Սա «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանի արած միակ սկանդալային բացահայտումը չէր:
Մհեր Շահգելդյանն անդրադարձավ «Օրինաց երկրի» եւ նրա նախագահի հասցեին մայիսի 17-ին հնչած մի քանի հայտարարություններին: Նախ՝ ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էր հայտարարել, թե Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ զրույցը ձայնագրել էր հենց Արթուր Բաղդասարյանը: Իսկ Արամ Կարապետյանն էլ հայտարարել էր. «Ես երբեք Արթուր Բաղդասարյանին ընդդիմություն չեմ համարել»: Մհեր Շահգելդյանն ի պատասխան ասաց. «Գառնիկ Իսագուլյանի ասածը ոչ միայն անհեթեթություն է, այլ նաեւ իր բովանդակության մեջ՝ մառազմատիկ: ԿԳԲ-ի գործակալի հայտարարություններն արդեն վաղուց որեւէ մեկի մոտ լուրջ չեն ընկալվում: Իր տերերին հաճոյանալու համար նա կարող է աբսուրդի աստիճանի այնպիսի մտքեր շաղ տալ, որոնք ոչ թե զայրույթ, այլ ծիծաղ են առաջացնում: Ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին, ապա խորհուրդ կտայինք նրան պատասխանել իր հասցեին հնչած բազմաթիվ բնորոշումներին եւ գնահատականներին, այլ ոչ թե գնահատականներ տալ ՕԵԿ-ին, դրանով իսկ փորձել պառակտել ընդդիմությունը»:
«Օրինաց երկրի» փոխնախագահը վերահաստատեց ավելի վաղ իրենց արած հայտարարությունը, թե «իշխանությունների կողմից իրականացվել են նպատակային ճնշումներ մեր կուսակցության նկատմամբ, ինչպես նաեւ տարաբնույթ այլ մեթոդներ են կիրառվել շուրջ 400 տեղամասերում կուսակցության քվեների պակասեցման համար»: Եվ մի արտառոց օրինակ նշեց, որը գնահատեց իբրեւ «Օրինաց երկրի» օգտին տրվելիք ձայները «կոտրելու» փորձ. «Մենք ունենք տվյալներ, որ «Ժառանգություն» կուսակցության համար Երեւանում փող են բաժանել ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Ավելի՛ն, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը մեզ է դիմել այդ նյութերն իրենց տրամադրելու խնդրանքով, ինչը մերժվել է: Մենք բնավ խնդիր չունենք «Ժառանգությանը» մեղադրելու. ավելի՛ն՝ ուրախ ենք, որ եւս մեկ ընդդիմադիր ուժ է լինելու խորհրդարանում: Ուղղակի ես համոզված եմ, որ այս ամենը կատարվել է հատկապես Երեւանում մի պարզ պատճառով՝ պակասեցնել ՕԵԿ-ի ձայները»:
Այսքանով չավարտվեցին Մհեր Շահգելդյանի սկանդալային բացահայտումները. «Անզեն աչքով անգամ տեսանելի է, թե ինչ արվեց ՕԵԿ-ի դեմ, եւ մենք հայտարարել ենք, որ ցուցում է եղել պակասեցնել ՕԵԿ-ի ձայները: Մեզ հստակ ասվել է, որ օպերացիան գլխավորել է Հովիկ Աբրահամյանը: Ավելի՛ն՝ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ԿԸՀ-ի ղեկավար ներկայացուցիչներն ասել են ԿԸՀ մեր անդամին. «Ինչո՞ւ ես այսքան նստել, միեւնույն է՝ ՕԵԿ-ը չի անցնելու»: Ունենք մեր ասածները վկայող գրավոր ու բանավոր փաստեր եւ տեսանյութեր, թե օրը ցերեկով ինչ է կատարվել եւ անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն ՍԴ»:
Իսկ հարցին ի պատասխան, թե ՕԵԿ-ը կմասնակցի՞ ընդդիմության հետագա հանրահավաքներին՝ պրն Շահգելդյանն ասաց. «Մենք լինելու ենք սկզբունքային եւ վճռական, իսկ այսօր թիվ մեկ խնդիրը համարում ենք Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը: Եվ այդ կապակցությամբ կարեւորում ենք ընդդիմադիր դաշտի համախմբումը, առկա փաստերի ու նյութերի համադրումը եւ համատեղ հանդես գալը ՍԴ-ում: Երեկվա հանրահավաքին մասնակցեց մեր ներկայացուցիչը եւ ներկայացրեց հետագա քայլերի շուրջ մեր մոտեցումները: Կմասնակցի՞ արդյոք ՕԵԿ-ը կազմակերպվելիք հանրահավաքներին, թե ոչ՝ այդ մասին համապատասխան որոշման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»: