Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գործադիր եմ իմ գործերի մեջ»

Մայիս 18,2007 00:00

Երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը

Թիվ 33 ընտրատարածքում ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի պահանջով բացվել են որոշ ընտրատեղամասերի քվեատուփերը եւ այս օրերին ընթանում է վերահաշվարկ: Այս ընտրատարածքից նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը։ Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է սպասում պարոն Աղաբաբյանը այս վերահաշվարկից, հնարավո՞ր է այնպիսի թվով ընտրակեղծիքներ բացահայտվեն, որ ընտրության արդյունքն այս ընտրատարածքում էականորեն փոխվի: Աշոտ Աղաբաբյանը սա անհնար համարեց. «Որովհետեւ Հովհաննես Մարգարյանը ինքն իրենից փուչիկ է, ոչ մի բան չարած այս երկրի համար, ընդամենը ԱԺ-ում ակտիվ երիտասարդ խոսացող, իսկ ես գործի մարդ եմ, թող բացեն, ամեն ինչ պարզ կերեւա»: Այսինքն՝ այդքան վստա՞հ է իր հաղթանակին. «Միանշանակ, որովհետեւ ես ճտերը միշտ աշնանն եմ հաշվում»:

Նաեւ հետաքրքրվեցինք, թե պատգամավորության թեկնածուն իր ընտրատարածքում ի՞նչ ընտրակաշառք է բաժանել, ինչո՞վ է համոզել ընտրողներին: Ասաց, որ ինքն անցած 4 տարիների ընթացքում «բավականին լուրջ, հետեւողական գործեր եմ արել, անգամ հետամուտ եմ եղել, որ այս տարածքի բոլոր գյուղերն արդեն 5-6 հեռուստաալիք են դիտում, դա իմ նախաձեռնությունն է եղել պետության հետ, եւ ուսանողի վարձեր, եւ բժշկական օգնություններ, եւ դպրոցներին, եւ մանկապարտեզներին օգնություններ, արդյունքը պետք է դա էլ լիներ: Ինքը (նկատի ունի Հովհաննես Մարգարյանին) ինչ-որ ընտրակաշառքի մասին է խոսում, ընտրակաշառք, իմ կարծիքով, աշխարհով մեկ բաժանում են, բայց հակառակ էդ բոլորին, ես ոչ մի ընտրակաշառք էլ չեմ բաժանել, իմ 4 տարիների արդյունքն են իմ ստացած ձայները, իմ՝ 4 տարի խոսելու եւ իմ՝ 4 տարի ժողովրդի կողքը լինելու արդյունքը»:

Մեր հարցին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Հանրապետականն այդքան շատ քվեներ ստացավ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Հանրապետականը՝ մենք, շատ առաջնորդներ կորցրինք, ամենակարեւորը՝ մեր առաջնորդները սկսվում են Մովսես Գորգիսյանով, Աշոտ Նավասարդյանով, Վազգեն Սարգսյանով, Անդրանիկ Մարգարյանով, այդ բոլորը հերի՞ք չի, որ այս ժողովուրդը հասկանա, թե էս կուսակցության առաջնորդները ինչքան մաքուր մարդիկ են եղել, այսօր էլ կուսակցությունը ղեկավարում է պատերազմի բովով անցած Սերժ Սարգսյանը, եւ մենք մեր առաջնորդներին չենք մոռանում, եւ նրանց ասածով, նրանց արածով, նրանց փորձով մեր կուսակցությունը իր դիվիդենդներն է հավաքում մեր ժողովրդի մոտ, որովհետեւ միշտ ժողովրդի կողքին է եղել: Ոչ մի բան հենց այնպես չենք խոստացել, ընդհակառակը՝ ասել ենք, որ մենք բոլոր խնդիրները ժամանակի մեջ ենք լուծելու եւ ոչ մեկին հայհոյած չկանք»: Աշոտ Աղաբաբյանն ասաց նաեւ, որ եթե իրեն գործադիրում պաշտոն առաջարկեն, ինքը կհրաժարվի, քանի որ՝ «Ես գործադիր եմ իմ գործերի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել