Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մեկ ընտրատարածքում՝ 3.807+2.852 անճշտություն

Մայիս 18,2007 00:00

Թիվ 31 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանը մեզ տեղեկացրեց, որ թիվ 31-ում կատարված ապօրինությունների կապակցությամբ պատրաստվում է դիմել դատախազություն:

Ապօրինությունները, ըստ տիկին Փարեմուզյանի, հետեւյալներն են: Ամփոփիչ արձանագրությունները շատ տխուր վիճակ են ներկայացնում: Նախ, տարածքային հանձնաժողովների ամփոփիչ տվյալները պատրաստ չեն եղել օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ հաջորդ օրվա ժամը 14-ը, եւ մեկական օրինակ չի տրվել կուսակցություններին եւ մեծամասնական թեկնածուներին: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը թեկնածուի ներկայացուցիչներին հայտնել է, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում գրանցվել են 2.852, իսկ մեծամասնականով՝ 3.807 անճշտություններ: Բացատրությունը սա է եղել՝ այդ անճշտությունները հանձնաժողովների նախագահների անգրագիտության արդյունք են: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի ՀԺԿ ներկայացուցիչ Արմինե Բաբայանը 17 բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ տեղամասային հանձնաժողովների կողմից ընտրական փաստաթղթերը տարածքային հանձնաժողով ներկայացնելու կոպիտ խախտումների մասին: Պարկերը, որոնց մեջ լցված են եղել քվեաթերթիկները, եղել են բաց (օրենքը պահանջում է, որ դրանք զմռսված լինեն), առանձին քվեատուփեր ներկայացվել են չդատարկված՝ մեջը քվեաթերթիկներով:

Առավել զավեշտական է ամփոփիչ արձանագրության պատկերը: Ըստ այդմ, թիվ 31/ 55 տեղամասային հանձնաժողովում էլեկտրոնային տարբերակով գրանցվել է 108, 31/63-ում՝ 158, 31/46-ում՝ 283, 31/8-ում՝ 792, 31/34-ում՝ 481, 31/34-ում՝ 481, 31/36-ում՝ 15, 31/58-ում՝ 63, 31/ 37-ում՝ 51, 31/11-ում՝ 578, 31/21-ում՝ 287, 31/53-ում՝ 286, 31/39-ում՝ 27 անճշտություն, որոնց ընդհանուր թիվը կազմել է 3.807 անճշտություն: Համամասնական ընտրակարգով նախնական արդյունքների էլեկտրոնային տարբերակում լուրջ անճշտություններ են գրանցվել. 31/1 ընտրատեղամասում՝ 39, 31/55-ում՝ 110, 31/61-ում՝ 11, 31/6-ում՝ 22, 31/39-ում՝ 85, 31/8-ում՝ 635, 31/9-ում՝ 436, 31/38-ում՝ 618, 31/59-ում՝ 286, 31/21-ում՝ 285, 31/63-ում՝ 160:

Տիկին Փարեմուզյանի ներկայացմամբ, անճշտությունները ուղղակի անչափելի են: Թիվ 31/58 տեղամասային ընտրական հանձնաժողովի (Ճաճկուտ գյուղ) կողմից հատկացված քվեաթերթիկների թիվը 353 է եղել, որից օգտագործվել է 246-ը, մարվել է 106-ը, իսկ էլեկտրոնային տարբերակում այս տեղամասում անճշտությունը կազմել է 108: Վանաձորի 31/8 տեղամասային հանձնաժողովին հատկացվել է 1590 քվեաթերթիկ, որից չօգտագործված եւ մարված քվեաթերթիկների թիվը 4-ն է, օգտագործվածների թիվը՝ 799, անվավեր է 39-ը, անհայտ է, թե ո՞ւր է մնացած 792-ը: Եթե սրանք չօգտագործված քվեաթերթիկներ են, ապա պետք է մարվեին, մինչդեռ ներկայացված մարվածների թիվը 4-ն է: Շամուտ գյուղի տեղամասին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 235, գրանցված ընտրողների թիվը՝ 168, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, մարվել է 1-ը, այն դեպքում, երբ պետք է մարվեր 67-ը: Համաձայնեք, շատ կասկածելի թվեր են:

Այս թվերի շարանը կարելի է անվերջ շարունակել, սակայն քանի որ Լարիսա Փարեմուզյանը պատրաստվում է այս փաստերը ներկայացնել դատախազություն, կարծում ենք, մեր հրապարակումից բացի, փաստերը ստանալու այլ ձեւ դատախազությունը կունենա: Մնում է, որ հետամուտ լինի իրականության բացահայտմանը: Ի դեպ, այս փաստերը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը ՀԺԿ ներկայացուցիչներին բացատրել է հանձնաժողովականների անգրագիտությամբ: Ըստ Լարիսա Փարեմուզյանի, այս ընտրատարածքում հայտնաբերված 3800 անճշտությունները խոսում են ընտրախախտումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել