Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄՆՈՒՄ Է «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ»

Մայիս 18,2007 00:00

\"\"Շուրջ երեք օր է՝ թալինցիները չեն հեռանում քաղաքի հրապարակից, նրանք պահանջում են չեղյալ համարել պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ընտրությունը եւ հաղթող ճանաչել Մնացական Մնացականյանին:

Նախօրեին մոտ 500 թալինցիներ քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Քաղաքապետարանի շենքում էին գտնվում թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի անդամները, որոնք պետք է որոշեին, թե որ տարածքներում են քվեապարկերը բացելու եւ քվեաթերթիկները վերահաշվելու: Բանն այն է, որ նույն ընտրատարածքից պատգամավոր է վերընտրվել ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, սակայն, թալինցիների խոսքերով, իրականում ժողովրդի քվեն ստացել է ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը. «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են Թալինին էլ կոտրել, իրենց հաջողվեց ամբողջ երկիրը կոտրել, բայց մեզ կոտրել չի լինի, Թալինը թասիբի, նամուսի քաղաք է, պահանջում ենք արդարություն, մինչեւ վերջ գնալու ենք, պետք է մեռնենք՝ կգնանք մեռնելու, բարոյական մարդն այս հակաազգային ժողովում տեղ չունի, դրա համար էլ չեն ուզում արդար ընտրվածը այնտեղ լինի»,- նշեց Մելս Բարսեղյանը: Քաղաքացիները հանձնաժողովից պահանջում էին, որ իրենց պատասխան տան, թե ինչու են պրն Մանուկյանին պատգամավոր ճանաչել, սակայն մինչեւ ուշ գիշեր նրանց այդպես էլ ոչ մի պատասխան չտվեցին: «Ծուռ սասունցի ենք, կհասնենք Երեւան՝ բոլորին խայտառակ կանենք, արդեն մեր համբերության բաժակն էլ է լցվել, ինչքան կարելի է մեր նյարդերի հետ խաղալ»,- նշում էին թալինցիները:

Քաղաքապետարանի շենքը շրջապատել էին նաեւ մոտ 50 ոստիկաններ, որոնք քաղաքացիներին չէին թողնում նույնիսկ մայթն անցնել: «Դե լավ, զզվացրիք, էլի, ձեր գոռոց-ճվոցով»,- բղավում էին նրանք: Հավանաբար զգալով, որ բազմությունը գնալով ավելանում է, ոստիկաններին օգնության եկան նաեւ մի քանի մահակավոր իրավապահներ, սակայն, բարեբախտաբար, կողմերի միջեւ բախումներ չեղան: Քաղաքացիներն իրենց բավականին զուսպ էին պահում, բավարարվում էին միայն կոչերով ու «արդարություն» գոռալով, ինչը, սակայն, չեմ կարող ասել ոստիկանների մասին, որոնք կարծես դիտավորյալ հրահրում էին հավաքվածներին: Իմ բոլոր փորձերը, որ ցանկանում էի զրուցել հանձնաժողովի անդամների հետ՝ մատնվեցին ձախողման, ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նույնիսկ քաղաքապետարանի շենքին, պատճառաբանեցին, թե փողոց է եւ իմ ներկայությամբ խանգարում եմ երթեւեկությանը (՞): «Ո՞ւր են իրենց արդար ընտրությունները, ինչո՞ւ չվերահաշվեցին Գետաշենի տեղամասի քվեաթերթիկները, դե թող բացեին»,- բողոքում էր Արտակ Մարգարյանը: Նրա տեղեկացմամբ, ամբողջ ընտրակեղծիքները եղել են միջազգային եւ տեղական դիտորդների այցերից հետո. «Էսքան ժողովրդի՞ն հավատանք, թե՞ դիտորդների ասածին, որ իբր ընտրություններն անցել են արդար ու ազատ»:

«Նախորդ ընտրություններին Մանուկյանը ասել էր, թե թալինցիներին առել եմ, ձայն չհանեցինք, առիթից օգտվելով հիմա էլ հայտարարում է, թե ամեն մի թալինցու դռան առաջ մի տուկ խոտ եմ դնելու, բա դա պատգամավորի ասած բառ է»,- ասաց թալինցի մի կին: ԺԿ Արագածի տարածքային կառույցի ղեկավար Արմենակ Մելքոնյանն էլ «Առավոտին» պատմեց, որ «Արագած ավանում ընտրություններից առաջ Մանուկյանը դպրոցի համար 6 հազար դոլարի սպորտային գույք էր բերել, նախօրեին էլ եկել-տարել է, 1700 ընտրողի 10- հազարական դրամ փող էր բաժանել, հազար ձայն էր հավաքել, դրա համար էլ եկավ-տարավ, ամոթն էլ է լավ բան, ես եմ իրա տեղն ամաչում»: Թալինցիների խոսքերով, մայիսի 11-ի գիշերը, երեք «Ջիպով», պատգամավորի կողմնակիցները ընտրակաշառք են բաժանել: «Ես ամաչում եմ ապրել մի երկրում, որտեղ ժողովրդի ձայնը հաշվի չեն առնում»,- ասում է թալինցի ուսանող Վիգեն Գեւորգյանը: Հավաքի ամբողջ ընթացքում բազմությունը սպասում էր Խաչիկ Մանուկյանին, սակայն այդպես էլ նրանց ցանկությունը չկատարվեց. «Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ելույթ ունենալով նշեց, թե բոլորն իրենց գործով թող զբաղվեն, մեր քաղաքապետը եղել է լավ քաղաքապետ, թող զբաղվի մեր տարածքի, շրջանի գործերով, իսկ Խաչիկ Մանուկյանն էլ թող իրա «Լուսակերտի» հավերը պահի, ավելի լավ է ինքն այնտեղ աշխատի: Մեր քաղաքի համար միակ բանը, որ այս չորս տարիների ընթացքում արել է՝ իր դիմանկարը քաղաքում բոյով մեկ տեղադրելն է եղել, ի՞նչ է արել մեզ համար, նույնիսկ մի անգամ Ազգային ժողովում ելույթ չի ունեցել, որ գոնե այնտեղից դեմքը հիշեինք»: Նրանք խոստացան փակել Թալին մտնող բոլոր ճանապարհները, եթե իրենց ձայնն արհամարհեն: «Թալինում խղճալի վիճակում ենք գտնվում, ամոթ էլ է, մեր ու մանուկ եկել ենք այստեղ ուռա ենք բղավում ու արդարություն ենք պահանջում, եթե արդյունքի չհասնենք՝ խոստանում ենք բոյկոտել բոլոր ընտրությունները»,- ասաց Սվազյան Մելանյան:

Ցուցարարներին վերջում մոտեցավ Մնացական Մնացականյանը եւ նրանց հանգստացրեց, ասելով, որ հաջորդ օրը հանձնաժողովը նորից աշխատելու է. «Եթե դուք տեր եք ձեր քվեին, ես էլ ձեզ եմ տեր, միասին պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Երեկ թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովը ժամը 14-ի դրությամբ դադարեցրել էր աշխատանքը: Մեզ հետ զրույցում Մ. Մնացականյանը նշեց, թե հույս չունեն, որ ինչ-որ բանի կհասնեն եւ ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես դիմելու են դատարան: Թալինցիները երեկ էլ շարունակում էին իրենց ցույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել