Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ԼԻՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մայիս 18,2007 00:00

«Ազգային միաբանությունը» եւ ՄԱԿ-ը սուսիկ-փուսիկ ընդունել են իրենց պարտությունը եւ չեն բողոքում. արդյոք ՀՀԿ-ն նրանց պաշտոննե՞ր է խոստացել՝ լրագրողի այս հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանեց. «Եթե պաշտոններ ունենայինք՝ քեզ կխոստանայինք, որ նման հարցեր չտայիր»:

Իսկ ավելի լուրջ՝ ասաց. «Քաղաքական ուժը երբ պարտվում է՝ պետք է տղամարդավարի ընդունի իր պարտությունը: Եթե բողոքելու համար հիմքեր չկան, մարդիկ ի՞նչ անեն, բողոքելու իմիտացիա՞ անեն»: Գալուստ Սահակյանը դատապարտեց «ընդդիմադիր կուսակցությունների զրպարտիչ քաղաքական ուղին»: Նրա խոսքերով, «ընտրությունների ընթացքում կոնկրետ խախտումների ազդանշաններ գրեթե չեն ստացվել»: Նաեւ վստահություն հայտնեց, որ «հեղափոխություն անելու՝ ընդդիմության ջանքերը լրիվ անիմաստ են եւ ոչ ոքի պետք չեն»: Գալուստ Սահակյանի կարծիքով, «եթե ժողովուրդն իսկապես հեղափոխություն ցանկանար, ապա մայիսի 13-ին ընդդիմության հանրահավաքին ավելի շատ մարդիկ կգային»: Իսկ այժմ, ըստ նրա՝ «Ուղղակի դիմանկարային լինելու կուրս են վերցրել որոշ ընդդիմադիրներ»: Հավելեց, թե նստացույց հայտարարած քաղաքական ուժերն ուղղակի բանսարկությամբ են զբաղված, եւ այդ ակտիվությունը կտեւի ամենաշատը 3 շաբաթ: Եվ արձագանքելով Իսրայել Հակոբկոխյանի հացադուլին առնչվող հարցին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ում մասին եք խոսում, բայց եթե ես էլ հացադուլ անեմ՝ աշխարհը չի տուժի դրանից»:

Ի դեպ, նա նշեց, թե «տղամարդավարի իրենց պարտությունն ընդունած ուժերի համար ավելի լայն ճանապարհ է բացվում», եւ հիշեցրեց, որ վարչապետ Սերժ Սարգսյանը խոստացել է համագործակցություն ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Ըստ Գալուստ Սահակյանի, նոր կառավարությունը կոալիցիոն սկզբունքով կձեւավորվի, բայց կոալիցիայի հուշագիր՝ փաստաթուղթ, որպես այդպիսին, չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել