Լրահոս
Օրվա լրահոսը

Խմելու ջուրը թանկացրին

Մայիս 17,2007 00:00

Հանձնաժողովն ու Սերժ Պոպոֆֆը 9-ի փոխարեն 3 դրամով բարիշեցին

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ մայրաքաղաքի խմելու ջրի սակագինը պետք է 2009-ի հուլիսի 1-ից 3 դրամով բարձրանա: Իսկ մինչ այդ ջրի թանկացում չի լինելու: Ներկայումս 1 խմ ջրի սակագինը կազմում է 172.8 դրամ: Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունն առաջարկում էր ջուրը թանկացնել 9 դրամով եւ դարձնել 181.9 դրամ: Սակայն հանձնաժողովը որոշեց «Երեւան ջուր» ընկերության հայտը բավարարել մասամբ:

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ ֆրանսիական «Ժեներալ դեզո» ընկերության միջեւ կնքված եռակողմ պայմանագրի համաձայն, ջրի սակագինը 2009-ից պետք է իջներ մինչեւ 129 դրամ՝ 1 խմ-ի դիմաց, սակայն հանձնաժողովի երեկվա որոշմամբ՝ իջնելու է մինչեւ 132.6 դրամ, այսինքն՝ 3 դրամով թանկ:

Նիստի ժամանակ «Երեւան ջրի» գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը փորձում էր ապացուցել, որ ջրի սպառումը մայրաքաղաքում ավելի քիչ է կազմել, քան իրենք կանխատեսում էին, հետեւաբար՝ այն ավելի քիչ է ծախսվել ու ընկերության շահույթն էլ սպասվածից պակաս է եղել: Մինչդեռ, ըստ «Հասարակական պաշտպանների միություն» հ/կ-ի, «Ջրի սպառման ծավալները չեն փոխվել եւ ընկերության համար էլ անկանխատեսելի չէին: Սպառվել է այնքան, որքան ամեն տարի»:

Ըստ «Երեւան ջրի» ներկայացրած տվյալների, 2006-ին մայրաքաղաքում սպառվել է 55 մլն խմ ջուր, բայց իրենք կանխատեսել էին 65 մլն խմ: Սակայն հանձնաժողովի կատարած մոնիթորինգի համաձայն, 2006-ին ընկերությունը մատակարարել է 59,3 մլն խմ, այսինքն՝ մոտ 60 մլն խմ ջուր: Դրա համար էլ ջրի սակագինը հանձնաժողովը չբարձրացրեց այնքան, որքան առաջարկում էր «Երեւան ջուրը»: Սերժ Պոպոֆֆը հանձնաժողովի եւ իրենց ընկերության տվյալների տարբերությունն այսպես պատճառաբանեց. «Անցյալ տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա ապրիլը մեր ջրաչափման սարքը չի հաշվել, դրա համար էլ թվերը չեն բռնում»: Բայցեւայնպես, ընկերության տնօրենը գտնում է, որ եթե այդ սարքն էլ աշխատեր՝ միեւնույն է, ջուր քիչ է սպառվել:

Սերժ Պոպոֆֆը նաեւ նշեց, որ իրենք մտադիր են 80% ջրի կորուստները հասցնել գոնե 50%-ի, որպեսզի խոստացած 95% շուրջօրյա ջրամատակարարումն ապահովեն: Սակայն նիստին ներկա «Հասարակական պաշտպանների միություն» հ/կ-ի նախագահ Արամ Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ ջրի կորուստները որեւէ ձեւով չպետք է ազդեն ջրի սակագնի վրա. «Սակագինը հաշվարկված է այնպես, որ օգտագործվող ջրի քանակը ծածկում է ընկերության բոլոր ծախսերը, բացի այդ՝ ապահովում է նաեւ շահույթով»:

Չնայած Ս. Պոպոֆֆի առաջարկը մասամբ բավարարվեց, նա շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին: Իսկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Պոպոֆֆին նախազգուշացրեց, որ իրենց հետ դժվար է լինելու եւ «Երեւան ջրի» նկատմամբ մեծահոգություն չեն ցուցաբերելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել