Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը՝ ընդդիմության լոկոմոտի՞վ

Մայիս 18,2007 00:00

ՆԺԿ նախագահն իրեն մոտավորապես այդպիսին է պատկերացնում

«Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում ընդդիմադիր ուժերի առաջնորդի ֆիգուրը: Այսօրվա իշխանությունների գլխավոր հակառակորդը, կարծես թե, դառնում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը»,֊ ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ գրել է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը՝ պնդելով, թե հայաստանյան ընդդիմության առաջնորդը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն է: Ինքն էլ թերթին տված հարցազրույցում վստահեցրել էր, թե՝ «մնացած ընդդիմադիր ուժերը մեզանից էականորեն հետ են մնացել, եւ կարելի է ասել, որ «Նոր ժամանակներ»-ը դառնում է ընդդիմության լոկոմոտիվը»: Ահա այսպիսի գովազդի ֆոնի վրա երեկ ասուլիս էր հրավիրել Ա. Կարապետյանը, ով հայտարարեց, որ 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Ընդ որում, Ա. Կարապետյանի հայտարարություններից կարելի էր հասկանալ, որ նա մտադիր է ընդդիմադիր դաշտում «լոկոմոտիվի» դեր խաղալ նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ, եթե մի պահ չհաշվենք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: «Ի տարբերություն խորհրդարանականի՝ 2008թ. նախագահական ընտրությունների դաշտը սեւ ու սպիտակ է լինելու՝ մի կողմից Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ ես կամ Արթուր Բաղդասարյանը, նույնիսկ, եթե լինեն շատ թեկնածուներ»: Իր լիդերությունը ՆԺԿ նախագահը փաստարկեց այն հանգամանքով, որ ՆԺԿ-ի քվեների դինամիկան աճում է՝ ի տարբերություն ՕԵԿ-ի, ՀԺԿ-ի կամ ԱՄ-ի, որոնք այս ընտրությունների ժամանակ անհամեմատ քիչ ձայներ են ստացել, քան նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Ընդդիմադիր դաշտում, հատկապես ԱԺ ընտրություններից հետո, շատ է խոսվում, որ իրենց ձայները, ըստ էության, փոշիացան նաեւ առանցքային ուժերի հավակնությունների եւ չմիավորվելու պատճառով, եւ որ նախագահական ընտրություններում ընդդիմությունն ավելի միասնական պետք է լինի իշխանությանը հաղթելու համար: ՆԺԿ նախագահ Ա. Կարապետյանը երեկ ասաց, թե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը հօգուտ այլ թեկնածուի կհանի միմիայն այն դեպքում, եթե իրեն ներկայացնեն այն մարդուն, ով պայքարելու, կռիվ է տալու մինչեւ վերջ, ով ունի դրա հնարավորություններն ու որեւէ պայմանավորվածությունների չի գնալու իշխանությունների հետ, ու ամենակարեւորը՝ Ա. Կարապետյանից ավելի ուժեղ է: ՆԺԿ նախագահի դիտարկմամբ, գոնե այսօր նման մարդու ասպարեզում ինքը չի տեսնում: Ասել է թե՝ Ա. Կարապետյանը հավակնում է նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության առանցքային թեկնածուներից մեկը լինել: Նրա կարծիքով, ընտրությունների ժամանակ կաշառքով ձայն տվողների քանակը չի անցել 15-20 տոկոսի սահմանագիծը, իսկ վարչական ռեսուրսը, ըստ նրա, 150 հազար է: Սա Ա. Կարապետյանի ասելով, ենթադրում է, որ 2008-ին թեժ պայքար է լինելու:

Անդրադառնալով ՕԵԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության ԱԺ-ում հայտնվելու փաստին՝ ՆԺԿ նախագահը դա բացատրեց հետեւյալ կերպ. «Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում իշխանությունը մտածեց, որ եթե նա գալու է ԱԺ եւ ասի՝ «Տե՞ր ես», թո՛ղ գա՝ ասի, դրանից վտանգ չկա, իսկ Արթուր Բաղդասարյանը երբեք իր քննադատություններում անուններ չի տալիս եւ իրենից նույնպես վտանգ չի ներկայացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել