Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կդիմի ՍԴ

Մայիս 17,2007 00:00

Ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսում ներկայացրեց զանգվածաբար ընտրակաշառք բաժանելու փաստերի մասին ԿԸՀ-ում իրենց ներկայացուցիչ Արտաշես Ավոյանի դիմումին ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի պաշտոնական պատասխանը, թե ստուգումների արդյունքում արձանագրել են՝ «Հայաստանում որեւէ դեպք չկա, որ գումար է բաժանվել որպես ընտրակաշառք»: Այս պատասխանը տրվել է մայիսի 12-ին՝ նույն օրը, երբ, ասենք, «Ազատությունը» ռեպորտաժներ էր հաղորդում Վանաձորից եւ Գյումրիից, որտեղ մարդիկ ձայնագրիչի առջեւ էին կռիվ տալիս ընտրակաշառքի համար: Այս հաղորդումները երեկ հիշատակեց Արթուր Բաղդասարյանը եւ հավելեց, թե իրենք էլ ունեն ընտրակաշառքի դեպքերի տեսանկարահանումներ, որոնք ներկայացնելու են դատարանին:

ՕԵԿ նախագահը հաստատեց, որ ընտրությունների օրը նոր անձնագրերով են բազմիցս քվեարկել հիմնականում տարեց մարդիկ ու թաղի տղերքը. «Դա արձանագրել են մեր հանձնաժողովի անդամները, որ մարդը 2005-ի անձնագրով մտել է, բայց այդ անձնագիրը որեւիցե անգամ բացված չի եղել»:

Թույլ տրված կեղծիքներից պրն Բաղդասարյանն առանձնացրեց հետեւյալ փաստը՝ ԿԸՀ-ում ձայների հաշվարկի վերաբերյալ տվյալների հրապարակումը մայիսի 13-ի «լուսադեմին 1 ժամի չափով դադար է տրվել, ինչը մեզ համար անհասկանալի է, քանի որ տեղամասերից անընդհատ արդյունքներ էին գալիս ԿԸՀ»: Մեկ այլ փաստ. «Շուրջ 400 տեղամասերում, այսինքն՝ երկրի շուրջ 25 տոկոսում, ՕԵԿ-ը ստացել է գրեթե 0 ձայն, ինչն անհնարին է»: Մի ընտրատարածքում, որտեղ 0 ձայն էին գրել՝ վերահաշվարկից հետո պարզվել է, որ իրականում ստացել են 123 ձայն։ Մի շարք ընտրատարածքներում վերահաշվարկի իրենց դիմումներն, ըստ Արթուր Բաղդասարյանի՝ մերժել են ոչ հիմնավոր պատճառաբանություններով, եւ այժմ այդ մերժումները բողոքարկելու են դատական կարգով: «Մի շարք ընտրատարածքներում փոխանակ ՏԸՀ-ներում կազմվեին արձանագրությունները՝ դրանք կազմվել են ԸԸՀ-ներում: Այդպես է եղել, ասենք, Արմավիրի մարզում, Լոռու մարզի որոշ տեղամասերում, թիվ 17 ընտրատարածքում, որտեղ հանձնաժողովի անդամներին ուղղակի ահաբեկել են՝ գյուղի մարդ լինելով, նա ուղղակի թողել-գնացել, չի ստորագրել արձանագրությունը: Նրան ասել են՝ թող գնա ստեղից»:

«Լույսերի անջատման եւ լցոնումների դեպքեր են արձանագրվել թիվ 11 ընտրատարածքում, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Հեղինե Բիշարյանը: Տեւական ժամանակ ողջ ընտրատարածքի հոսանքը գնաց, երբ 1 րոպեն բավական է, որ լցոնումը տեղի ունենա»,- ասաց ՕԵԿ նախագահը՝ հավելելով, թե ներկայացված բողոքները չգրանցելու բազմաթիվ դեպքեր էլ են արձանագրել: «Մեր շատ կուսակցականներ գնացել են քվեարկության՝ տեսել են, իրենց տեղն արդեն քվեարկած է»,- Արթուր Բաղդասարյանը խոստացավ այս փաստերն էլ ներկայացնել դատարանին:

Դիմեց բոլոր կուսակցություններին, որ իրենց ունեցած նման փաստերը տրամադրեն ՕԵԿ-ին՝ խոստանալով, թե նրանց շահերը եւս կներկայացնեն այնտեղ: Հայտնեց, որ ՕԵԿ-ի ներկայացուցիչը նույն կոչով հանդես է գալու «Իմպիչմենտի», «Հանրապետության» եւ «Նոր ժամանակներ»-ի՝ մայիսի 18-ի հանրահավաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել