Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում քվեարկության արդյունքները սրբագրվում են

Մայիս 17,2007 00:00

«Դզել-փչելու» գործընթացը սկսվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առանձին անդամներ երեկ սկսել էին, ինչպես ԿԸՀ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանն ասաց՝ «ծեփագործությամբ» զբաղվել: Այստեղ առավոտից թվաբանական ուղղում-սրբագրում-լրացումներ էին արվում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրություններում հենց ԸԸՀ-ների ղեկավարության միջոցով: Ֆ. Խաչատրյանի պնդմամբ, ԸԸՀ-ի արձանագրություններում այլ ձեռագրով բազմաթիվ ուղղումներ են կատարվել, մասնավորապես՝ թիվ 16 ընտրատարածքի ընտրատեղամասային հանձնաժողովի արձանագրություններում: ԿԸՀ ներկայացուցչի ասելով, դա գործող «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտում է. «Եթե տեղամասային հանձնաժողովների արձանագրություններում նույնիսկ սխալներ կան, մեկ է՝ դրանք պետք է մնան, եւ որեւէ մեկն իրավունք չունի դրանցում որեւէ փոփոխություն կատարել: Արվող, իբր, ուղղումներն ապօրինություն են»: Ֆ. Խաչատրյանն, իր ասելով, փորձել է միջամտել եւ թույլ չտալ ուղղումներ անել, բայց ԿԸՀ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական եւ հանձնաժողովում հատկապես իր ցինիկ վերաբերմունքով աչքի ընկնող Աբրամ Բախչագուլյանը «Արդարության» ներկայացուցչին թույլ չի տվել միջամտել:

Ֆ. Խաչատրյանը հիշեցրեց, որ մայիսի 12-ին, երբ ԸԸՀ-ների նախագահներն ու քարտուղարները ցուցակները բերել են ԿԸՀ, հենց նույն օրը թվաբանական անճշտությունների հայտնաբերման դեպքում տեղում հենց նրանք էին պարտավոր իրենց ձեռքով ուղղել դրանք եւ ստորագրությամբ վավերացնել:

Երեկ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ԿԸՀ-ից պարզաբանել էին, թե Ֆ. Խաչատրյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, եւ հավելել էին, որ ԿԸՀ-ն ուղղակի եւս մեկ անգամ վերահաշվարկում է ԸԸՀ-ների տրամադրած արձանագրություններում «կողմ» քվեարկած քվեարթեթիկների թիվը՝ հետագա անճշտություններից խուսափելու համար: Սա այն դեպքում, երբ ԿԸՀ-ն օրինականության շրջանակներում նման բան անելու իրավունք չունի, առավել եւս՝ առանց ԿԸՀ 9 անդամների ներկայության: «ԿԸՀ-ն մի անձի հանձնաժողով չի, դա կոլեգիալ մարմին է, բայց բոլոր դեպքերում՝ անգամ այն պարզաբանումը, որը տվել են ԿԸՀ-ից, նախ՝ սուտ է եւ օրենքի խախտում է: Այնտեղ «կողմ» ձայներ չեն հաշվում, այլ «ուղղումներ» են արվում, մի բան, որը օրենքով վերապահված է միայն տեղամասային հանձնաժողովներին: Բացի նրանց ղեկավարներից, ուրիշ ոչ ոք, այդ թվում՝ ՀՀ նախագահը, իրավունք չունի միջամտելու եւ ուղղելու կազմված եւ ներկայացված արձանագրություններում. թող ԸՕ 63 հոդվածի 1-ին մասը կարդան»,- հայտարարեց Ֆ. Խաչատրյանը: Նա ԿԸՀ-ի կողմից կատարված հերթական ապօրինության իր բացատրությունն ուներ: Ըստ այդմ, «ԿԸՀ-ում իրականում խառնված են իրար, որովհետեւ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ տեղամասերի մի փոքր հատվածում անգամ արդյունքների վերահաշվարկ է կատարվել՝ խայտառակ վիճակ է ստեղծվել: Տեղամասերի մի մասի, մասնավորապես՝’ Արագածոտնի թիվ 14-ում բացված տեղամասերի քվեարկության պարկերում պարզվել է, որ ընտրացուցակներ չկան: Այստեղ քվեարկության արդյունքները վերահաշվարկելու պահանջով դիմել էին ՕԵԿ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչները: Երբ այդ փաստը ակնհայտ է դարձել, թիվ 14 ԸԸՀ նախագահը հրաժարվել է փաստն արձանագրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել