լրահոսը

Թափանցիկ ընտրախախտումներ

Մայիս 19,2007 00:00

Երեկ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հրապարակեց մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած եւ իր ձեռքի տակ եղած այն ընտրախախտումները, որոնք, նրա դիտարկմամբ, զանգվածային բնույթ են կրել ՀՀ ողջ տարածքում՝ հավաստիացնելով, որ այդ ընտրակեղծիքները կազմակերպվել են պետական մակարդակով, եւ «ըտենց բան հնում էլ չի եղել»:

Ըստ նրա, Սեւան քաղաքի թիվ 23/39 տեղամասում թեեւ գրանցված է եղել 1643 ընտրող, բայց այդ ընտրատեղամասին տրված բոլոր 1662 քվեաթերթիկները սպառվել են եւ հայտնվել քվեատուփում՝ այն դեպքում, երբ ընտրատեղամասում՝ ըստ ստորագրությունների, քվեարկությանը մասնակցել է 910 ընտրող: Այդ փաստը Ֆ. Խաչատրյանի ասելով՝ արձանագրել է ՀԺԿ-ի վստահված անձը, բայց նրա՝ արձանագրություն կազմելու պահանջը մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Մեկ այլ ընտրատեղամասում տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում պակասել է ՀՀԿ օգտին տրված 91 քվե:

Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքում ԿԸՀ-ի կողմից տրվել է 61 000 քվեաթերթիկ, բայց ընտրություններից հետո քվեարկության պարկում եղել է ընդամենը 59 728 քվեաթերթիկ: Թե որտե՞ղ են մնացած քվեաթերթիկները՝ անհայտ է, բայցեւ՝ ենթադրելի: Ըստ Ֆ. Խաչատրյանի, դրանք ընտրատարածքային հանձնաժողովում են պահվել՝ «կարուսել» կազմակերպելու համար:

Մասիսում՝ թիվ 16 ընտրատարածք, 150 քվեաթերթիկ պակաս է եղել, եւ դրանց մասին ոչ մի տեղեկություն չկա, Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում միեւնույն համարի տակ գտնվող բազմաթիվ քվեաթերթիկներ ուղարկվել են տարբեր տեղամասեր: Նա նաեւ հավաստիացրեց, թե ՀԺԿ-ի վստահված անձինք շատ տեղամասերում են արձանագրել նոր անձնագրերով քվեարկության դեպքեր, բայց դրան ուշադրություն չեն դարձրել, որովհետեւ տեղյակ չեն եղել իշխանությունների ներդրած ընտրակեղծիքի նոր տեխնոլոգիայի մասին:

ԿԸՀ ներկայացուցիչը նաեւ հայտարարեց, որ իր ձեռքի տակ կան ցուցակներ, որտեղ անձնագրային տվյալներից բացի, նշված են տարբեր կազմակերպությունների, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ»-ի, սոցապ բաժինների աշխատակիցների անուններ, որոնց դիմաց նշումներ կան, թե նրանցից ով որ ժամին պետք է գնա քվեարկելու եւ որտեղից: Ֆ. Խաչատրյանի մատուցմամբ, այդ մարդկանց կեղծիքների հեղինակներն իրենք են տարել տեղամասեր: Նա նաեւ ասաց, որ այդ ցուցակները ներկայացվելու են ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն ու միջազգային դիտորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել