Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ԱՆՎԱՎԵՐ, ՆՇԱՆԱԿԵԼ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մայիս 19,2007 00:00

\"\"Այս էր միացյալ ընդդիմության երեկվա պահանջը

«Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ եւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկօրյա նստացույցը, որն անցնում էր «1+» նշանաբանով, ըստ ամենայնի, իր նպատակին ծառայեց: Երեկ Ազատության հրապարակը, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության համատեղ հանրահավաքը, անկասկած ավելի մարդաշատ էր, քան մայիսի 13-ին: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով օպերային հանրահայտ երգչուհի, երկրի իսկական մտավորական ու քաղաքացի Գոհար Գասպարյանի հիշատակին: Երեկվա հանրահավաքին մասնակցում էին ոչ միայն ՀԺԿ-ն, այլեւ ՕԵԿ-ը, ընդդիմությանն իր զորակցությունն էր հայտնել եւ Ազատության հրապարակում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Հանրահավաքի պահանջն այս էր՝ ընտրությունները միանշանակորեն կեղծված են, դրանց արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր, նշանակվի վերաքվեարկություն: Այս պահանջը կրկնվում էր յուրաքանչյուր ելույթից առաջ եւ հետո: Ն. Փաշինյանն ի սկզբանե ասաց, որ ընդդիմության պայքարը լինելու է տեւական, ուստի՝ հանրահավաքների այն մասնակիցները, ովքեր գալիս են հրապարակ «թամաշայի», ընթացքում կզտվեն եւ կմնան նրանք, ովքեր իսկապես սկզբունքային մոտեցումներ ունեն եւ պատրաստ են պայքարել իրենց իրավունքների վերականգնման եւ, Ն. Փաշինյանի ձեւակերպմամբ՝ «ապօրինի վարչախմբի հեռացման համար»:

Զգացական ելույթներից զատ, հանրահավաքի բանախոսները հայտարարեցին ընդդիմության կոնկրետ քայլերի մասին: Նրանք բոլորը դիմելու են ՀՀ Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով: Անդրադառնալով ՀՀ ոստիկանության այն հայտարարությանը, որով հերքվում էր 400 հազար կեղծ անձնագրերով քվեարկություն կատարելու վարկածը, Ն. Փաշինյանը վստահեցրեց, որ հե՛նց ոստիկանության հայտարարությունն է հաստատում այդ վարկածի գոյությունը: Այսպես, ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, 2006թ. մայիսի 10-ից մինչեւ 2007թ. մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետությունում տպագրվել է 194.623 անձնագիր, որից 31.795-ը հանձնվել է 1 օրականից մինչեւ 16 տարեկան անձանց, 49.717-ը՝ 16-ից 18 տարեկաններին, 113.111-ը՝ 18-ից բարձր (ընտրելու իրավունք ունեցող) քաղաքացիներին։ «Այսինքն՝ երբ մենք հանում ենք այն կատեգորիաները, որոնք տրամաբանորեն պետք է ստանան նոր անձնագրեր, դրա տակ մնում է 113.111 ավելցուկ: Ենթադրենք՝ եւս մի 30 հազարի անձնագրերը պատռվել են եւ նոր անձնագրեր ունենալու անհրաժեշտություն է առաջացել: Բա էն մնացածն ո՞ւմ են տվել»,- տարակուսեց Ն. Փաշինյանը եւ հավելեց, որ «էն մնացածը տրվել են կեղծարարներին, որ նրանք գնան Սերժ Սարգսյանի ձայն չունեցող կուսակցության համար 400 հազար ձայն ապահովեն»:

Ելույթ ունեցավ նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ հրապարակեց կուսակցության հայտարարությունը, որով դատապարտվում էին «ընտրությունների ժամանակ տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումները եւ դրանց հետեւանքով ստացված արդյունքները»: ՕԵԿ-ը փաստել է նաեւ, որ քվեարկության եւ քվեների հաշվարկի ժամանակ տեղի են ունեցել լայնածավալ խախտումներ: «Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքները, մեծ քանակությամբ նոր անձնագրերի շրջանառությունը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ընթացքում աղաղակող թերությունները եւ արդյունքների իրական պատկերի խեղաթյուրումները լիովին հիմք են հանդիսանում կասկածի տակ դնելու ընտրությունների օրինականությունը»,- ասված է ՕԵԿ հայտարարության մեջ, նաեւ հավելված է, որ կուսակցությունը սկսում է ընտրությունների արդյունքների դատական գանգատարկման գործընթաց՝ այդ արդյունքների վերանայման պահանջով:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր ելույթում հավաստիացրեց, որ նախորդ հանրահավաքից հետո մի քանի ձեռքբերումներ են արձանագրվել: Նախ՝ այն, որ ընդդիմության համախմբումը շարունակվում է եւ ընդդիմադիր եռյակին միացել են ՀԺԿ-ն եւ ՕԵԿ-ը: Երկրորդ՝ ընդդիմությունը, այդ թվում՝ նաեւ «Հանրապետությունը», ձեռքի տակ ունենալով ընտրություններն անվավեր ճանաչելու համար բավարար եւ հիմնավոր փաստեր՝ դիմելու է ՍԴ: Մյուս ձեռքբերումը Ա. Սարգսյանը համարեց հասարակության ակտիվությունն ու համախմբումը ընդդիմության շուրջ:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ ասաց, որ հասարակության ազատության ոգին ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդեն պարտվել են: «Մենք խաղաղ ենք, որովհետեւ 5 հազարամյա ազգ ենք, բայց երբ մեզ վրա ոհմակներով են գալիս՝ մենք նրանց արժանի հակահարված ենք տալիս»,- հայտարարեց Ա. Կարապետյանը՝ նկատի ունենալով ընդդիմության մայիսի 9-ի երթը: «Հաղթանակը մոտ է, ուստի՝ հասարակությունն ու ընդդիմությունը պետք է միավորվեն, ու ղարաբաղյան կլանին ցույց տանք, թե ով է իսկապես այս երկրում տղամարդը»,- կոչ արեց նա:

Հանրահավաքն ավարտվեց դեպի Հանրապետության հրապարակ կազմակերպված երթով: Բայց մինչ այդ հայտարարվեց, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ որպես քաղաքացիներ, միանալու են այսօր Հանրապետության հրապարակից դեպի ՀՀ ոստիկանություն տեղի ունենալիք երթին, որը նվիրված է ՀՀ ոստիկանությունում սպանված Լեւոն Ղուլյանի հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել