Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնի վաճառքի գործը դատարանում է

Մայիս 17,2007 00:00

Շոշափվում է ԱԺ պատգամավորի անուն էլ

Անցյալ տարվա դեկտեմբերին «Առավոտը» տեղեկացրեց, որ իր նորածնին վաճառած մոր՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գյուլնարա Մանվելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իսկ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Մեր տեղեկություններով, գնորդը Մասիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանն էր, որին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը մեղադրանք էր առաջադրել «պաշտոնատար անձի կողմից շահադիտական կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ երեխայի առքուվաճառքի» հոդվածի հատկանիշներով: Դատարանը նրա նկատմամբ կալանք չկիրառեց, թեեւ կար նախաքննության մարմնի միջնորդությունը:

«Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, փաստաթղթերի կեղծմամբ երեխայի առքուվաճառքի մեջ մեղադրվող բժշկի համար երաշխավորել էին ԱԺ պատգամավորներից մեկը եւ Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը: Քրգործ էր հարուցվել նաեւ միջնորդ (բժշկի ծանոթի) Եկատերինա Առուստամյանի եւ օժանդակողի՝ Անահիտ Պետրոսյանի (նրա աղջկա անունով էր երեխան ձեւակերպվել) նկատմամբ: Գյուլնարա Մանվելյանը խոստովանել էր, որ սոցիալական կարիքից դրդված է գնացել այդ քայլին:

«Չորսի գործը» մի քանի օր առաջ ուղարկվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, նորածնին 1500 դոլարով գնելուց հետո բժիշկ Մհեր Ենգիբարյանը նրան տեղավորել է իր հիմնադրած, Մասիս քաղաքում գործող «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատանը: Բժիշկն անձամբ է ընդունել ծնունդը՝ վիրահատական եղանակով, 2006 թվականի դեկտեմբերի 4-ին, ապա փաստաթղթերի կեղծմամբ երեխան ձեւակերպվել է մեկ այլ կնոջ անունով եւ այդ կեղծ փաստաթղթերը ներկայացրել Մասիսի քաղաքացիական կացության գրանցման ակտերի բաժանմունք՝ երեխայի ծնունդը գրանցելու նպատակով:

Ըստ նախաքննության մարմնի, «կեսարյան հատման» եղանակով Գյուլնարային «ծննդաբերության ենթարկելուց հետո», Ենգիբարյանը միջնորդին՝ Ե. Առուստամյանին վճարել է 2000 դոլարը, 1500-ը՝ մորը տալու, իսկ 500-ը նրան՝ օժանդակելու, այլ ծառայությունների համար: Գործի նյութերով պարզվում է, որ Ե. Առուստամյանը նորածնին վաճառած մորը՝ Գյուլնարային սկզբում վճարել է 700 դոլար, ապա պարտավորվել մնացած գումարը հետո վճարել: Ծննդատնից դուրս գրվելուց հետո Գյուլնարային վճարվում է եւս 800 դոլար:

Բժիշկ Մհեր Ենգիբարյանի հանձնարարությամբ կեղծ տեղեկանքը («Ծննդյան մասին» թիվ 1263 բժշկական տեղեկանքը) տրվում է Հայկանուշ Պետրոսյանի անվամբ, ապա այն ներկայացվում է Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, որտեղ գրանցում են երեխայի ծնունդը: Երեխային անգամ անվանակոչում են՝ Արտակ Պետրոսյան: Ապա բժիշկ Ենգիբարյանի մոտ՝ «Էլեն» բարեգործական մանկատուն է գալիս միանգամյա օգտագործման ծնող Հ. Պետրոսյանը, որը, ըստ նախնական համաձայնության, հրաժարվում է Արտակից, ապա դիմում են գրում, որպեսզի նորածնին ընդունեն նշված մանկատունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել