Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապակուսակցականացրե՛ք մշակույթի նախարարությունը»

Մայիս 18,2007 00:00

Առաջիկա կառավարությանը կոչ է անում Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Ռուբեն Բաբայանը:

Օրերս Ազգային թատերական ստեղծագործական միավորումը հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ արել նոր ստեղծվելիք կառավարությանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ որպես ազգապահպան ստրատեգիական կառույց, արտգործնախարարության կամ պաշտպանության նախարարության նման չապակուսակցականացնել: Հանդիպեցինք Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Ռուբեն Բաբայանի հետ:

– Ինչո՞ւ որոշեցիք նման հայտարարությամբ հանդես գալ:

– Մշակույթի նախարարներն ինչ-ինչ պատճառներով փոխարինում են մեկը մյուսին, չհասցնելով ո՛չ նախաձեռնել, ո՛չ էլ իրականացնել ստրատեգիական նշանակության որեւէ լուրջ ծրագիր, որի հետեւանքով ամբողջ կառույցը դոփում է տեղում՝ առանց մասնակից դառնալու բարեփոխումներին: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած կուսակցական նախարար սկսում է տարբեր տեղերում «դասավորել» կուսակից մանր-մունր գործիչներին, ավելի շատ լուծում է տակտիկական հարցեր: Իսկ մշակույթը երկարատեւ ծրագրերի իրականացման դաշտ է, ուստի նախարարների փոփոխությունը չպետք է բերի ծրագրերի փոփոխության: Մեզանում կուսակցական գործիչները փորձում են կուսակցական գաղափարախոսությանը ենթարկել մշակութայինը, որը չի կարող տեղավորվել կուսակցական նեղ շրջանակների մեջ: Ամեն անգամ մշակույթը պայմանավորել այս կամ այն կուսակցական պորտֆելով՝ կնշանակի դոփել տեղում եւ նորից հայտնվել կոտրած տաշտակի առաջ:

– Ինչո՞ւ եք միայնակ հայտարարությամբ հանդես գալիս, երբ կան մի շարք ստեղծագործական միություններ ու մշակութային կազմակերպություններ:

– Հավանաբար՝ մյուսներն էլ դեռ հայտարարություններ կանեն: Ինչ վերաբերում է մեզ՝ Ազգային թատերական ստեղծագործական միավորմանը, եթե հիշում եք, մեր կազմակերպության ստեղծման դրդապատճառներից մեկն էլ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ հանդես գալն էր: Այնպես որ, պարտավոր էինք հայտարարել մեր դիրքորոշման մասին, որպեսզի վաղը հարկ եղած դեպքում չասեն՝ ինչո՞ւ ժամանակին չարձագանքեցիք: Կրկնում եմ՝ փորձը ցույց է տալիս, որ կուսակցական նախարարները հիմնականում զբաղված են այլ գործունեությամբ, իսկ նրանք, ովքեր հրաժարվում են նման գործունեությունից, երկար չեն մնում իրենց պաշտոնում:

– Մտավախություն չունե՞ք, որ սա կարող է դիտվել իբրեւ ակցիա՝ ի պաշտպանություն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման երկարաձգման. նա թեեւ ՄԱԿ-ի քվոտայով է նախարար դարձել, բայց հայտարարում է, թե այդ կուսակցության հետ կապ չունի:

– Չեմ կարծում, թե մեր կազմակերպությունը այսօր այն հեղինակավոր կառույցն է, որի խոսքը այդքան մեծ արժեք կարող է ունենալ: Մեր հայտարարությունը բացարձակապես ուղղված չէ որեւէ պաշտոնյայի եւ չինովնիկի պաշտպանելուն: Կարող ենք պաշտպանել որոշակի սկզբունք, արվեստագետին, մարդուն, բայց ոչ երբեք չինովնիկի: Մեծ հաշվով՝ չինովնիկը, լավ, թե վատ, մնում է չինովնիկ: Նա կարող է մի քիչ խանգարել կամ օգնել, բայց մեր ստեղծագործական կյանքի վրա երբեք էական ազդեցություն ունենալ չի կարող:

– Ի՞նչ եք ակնկալում մշակույթի առաջիկա նախարարից: Շուտափույթ լուծում պահանջող ո՞ր խնդիրներն է հնարավոր կարճ ժամկետում հաղթահարել:

– Կան ե՛ւ երկարաժամկետ ե՛ւ կարճաժամկետ ծրագրեր: Վերջիններիս կարելի է հենց այսօրվանից անդրադառնալ: Դրանք կապված են հարկային քաղաքականության, մեկենասության, ավելացված արժեքի հարկի եւ այլնի հետ, այսինքն՝ այս հարցերը չեն պահանջում երկար ժամանակ: Բացահայտորեն ջրի երեսին են եւ հասկանալի, որ դրանց պատճառով ոլորտը չի զարգանում: Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, դրանց կանդրադառնամ թատրոնների մասով: Թատերական պրոցեսը դոփում է տեղում, չեն ստեղծվում նոր թատրոններ: Ցավոք, թատրոն բացել-փակելու ֆունկցիան թողել ենք պետության վրա: Մինչդեռ պետությունը պիտի նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի թատրոնները գոյություն ունենան, զարգանան, եւ եթե գա ժամանակը՝ բնական ճանապարհով մահանան: Կուզենայի, որ նոր նախարարը մտածեր նաեւ թատերական արվեստը միջազգային թատերական շուկայում մրցունակ դարձնելու մասին…

– Ծանոթացե՞լ եք կուսակցությունների ծրագրերի «մշակութային» մասին:

– Ամբողջը ջուր է, խոստումներ՝ նպաստել սրա՜ն, նրա՜ն… Տոլստոյը ժամանակին մի լավ բան է ասել. «Շատ ավելի հեշտ է գրել տիեզերքի, քան գարնանացանի մասին»: Ես գերադասում եմ, որ գրեն գարնանացանի մասին՝ մշակույթի առումով, իհարկե: Իսկ կուսակցություններն ավելի շատ մտածում են պաշտոնների մասին: Պաշտոններն էլ յուրաքանչյուրս ընկալում ենք Հայ առաքելական եկեղեցու տրամաբանությամբ, որ դրանք ցմահ են, ինչպես վեհափառինը: Յուրաքանչյուրս մշակույթի ոլորտում մեզ վեհափառ ենք զգում: Ախր պաշտոնը կորցնելու համար է: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, այն ավելորդ է: Լրիվ բավարար կլիներ կառավարությանը կից մշակույթի բաժինը: Մշակույթի վերաբերյալ ցանկացած կարեւոր որոշում պետք է կայացվի կառավարության մակարդակով ու մշակույթի հանդեպ պատասխանատվությունն էլ կրի ողջ կառավարությունը: Ի դեպ, կողջունեմ այն մշակույթի նախարարին, որի վերջնական նպատակը կլինի մշակույթի նախարարությունը վերացնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել