Հերքելով լուրերը, որ ինքը ընտրությունների շրջանում կռիվների մեջ է եղել, ասում է Գագիկ Բեգլարյանը
– Ընտրությունների օրվա հետ կապված բազմիցս շոշափվեց նաեւ ձեր անունը. տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան, որ դուք եւ ձեր շրջապատը միջամտել եք ընտրական գործընթացներին, որ ձեր շրջապատի մարդիկ փորձել են ընտրակեղծիքներ կատարել: Եղե՞լ է նման բան, եթե այո, ինչո՞ւ:
– Ընտրություններից հետո սա իմ առաջին հարցազրույցն է եւ օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոն համայնքի բոլոր բնակիչներին, որովհետեւ իրենք շատ ակտիվ մասնակցեցին ընտրություններին, դա տեսան թե՛ միջազգային ու տեղական դիտորդները եւ թե՛ վստահված անձինք ու հանձնաժողովների անդամները: Մինչեւ ընտրությունների ավարտը բոլոր ընտրատեղամասերում մարդիկ բավականին ակտիվ հաճախեցին, եւ, վստահեցնում եմ, մեր համայնքում տեղի ունեցան արդար եւ մաքուր ընտրություններ: Հավատացեք, այդպես էր, եւ թեկուզ փորձի համար կարելի է բացել ու նայել բոլոր ընտրատեղամասերի արդյունքները եւ համոզվել, որ մենք անցկացրել ենք մաքուր եւ արդար ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը եւս անցել է քաղաքակիրթ սահմաններում, եւ քարոզարշավի ընթացքում ես, որպես համայնքի ղեկավար, Կենտրոն համայնքի բնակիչներից մի բան եմ խնդրել, որ անպայման մասնակցեն ընտրություններին, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը, որպեսզի մենք ունենանք ազատ, արդար ընտրություններ, որպեսզի կասկածներ չմնան մեր ընտրությունների վերաբերյալ: Ես շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներից, քանի որ նրանք կատարեցին իմ խնդրանքը եւ ակտիվ մասնակցեցին ընտրություններին:
– Քանի որ ՀՀԿ անդամ եք, հասկանալի է, որ աշխատել եք այդ կուսակցության օգտին, ձեր ղեկավարած համայնքը քանի՞ ձայն է բերել ՀՀԿ-ին:
– Ես աշխատել եմ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու օգտին: Իսկ եթե ձեզ թվեր են հետաքրքրում՝ ասեմ: Կենտրոնում 2 ընտրատարածք կա, թիվ 9-ում, որտեղ մեծամասնականով ընտրվեց Ռուբեն Սադոյանը, ՀՀԿ-ն հավաքեց 7.040 ձայն, իսկ թիվ 10-ում, որտեղ Խաչատուր Սուքիասյանն էր ընտրվում, ՀՀԿ-ն հավաքեց 5.940 ձայն: 2-րդ տեղում «Ժառանգությունն» էր, 3-րդում՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն 4-րդ տեղում էր:
– Պնդում եք, որ ձեր համայնքում ՀՀԿ-ն կամ այլ իշխանական ուժ ընտրակաշառք եւ այլ ապօրինի գործողություններ չի՞ իրականացրել:
– Կենտրոնում ՀՀԿ-ի պատասխանատուն ես եմ եղել եւ կարող եմ հավաստիացնել, որ մեր կուսակցության կողմից նման բաներ չեն եղել: Իսկ մյուս կուսակցությունների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, ինքս նման դեպքերի մասին չգիտեմ:
– Ուրեմն ինչո՞ւ է ձեր անունը կապվում կռիվների, ծեծերի եւ այս կարգի բաների հետ:
– Արդեն 1 տարուց ավելի է՝ մամուլի տարբեր միջոցներով փորձում են ինձ ներկայացնել ծեծկռտուքների, կռիվների եւ այս կարգի բաների մասնակից: Որպեսզի մեկընդմիշտ վերջ տրվի այս կարգի կեղծ տեղեկությունների տարածմանը եւ բամբասանքներին՝ ասեմ, եւ դրանով թեման փակենք: Փողոցային վեճի կամ կռվի ես վերջին անգամ մասնակցել եմ ուսանողական տարիներին: Ժամանակին բավականին կռիվներ եմ արել եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ տղամարդ կայացման եւ արժանապատվության կռիվներից երիտասարդ տարիներին երբեք չի կարող խուսափել: Դրանից հետո բավականին երկար ժամանակ է անցել, ես այդ կարգավիճակից դուրս եմ եկել, որովհետեւ համոզված եմ՝ մարդը այդ ամենը պիտի անի ժամանակին: Թող մտածեն նրանք, ովքեր այդ կարգի կռիվներ ժամանակին չեն արել եւ այսօր ուզում են լրացնել այդ բացը:
– Վերջերս գրվել էր, որ դուք զինված շրջել եք ընտրատեղամասերում եւ դրա համար հակահարված եք ստացել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից:
– Ես այդ ամենը գրողներին կոչ եմ անում հետեւյալը՝ թող այդ կարգի լուրերը փորձեն ճշտել նույն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի միջոցով, եւ թող հարցնեն՝ եղե՞լ է նման բան եւ չգրեն «հավաստի տվյալներով», այլ՝ իրենց տված աղբյուրին հղում անեն, որ մարդիկ էլ հասկանան, թե ինչն ինչոց է: Եթե կուսակցությունների անուններ են տալիս, ուրեմն թող ասեն, որ այդ կուսակցություններից ստացված տեղեկություններով են նման լուրեր տարածում: Ես էլ այդ դեպքում կիմանամ ում զանգեմ եւ ասեմ, որ տվյալ անձը կամ կուսակցությունը մեծ ստախոս է: Մի անգամ էլ լուրեր տարածեցին, որ իբր ես եւ Գագիկ Ծառուկյանն ենք վիճել: Մամուլը դարձյալ չփորձեց այդ լուրերը ճշտել ո՛չ իմ եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հետ: Եթե ինչ-որ մեկը մամուլն օգտագործելով՝ շատ է ուզում, որ Գագիկ Բեգլարյանի անունը հայտնվի այդ կարգի խոսակցությունների մեջ, դա իր խնդիրն է, բայց ես հավաստիացնում եմ, որ Գագիկ Բեգլարյանը այս աշխատանքում երբեք նման բաներով չի զբաղվել եւ չի զբաղվելու: Հայաստանում չկա մարդ, որը չգիտակցի, որ ինձ չի կարելի ներքաշել չեղած բաների մեջ:
– Դուք ՀՀԿ համամասնական ցուցակում եք, կարծես ձեզ հերթ հասնում է՝ մտնել խորհրդարան, կողմնորոշվե՞լ եք, գնալո՞ւ եք խորհրդարան, թե՞ մնալու եք ձեր պաշտոնին:
– Ես խորհրդարան չեմ գնալու, որովհետեւ ինքս ինձ պատգամավորի աթոռին չեմ տեսնում: Ես ավելի շատ տեղական ինքնակառավարման ոլորտում եմ սիրում աշխատել, դա ինձ հոգեհարազատ է, եւ ես այստեղ դեռ շատ-շատ անելիք ունեմ: Ես, որպես համայնքի ղեկավար, որին ընտրել են հազարավոր մարդիկ, պարտավորվել եմ իմ համայնքի բնակիչների առջեւ կրկնապատկել իմ աշխատանքի արդյունավետությունը եւ աշխատել այն մարդկանց համար, ովքեր ինձ վստահության քվե են տվել՝ ղեկավարելու Կենտրոն համայնքը: