Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԲԱՆ ԲԵՐԳԸ «ՀԱՍԱՎ ԵՐԵՎԱՆ»

Մայիս 18,2007 00:00

\"\"Շաբաթ օրը հայաստանցի արվեստագետներ Գայանե Գեղամյանն ու Աննա Մանդալյանը մեր երկրում առաջին անգամ կհնչեցնեն ավստրիացի կոմպոզիտորի վոկալ շարքը:

Վերջին տարիներին հաճախակի դարձած երեւանյան կամերային երաժշտության երեկոներից հանդիսատեսները երբեմն նեղվում են, դժգոհելով, որ թե՛ տեղացի եւ թե՛ արտերկրից ժամանած արվեստագետների երկացանկը հաճախ կրկնվում է:

Հայտագրերից տեղեկացանք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 19-ին կայանալիք համերգում Հայաստանում առաջին անգամ կհնչեն 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայտնի կոմպոզիտորների ոչ «ծեծված» ստեղծագործություններ, հանդես կգան Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոսներ, երգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր, պրոֆեսոր Գայանե Գեղամյանը եւ դաշնակահարուհի, դոցենտ Աննա Մանդալյանը:

Արվեստագետներից հետաքրքրվեցինք, թե տարիներ շարունակ միասին հանդես եկող դուետին ինչո՞ւ հաճախակի չենք հանդիպում երեւանյան բեմում: Երաժիշտները հայտնեցին, որ կոնսերվատորիայում մանկավարժական աշխատանքը բավական ժամանակ է խլում իրենցից: Հետո էլ ավելացրին, որ ի սկզբանե առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով՝ երբեք չկրկնել իրենց կողմից արդեն հնչեցրած ծրագիրը: Համերգի առաջին բաժնում Հայաստանում առաջին անգամ կկատարվի 20-րդ դարի առաջին կեսի ավստրիացի կոմպոզիտոր Ալբան Բերգի «Յոթ երգը», իսկ երկրորդում՝ արիաներ Դեբյուսիի «Մոլորյալ որդու վերադարձը», Գոդարի «Ժոսելեն», Ռավելի «Իսպանական ժամ», Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերաներից:

Խոսելով կոնսերվատորիայի իր դասարանում ուսանած երգիչների մասին, Գ. Գեղամյանը նշեց, որ նրանցից չորսը՝ Հրաչուհի Բասենցը, Արտավազդ Զաքարյանը, Արմինե Ներսիսյանը, Լուսինե Ղազարյանը, ներկայումս բեմ են բարձրանում Գերմանիայի օպերային թատրոններում: Հարցին, թե ինչո՞ւ երգիչների անունները մեր երկրում այնքան էլ հայտնի չեն եւ մի՞թե հնարավոր չէր «համատեղել» նրանց երգչական կարիերան՝ Հայաստանում ու արտերկրում, Գ. Գեղամյանը հայտնեց, որ հիշյալ ուսանողներից եւ ոչ մեկը ժամանակին ցանկություն չի հայտնել բեմ բարձրանալ Երեւանի օպերային թատրոնում. «Նրանք, լինելով բարձրակարգ մասնագետներ, տեսնում են մեր թատրոնի ներկայացումների որակը, հաճախականությունը, աշխատաոճը, ինչը, բնականաբար, ոչ մի պրոֆեսիոնալի չի կարող բավարարել: Իմ Հրաչուհին, օրինակ, անցյալ տարի Գելզենգելհենի օպերային թատրոնում մի կարճ ժամանակ աշխատելուց հետո 2006թ. Գերմանիայում արժանացել է Տարվա լավագույն երգչուհու տիտղոսին»:

Ինչպե՞ս անել, որ լավագույն սոլիստները չհեռանան Հայաստանից: Երգչուհու պատասխանն այս հարցի առիթով խիստ էր. «Դա ի՛մ գործը չէ: Ունենք պետություն, համապատասխան գերատեսչություն: Դա, առաջին հերթին, իրենց պետք է մտահոգի»:

Դիտարկմանը, թե ժամանակին կոնցերտմայստերների անունները հայտնի էին նույնիսկ ոչ մասնագետներին, ինչը չենք ասի այսօրվա մասին, Ա. Մանդալյանը հակադարձեց. «Համամիտ չեմ: Վստահ եմ, որ ինձ հետ համակարծիք կլինեն գործընկերներս՝ լավագույններին բոլոր ժամանակներում գնահատում են: Նրանք միշտ էլ երեւում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել