Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Եղվարդի լճի մոտ՝ «Երզնկայի տանձանոց» անունով հայտնի տարածքը վերածվել է «սպեցնազի» վրանային ավանի: Ծառերի արանքներում բացվել է մոտավորապես 40-50 վրան, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինվորականներից մեկի ասելով՝ իրենք «ուչեբկա» են անցնում: Թե ինչու է այդ «սպեցնազը» հայտնվել Եղվարդում, որտեղ երբեւէ ուսումնավարժական հավաքներ չեն անցկացվում՝ ղարաբաղյան բարբառով մեր թղթակցի հետ զրուցած զինվորականը բացատրել չկարողացավ: Փոխարենը նկատելի էր, որ մոխրագույն ու կանաչավուն համազգեստով այդ զինվորականների թվում կային նաեւ սեւ համազգեստով, զրահաշապիկներով եւ դիմակավորված մարդիկ, ովքեր ցույց էին տալիս, թե ինչպես է պետք ետ մղել իրենց դեմ կատարվող հարձակումները: Սեւ համազգեստները շատ նման էին այն համազգեստներին, որոնք կրում էին մայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ ընդդիմության ցուցարարների հետ ընդհարված զինվորականները: Ընդդիմության դաշտում լուրեր էին շրջանառվում, որ «սպեցնազը» բերվել է առաջիկայում հնարավոր բողոքի ալիքը հարկ եղած դեպքում ճնշելու նպատակով: