Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՆԵՍԱՆՍԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Մայիս 17,2007 00:00

\"\"Կամերային նվագախմբի ղեկավարները հիացած են այս երկրում դասական արվեստի հանդեպ ուշադրությունից:

Շուրջ 20 տարվա դադարից հետո, 2006թ. «Ռենեսանս» կամերային նվագախումբը, վերակազմավորումից հետո, հանդես եկավ հայ ունկնդիրների առջեւ, իսկ վերջերս՝ մայիսի 5-9-ը համերգներով ելույթ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ):

«Առավոտը» հանդիպեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի եւ տնօրեն Ալեքսան Զաքյանի հետ: Տնօրենը տեղեկացրեց, որ համերգային շրջագայությունը կազմակերպել էր ԱՄԷ-ի հայկական մշակութային ասոցիացիան, որը մեծ աշխատանքներ է տանում ոչ միայն հայաստանցի արվեստագետների միջոցով դասական արվեստը պրոպագանդելու, այլեւ արտերկրի անվանի երաժիշտներին ու կոլեկտիվներին ԱՄԷ հրավիրելու գործում: Պարոն Զաքյանը նշեց, որ ԱՄԷ-ում վերջին տարիներին ելույթներ են ունեցել ինչպես Եվրոպայի ճանաչված նվագախմբեր, այնպես էլ աշխարհահռչակ երգիչներ Լուչիանո Պավարոտին, Խոսե Կարերասը եւ այլք: Ըստ մեր զրուցակցի, երկիրը միջոցներ չի խնայում իր ժողովրդին կրթելու, նաեւ դասական բարձրակարգ մշակույթին հաղորդակից դարձնելու համար: Դիրիժոր Ռ. Ասատրյանն էլ հավելելով տնօրենի ասածին՝ փաստեց. «Դեռ անցյալ դարի կեսերին Էմիրություններում մարդիկ ապրում էին վրաններում եւ միայն ազգային հարստություն հանդիսացող նավթի արտահանման շնորհիվ, համենայնդեպս՝ այն քաղաքներում, որտեղ մենք համերգներ ունեցանք՝ Դուբայում, Աբու Դաբիում, Շարժայում, այսօր գերհագեցած է մշակութային կյանքը դասական արվեստով: Կուզեի առանձնացնել նաեւ միջազգային թատերական ու կինոփառատոները, ինչպես նաեւ նկարչական ցուցահանդեսները: Հիշատակածս քաղաքներն արտաքին տեսքով էլ չեն զիջում եվրոպականներին: Իսկ դահլիճների ակուստիկան պարզապես հիանալի է»: Կանխելով «Առավոտի» հարցը, նվագախմբի տնօրենը հայտնեց, որ դիրիժոր Ռ. Ասատրյանին ԱՄԷ-ում ճանաչում են դեռեւս 2003-ից, երբ նա այնտեղ ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Սկսած 2004-ից էլ դիրիժորը հրավիրվում է ԱՄԷ՝ մասնակցելու ջութակահարների ամենամյա միջազգային մրցույթի ժյուրիի աշխատանքներին: Պարոն Զաքյանը հիացած է տեղի լրատվամիջոցների օպերատիվ աշխատանքով. «Օրաթերթերի, այդ թվում՝ «Էթի Հադի», «Ալ Սայանի», «Ալ Խալիթի» եւ մյուսների էջերից դուրս չէր սպրդում եւ ոչ մի մշակութային ինֆորմացիա, իսկ մեր նվագախմբի ելույթների մասին, բնականաբար, տպագրվեցին ծավալուն հոդվածներ»:

Դիրիժորից հետաքրքրվեցինք Էմիրություններում իրենց համերգների ծրագրով: «Հնչեցրինք Կոմիտասի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռուբեն Ալթունյանի երկերը, ինչպես նաեւ Վիվալդի, Մոցարտ, Բախ»,- հայտնեց Ռ. Ասատրյանը: Հարցին՝ լինելով հարուստ երկիր եւ ունենալով իշխանությունների աջակցությունը, ինչո՞ւ մինչ օրս ԱՄԷ-ում չի հիմնվում սիմֆոնիկ նվագախումբ, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ առաջիկայում կհիմնադրվի: Հետո էլ ավելացրին, որ թեեւ տեղի հայկական համայնքը մեծ չէ, բայց իշխանությունները հատկապես մշակութային հարցերով հաշվի են նստում Հայկական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչներ Վաչե Քասմաջյանի, Գրիգոր Ջերեջյանի, Պերճ Աբրահամյանի եւ Անդրանիկ Դաղլյանի հետ: Իսկ հնարավո՞ր է, որ նորաստեղծ կոլեկտիվը ղեկավարելու համար հրավիրվի հենց դիրիժոր Ռ. Ասատրյանը: Հարցին դիրիժորը ժպիտով պատասխանեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել