Տարակուսում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը
– 2003-ի ԱԺ ընտրություններից հետո Ձեր կազմակերպությունը հրապարակեց իր զեկույցը, որտեղ համադրված էին քարոզարշավի ընթացքում կուսակցությունների պաշտոնական ֆինանսական հաշվետվությունները եւ իրականում նրանց ծախսած գումարները: Այս ընտրություններում նո՞ւյնպես իրականացրել եք նման ուսումնասիրություն:
– Այո: Բայց առայժմ չեմ կարող ասել որեւէ թիվ: Դրանք կհրապարակենք հաջորդ շաբաթ հրավիրվելիք ասուլիսում: Մեթոդաբանությունը գրեթե նույնն է, մի տարբերությամբ՝ 2003-ին մենք վարչական ռեսուրսը չէինք ուսումնասիրել, իսկ այս անգամ, քանի որ բավականին ակնհայտ են դրա չարաշահումները՝ որոշեցինք նաեւ դա ուսումնասիրել: Ցավոք, երկու դեպքում էլ բավականին հեշտ է օրենսդրության բացերը չարաշահել, եւ անգամ միջազգային դիտորդների հայտարարության մեջ է դա հիշատակված: Մեր ուսումնասիրության մեջ կմատնանշենք այդ բացերը եւ կապացուցենք, որ դրանք տվել են կոռուպցիայի հնարավորություն:
– Այնուամենայնիվ, ընտրությունների մասնակից խոշոր կուսակցությունների իրական ծախսերը որքանո՞վ են գերազանցել 60 մլն դրամը:
– Ծախսերի մի տիպ կա, որ շատ դժվար է գնահատել՝ դա հենց վարչական ռեսուրսն է: Եվ հաշվի առնենք, որ վարչական ռեսուրսը սկսել են օգտագործել ոչ միայն քարոզարշավի 40 օրվա ընթացքում, այլեւ անցած տարվանից ի վեր: Դրանք հսկայական գումարներ են: Եվ այդ ռեսուրսները շատ դժվար է գնահատել ոչ միայն այն պատճառով, որ չկա մեթոդաբանություն, այլ նաեւ՝ քանի որ այս ընտրություններին բնորոշ է վախը: 2003-ին մեր հեռախոսային հարցման ընթացքում մարդկանց 75 %-ը նշել էր, թե իրենց կամ իրենց բարեկամներին կաշառք են առաջարկել, ու տվել էին հիմնականում հետո կոալիցիա կազմած 3 կուսակցությունների անունները: Իսկ այս տարի մենք ընտրություններից առաջ էլ փորձեցինք նման հարցում անել, ընտրություններից հետո էլ, ու տեսնում ենք, թե մարդիկ ինչ դժվարությամբ են խոստովանում կամ հիշատակում խախտումների մասին, որոնցում իրենք էլ են ներգրավված եղել: Այսինքն՝ այս անգամ երեւի ավելի ուժեղացել է գիտակցությունը, որ դա հանցագործություն է, քանի որ կոռուպցիայի մասին շատ են խոսում եւ ասում են, որ ոչ միայն կաշառք տվողը, այլ նաեւ վերցնողն է հանցագործ: Եվ ակնհայտ է վախը. ասենք, դեպքեր են եղել, երբ երեխան հեռախոսը վերցրել՝ անկեղծ պատասխանել է, բայց հետո ծնողն է վերցրել լսափողն ու ասել՝ «սաղ սուտ է ասել»: Նման բաները բավականին նոր են, եւ մեզ շատ է մտահոգում, որ մարդիկ շատ վախեցած են այս անգամ:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ հիշատակելով ինչպես քարոզչությանը տրամադրված միջոցների ոչ թափանցիկությունը, այնպես էլ բազմաթիվ այլ ստվերային կողմեր՝ միջազգային դիտորդներն այնուամենայնիվ այս ընտրությունները բնորոշեցին իբրեւ առաջընթաց, բարելավում՝ «Մեկ քայլ առաջ՝ դեպի եվրոպական ժողովրդավարական արժեքներ»:
– Դիտորդների այդ հայտարարությունն ասուլիսում ունկնդրելիս իմ անձնական արձագանքը բավական ժխտողական էր: Այն, ինչ նրանք ներկայացրին հակիրճ կերպով՝ ցույց էր տալիս ինչ-որ մի երկնագույն պատկեր: Բայց երբ մանրամասն ուսումնասիրեցի նրանց եզրակացությունը, տեսա, որ արձանագրել են բավական շատ խախտումներ: Ու ինձ համար շատ տարօրինակ է, որ դրանցով հանդերձ՝ եզրակացությունն այսպիսին է: Որ դրական քայլեր կան՝ կարելի է համաձայնել, բայց որ մենք համարյա լիովին համապատասխանում ենք միջազգային չափանիշներին, երբ ե՛ւ վարչական ու ուժային ռեսուրսներ են օգտագործվել, ե՛ւ ավելի ակնհայտ ու առանց ամոթի ընտրակաշառք են բաժանել անգամ ընտրությունների օրը, ե՛ւ ընտրացուցակներում խախտումներ կան, ե՛ւ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրվել՝ նման գնահատականն առաջացնում է ոչ թե զարմանք, այլ բավական մեծ տագնապ: Քանի որ եթե սրանք են միջազգային չափանիշները՝ արդյոք մեզ պե՞տք է դրանց համապատասխանել: Մենք բոլորս կարծես խաղում ենք մի խաղ, որի անունն է՝ «մի քայլ առաջ» կամ «առաջընթաց՝ ազատ ու արդար ընտրությունների ուղղությամբ»: Սակայն իմ տեսանկյունով, այս ամենը պարզապես ծիծաղելի է, եթե նույնիսկ հաշվի առնենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ 3 հաշվետվություններում արձանագրված փաստերը: Դիտորդները անգամ տեղամասային ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմի մասին նշելիս «տռոյկա» բառն էին օգտագործել, եւ ինձ թվում է՝ հատուկ էին արել, որ զուգահեռ առաջացնեն ստալինյան «տռոյկա»-ների հետ:
– Հիմա Ձեր գնահատականներով հակադրվում եք միջազգային կառույցներին, որոնցից «սնվելու» մեջ են, որպես կանոն՝ մեղադրվում հ/կ-ները:
– Այո: Եվ մեր կազմակերպությունը դա արել է ավելի վաղ էլ՝ դրանով չգոհացնելով մեր դոնորներին: Մեզանում ընդունված չէ դոնորներին քննադատելը: Բայց հիշում եք՝ 2004-ին ԱԺ-ում վարկերի եւ դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեց, եւ հսկայական գումարներ, կոռուպցիոն դեպքեր հայտնաբերեցին ու հետո կոծկեցին: Սա նշանակում է, որ իշխանությունները պարզապես իրենց հետ պայմանավորվեցին, որ չարժե հրապարակել դա: Բայց կարծում եմ, որ այն կուսակցությունները, որոնք այդ ԱԺ-ում էին եւ հռչակել էին կոռուպցիայի դեմ պայքար՝ դրանից հետո պետք է առնվազն հրաժարական տային: