Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայիս 18,2007 00:00

\"\"Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը:

Ցավոք, Հայաստանի ազգային հավաքականի նահանջն ընտրանիների մրցապայքարում շարունակվում է: Իան Պորտերֆիլդի ղեկավարած կոլեկտիվը ապրիլ ամսվա համեմատությամբ դիրքերը զիջել է եւս մեկ աստիճանով եւ հայտնվել 128-րդ հորիզոնականում:

Ազգային հավաքականների լավագույն տասնյակն ըստ հերթականության կազմել են. 1. Իտալիա, 2. Բրազիլիա, 3. Արգենտինա, 4. Ֆրանսիա, 5. Գերմանիա, 6. Հոլանդիա, 7. Պորտուգալիա, 8. Անգլիա, 9. Իսպանիա, 10. Չեխիայի Հանրապետություն:

Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի «A» խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները հիմնականում կամ առաջընթաց են գրանցել նախորդ ամսվա համեմատ, կամ մնացել են նախկին տեղերում: Բացառություն կազմում են միայն Հայաստանն ու Բելգիան (վերջինը նահանջել է 3 տեղով եւ այժմ 62-րդն է): Պորտուգալիան (7-րդ), Ֆինլանդիան (45-րդ) եւ Ադրբեջանը (103-րդ) պահպանել են դիրքերը: Լեհաստանը վեր է բարձրացել երեք աստիճանով՝ հանգրվանելով 18-րդ հորիզոնականում: Մեկական քայլ առաջ են գնացել Սերբիան եւ Ղազախստանը: Այդ երկրների հավաքականները համապատասխանաբար զբաղեցնում են 31-րդ եւ 115-րդ տեղերը:

Ետընթացը կանգնեցնելու եւ հաջորդ ամսվա ցուցակում գործերն ինչ-որ չափով շտկելու համար Հայաստանի ազգային հավաքականից պահանջվում է «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներում անպայման հաղթանակի ձգտել: Հունիսի 2-ին մեր գլխավոր թիմը հյուրընկալվելու է Ղազախստանին: Այնտեղ 3 միավոր վաստակելու աղոտ հույս, այնուամենայնիվ կա, եթե հաշվի առնենք, որ վարկանիշային դասակարգման ցուցակում նրանց զբաղեցրած տեղերի միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Լեհաստան պատասխան հանդիպմանը (մարտի 28-ին մեր ֆուտբոլիստները, Պորտերֆիլդի բացակայությամբ, մրցակցի դաշտում զիջել էին 0:1 նվազագույն հաշվով), հուսանք, որ տան պատերը մերոնց կօգնեն հաջող հաղթահարել այդ դժվար արգելքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել