Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՐԱՇԱԼԻ ՉԷ, ՀԻԱՍՔԱՆՉ ՄԱՐՔԻԶՈՒՀԻ

Մայիս 17,2007 00:00

\"\"Եվրոպացի դիտորդները միայն ասուլիսում էին բացառապես դրական գնահատում մայիսի 12-ի ընտրությունները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդների խմբերի համատեղ կազմած «Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ» հայտարարությունը 15 էջ է, եւ այստեղ բազմաթիվ են քննադատական դիտողությունները:

Նախ, գլխավոր եզրակացությունն է, թե Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարները քայլեր ձեռնարկել են նախկինում եղած թերություններն ուղղելու նպատակով, «սակայն ի վիճակի չեղան լիարժեք կերպով հետեւողական լինել իրենց կողմից հայտնած մտադրությանը. այն է՝ անցկացնել ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան»:

Դիտորդների մտահոգությունն են հարուցել մասնավորապես ընտրությունները կանոնակարգող իրավական դաշտում պահպանվող բացերը, որոնք վերաբերում են վաղաժամ՝ նախքան քարոզարշավի համար նախատեսված ժամանակաշրջանը իրականացվող քարոզչությանը, ընդհանրապես՝ քարոզչության սահմանմանը եւ այլն:

«Բոլոր մակարդակներում քաղաքական եւ գործարար շահերի միահյուսումը մտահոգիչ է, հատկապես քարոզչական միջոցների թափանցիկությանը եւ հայտարարագրմանը վերաբերող համեմատաբար թույլ դրույթների եւ իրագործման համատեքստում»,- նշված է հայտարարության մեջ: Եվ մանրամասնած է, թե ըստ Սահմանադրության՝ կուսակցության եւ քարոզչությանն ուղղված միջոցները պետք է բաց լինեն, սակայն նկատվել են թերություններ հայտարարագրման, հաշվետվության եւ ընդհանուր վերահսկողության մեջ. «Վաղաժամ եւ անուղղակի քարոզչությունն արգելող հստակ դրույթների բացակայությունը, նաեւ կուսակցությունների ու քարոզչությանն ուղղված միջոցների վերաբերյալ կանոնակարգման իրագործման հարցում թերությունների առկայությունը հնարավորություն են ստեղծում, որ ընտրություններում մրցակիցները գերազանցեն քարոզչական միջոցների սահմանափակումները»: Այսինքն, սա ուղղակի ակնարկ է, որ առանձին կուսակցություններ ծախսել են ավելի շատ միջոցներ, քան նախատեսված էր «Ընտրական օրենսգրքով»՝ 60 մլն դրամ: Դիտորդները նաեւ ուսումնասիրել են կուսակցությունների 2006-ի ֆինանսական հաշվետվությունները. «Դրանք մանրամասն չէին եւ չէին կարող բավարար հիմք ծառայել քարոզչությանն ուղղված միջոցների վերահսկման համար: Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնել է, որ 2006-ին եկամուտ, ծախսեր կամ գույք բացարձակապես չի ունեցել»:

Դիտորդները նաեւ արձանագրել են, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակներում գերակշռում էին ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ նախագահի կողմից նշանակված անձինք, ինչը «հարցականի տակ է դնում հավասարակշիռ կազմ ունենալու սկզբունքը, ինչպես նախատեսված է «Ընտրական օրենսգրքի» դրույթներով»: Արձանագրված է նաեւ հետեւյալ փաստը. «Թիվ 17 ԸԸՀ-ի (Արտաշատ) եւ թիվ 19 ԸԸՀ-ի (Եղեգնաձոր) աշխատանքի վրա ազդեցություն է գործադրվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ դրանով իսկ խախտելով «Ընտրական օրենսգրքով» սահմանված անկախության մասին դրույթները»:

Հայտարարության մի ենթաբաժին վերաբերում է քարոզարշավի մթնոլորտին, եւ մասնավորապես ասված է, թե ընտրակեղծիքների նախապատրաստական աշխատանքների մասին լայնորեն շրջանառվող մեկնաբանությունները «կարող էին վկայել ընտրազանգվածի մոտ անվստահության եւ ցինիզմի առկայության մասին»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը նաեւ հայտարարություններ է լսել, թե «որոշ ընտրողներ ճնշման տակ պետք է քվեարկեն որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների օգտին՝ վախենալով հետեւանքներից, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքից հեռացումը: Սյունիքի մարզից մի թեկնածու (եւ գործող պատգամավոր) հաստատել է, որ իր սեփականությունը հանդիսացող խոշոր ձեռնարկության աշխատողները պարտավոր են քվեարկել իր օգտին, սակայն նրա բնորոշմամբ՝ դա համահունչ է գլոբալ կորպորատիվ կառավարման ժամանակակից ոճին»: Ենթադրում ենք, որ խոսքը ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանի մասին է, որը 2003-2004-ին «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրենն էր:

Քվեարկության օրը դիտորդներն արձանագրել են ոչ լիազորված անձանց ներկայություն տեղամասերում (17 տոկոս), մարդկանց կուտակումներ (14 տոկոս) եւ խնդիրներ կապված գաղտնի քվեարկության հետ (17 տոկոս): «Թիվ 23 ԸԸՀ-ում (Սեւան) եւ թիվ 31 ԸԸՀ-ում (Վանաձոր-Ալավերդի) դիտարկվել են մեկ անգամից ավելի քվեարկության դեպքեր: Թիվ 39 ԸԸՀ-ի (Վայոց ձոր) մի տեղամասում դիտարկվել է ՏԸՀ-ի կողմից նույն գործողությունը թաքցնելու փորձ»,- այս փաստերին հավելենք, որ դիտորդները բացահայտել են արդյունքների միտումնավոր կեղծման փաստեր 4 տեղամասերում եւ նման փորձեր՝ 2 տեղամասերում: Դիտարկել են լարվածության որոշ դեպքեր՝ պայմանավորված վստահված անձանց վարքով, նկատի ունեն մասնավորապես «թիվ 29 ԸԸՀ-ի մի տեղամասում տեղի ունեցած քաոսային իրավիճակը, երբ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները սպառնացին ՏԸՀ-ին եւ գողացան ՏԸՀ-ի կնիքի համար օգտագործվող թանաքամանը՝ դրանով իսկ պատճառ հանդիսանալով քվեարկության ժամանակավոր դադարեցման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել