Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇԱՏ, ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՔԻՉ

Մայիս 18,2007 00:00

\"\"Որոշ կուսակցությունների նախընտրական ֆոնդն ակնհայտորեն գերազանցված է

Ըստ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների նախընտրական ֆոնդը չպետք է գերազանցեր 60 միլիոն դրամը: Խոշոր կուսակցությունների միայն մի քանի գովազդային պաստառների ծախսն արդեն գերազանցում է սահմանված ֆոնդի չափը; Այդուհանդերձ, բոլոր կուսակցությունները միաբերան հավաստիացնում են, որ իրենք տեղավորվել են այդ 60 մլն դրամ ֆոնդի մեջ, դեռ մի բան էլ տնտեսել են:

Այսպես, նախընտրական քարոզչության համար ՀՅԴ-ն ծախսել է 58 մլն 486 հազար դրամ: «Առավոտին» այսպես վստահեցրեց կուսակցության մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը, բացի բազմաթիվ բուկլետներից, քարոզչապաստառներից, ՀՅԴ-ի «լոգոյով» գրենական պիտույքներից ու հուշանվերներից, մարզերում կիլոգրամներով պարզապես շաղ էր տալիս կուսակցության անունով պատրաստված կոնֆետներ, թխվածքաբլիթներ ու խաղալիքներ: Բացի այդ, կուսակցությունը 1 ամիս շարունակ հանրապետության բոլոր գյուղերում «մինի» համերգներ էր կազմակերպում, իսկ դրանք բոլորը ծախսատար էին եւ ամենակոպիտ հաշվարկներով էլ՝ ՀՅԴ-ն չէր կարող 58.5 մլն-ով քարոզչության տակից դուրս գալ:

Ընդհանրապես, կուսակցություններից շատերի նախընտրական քարոզչությունն ուղեկցվում էր հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կազմակերպված համերգներով: Իսկ այդ օրերին ամենաէժան երգչի գինը նվազագույնը 300 դոլար էր, ուստի կուսակցությունները միայն այդ համերգների համար հսկայական գումարներ են ծախսել, քանի որ առնվազն 5-6 երգիչ իրենց համերգի համար տարել են: Տիգրան Կարապետիչի դեպքում ընդունելի է, որ համերգներ կազմակերպելը թանկ չի նստել, քանի որ նա սեփական «ադամանդներին» է երգացրել, իսկ, օրինակ, Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ չբավարարվելով տեղական աստղերով, նույնիսկ արտասահմանյան շոու- բիզնեսից էին երգիչներ հրավիրել:

Թե որքան են ծախսել նախընտրական քարոզչության համար՝ ո՛չ ՀՀԿ-ից, ո՛չ էլ ԲՀԿ-ից տվյալներ չտրամադրեցին՝ պատճառաբանելով, որ «մեր ծախսերը դեռ չենք հաշվել»: Այս երկու կուսակցությունների նման պատասխանն ավելի է հաստատում, որ նրանք այս օրերին այնքան մեծ ծախսեր են կատարել, որոնք հաշվելու համար իսկապես ժամանակ է պետք: Հաշիվ-ֆակտուրաներով՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հնարավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հիմնավորեն իրենց կատարած ծախսերը եւ ներկայացնեն, թե 60 մլն դրամից ավելի ծախս չեն արել: Օրինակ, ՀՀԿ-ի բուկլետներից մեկի տպաքանակը, ըստ կուսակցության, եղել է 10 հազար հատ (ՀՀԿ-ն 3-4 տեսակի բուկլետ է թողարկել): Գովազդային գործակալությունները 1 հատ երկշերտ բուկլետի պատրաստման համար պահանջում են 90 դրամ: ՀՀԿ-ինը քառաշերտ է, ուստի միայն բուկլետի համար կուսակցությունը ծախսել է 1 մլն 800 հազար դրամ, ընդ որում՝ երբեք բուկլետների վրա ճիշտ տպաքանակը չի գրվում. եթե նշված է 10 հազար օրինակ, նշանակում է՝ պիտի հասկանանք առնվազն կրկնակի կամ եռակի: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նրա նախընտրական քարոզչության ֆոնդի ուղիղ կեսը պետք է որ ծախսվեր միայն Գագիկ Ծառուկյանի նկարով մեծադիր պաստառների համար, որոնք տասնյակներով տեղադրված են մայրաքաղաքում եւ հանրապետության մի շարք մարզերում: Գովազդային գործակալությունների տվյալներով՝ նման պաստառների 1 քմ-ն արժե միջինը 5000 դրամ՝ տեղադրման ծախսերը չհաշված: Իսկ ԲՀԿ-ի պաստառները մետրերով են:

Ի տարբերություն ունեւոր կուսակցությունների, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, ըստ «Առավոտին» տված տեղեկատվության, քարոզչության համար ծախսել է ընդամենը 6 միլիոն դրամ: Չնայած սրան, կուսակցության անդամները մինչ ընտրությունները հպարտանում էին, որ իրենք հանրապետության 180 համայնքներում շրջայց են կազմակերպել եւ ընդհանուր առմամբ 250 ելույթ են ունեցել: Այդ շրջայցերի ժամանակ, բացի բուկլետներից եւ օրացույցներից, Մանուկ Գասպարյան-Արշակ Սադոյան-Աղասի Արշակյան եռյակի նկարներով հազարավոր գլխարկներ ու թեւնոցներ էին բաժանել, իսկ դրանք ծախսեր էին, որոնք հաստատ 6 մլն-ով չէին սահմանափակվի:

«Ազգային համաձայնությունն» իր նախընտրական ծրագրերը քարոզելու համար ծախսել է ընդամենը 430 հազար դրամ: Հաշվի առնելով, որ այս կուսակցության քարոզարշավը շատ պասիվ անցավ, հնարավոր է, որ «Ազգային համաձայնության» առաջնորդ Արամ Հարությունյանը դեռ մի բան էլ ավելի է ներկայացրել, քան ծախսել է՝ ամոթով չմնալու համար: «Ժառանգություն» կուսակցության ներկայացմամբ էլ՝ իրենց ծախսերը կազմել են 53 միլիոն դրամ:

Բնական է, որ ոչ մի կուսակցություն կամ թեկնածու այսքան ծախս չէր կատարի, եթե չակնկալեր դրա բազմակի փոխհատուցումը: Տնտեսագետների կարծիքով, այդ ծախսերն առաջիկա 5 տարիների ընթացքում ժողովրդի ջանից են դուրս գալու: Ըստ տնտեսագետ Կարեն Բոյաջյանի՝ «ԱԺ անցած ու չանցած թեկնածուները կսկսեն ավելի շատ թաքցնել իրենց իրական եկամուտները՝ հարկային պարտավորությունները կատարելով մասամբ»: Նրա կարծիքով, փողերը հետ բերելու ամենաշահավետ մեթոդը դարձյալ «կմնա կոռուպցիան՝ իր բոլոր դրսեւորումներով»: Տնտեսագետ Արմեն Ճուղուրյանն էլ կարծում է, որ տնտեսության մեջ ցնցումներ չեն լինի:

Ամեն դեպքում, մի բան պարզ է. քանի դեռ նախընտրական շրջանում ծախսված գումարները նորից չեն հայտնվել ծախսողների գրպանում, անիմաստ է հավատալ ծրագրերում ընդգրկված նպաստների, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման անիրատեսական խոստումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել